Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է. մեր երիտասարդներն այնքան էլ ակտիվ չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2010 14:53

Երիտասարդական մի քանի կազմակերպությունների երիտասարդ ղեկավարները լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեցին, որ երիտասարդների ակտիվությունը` ներքաղաքական-հասարակական կյանքի խնդրիներին մասնակից դառնալու առումով, աստիճանաբար նվազում է:

«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանը նշեց, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել` երիտասարդությանն ակտիվացնելու ուղղությամբ`կարևորելով երկու խնդիր. երիտասարդության մեջ քաղաքացիական գիտակցության սերմանումն ու պետական մտածողության դաստիարակումը, ինչը, ցավոք, այսօր ծառացած է` որպես խնդիր:

Նա միաժամանակ համոզված է, որ ազգային այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են Ցեղասպանությունն ու Ղարաբաղյան հարցը, հայ երիտասարդները համախմբված են:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանն էլ կարևորեց երիտասարդների սոցիալական խնդիրների լուծումը.

«Եթե երիտասարդը չի կարողանում աշխատանք գտնել և հետագայում նաև իր ընտանիքը պահել, հետևաբար նրան քիչ կհուզեն ազգային հարցերը»,-նշեց նա:

Միքայել Խոսրովյանը շեշտեց նաև կրթության որակի խնդիրները` հարցականի տակ դնելով այսօրվա կրթական մակարդակով միջազգային քարոզչության գործում լավագույնս գործելու հնարավորությունները:

Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների նորաստեղծ խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանն էլ այդ խնդիրներին հավելեց երիտասարդ գիտնականներին հուզող խնդիրները` ցածր աշխատավարձերը, արտագաղթը և այլն:

Նա նաև հայտնեց, որ շուտով մեկնարկելու է «Մատչելի բնակարաններ երիտասարդ գիտնականներին» ծրագիրը. անցկացվելու է մրցույթ` ըստ նախապես ընտրված չափորոշիչների, որի արդյունքում էլ ընտրվելու են 216 բնակարանների գիտնական տերերը:

«Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն էլ շեշտեց, որ այսօր լրջագույն խնդիր է նաև այն մոտիվացիան, որը երիտասարդին դրդում է  մասնակցել հասարակական-քաղաքական միջոցառումներին և խնդիրների բարձացմանը:

Բանախոսները համոզված են` երիտասարդության կողմնորոշումներից, ակտիվությունից և քաղաքական կամքից շատ բան է կախված` երկրի հզորացման գործում:

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply