Անանիա Շիրակացու ճեմարանը աշխարհի 56 դպրոցների թվում կմասնակցի Մայքրոսոֆթի ՙՆորարար դպրոցներ՚ միջազգային ծրագրին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2010 16:18

Անանիա Շիրակացու անվան ճեմարանը աշխարհի 48 երկրների 56 դպրոցներից մեկն է, որ կմասնակցի Մայքրոսոֆթի ՙԳործընկերներ ուսման ոլորտում՚ ծրագրի շրջանակներում իրականացվող ՙՆորարար դպրոցներ՚ միջազգային ծրագրին: Ճեմարանից ստացված հաղորդագրության համաձայն, այս ծրագրին մասնակցելու համար  դիմել էին աշխարհի ավելի քան 114 դպրոցներ ՙև վերջապես բարդ ընտրության և բարձր մրցակցության արդյունքում ճեմարանը դարձավ այն ամենաառաջավոր դպրոցներից մեկը, որոնք կմասնակցեն ՙՆորարար դպրոցներ՚ ծրագրին՚:

Այդ կապակցությամբ ճեմարանը ՙՄայքրոսոֆթ՚ կազմակերպության  հայաստանյան գրասենյակից  ստացել է շնորհավորական ուղերձ, որում,  մասնավորապես, ասված է. ՙԵվս մեկ անգամ հպարտությամբ շնորհավորում ենք Անանիա Շիրակացի ճեմարանին միջազգային հաջողության համար և ծրագրի ողջ ընթացքում պատրաստակամ ենք աջակցել ցանկացած հարցում` Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու, ծրագիրը հաջողությամբ ճեմարանում իրականացնելու, Ձեր փորձը այլ դպրոցներին ներկայացնելու և միջազգային հանրությանը տարաբնույթ ծրագրերով ներկայանալու՚:

Ինչպես տեղեկացնում են ճեմարանից, Ծրագրում ընդգրկված դպրոցներն ընտրվում են իրենց ամբողջ ներուժով ստեղծելու ճկուն, փոխանցելի և վստահելի մոդելներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ և փոխանցել իրենց փորձն ու ստեղծված մոդելները այլ դպրոցների ` թե՛ իրենց երկրներում, թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում:

ՙԱնանիա Շիրակացու անվան ճեմարանի ողջ անձնակազմը հպարտութամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց այս շնորհավորանքը` ձգտելով  նորանոր նվաճումների, որոնք հնարավոր են   մեծ աշխատասիրության, համախմբվածության և ուսումնական բարձր որակի ապահովման շնորհիվ՚,- ասված է ճեմարանից ստացված հաղորդագրության մեջ:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply