Milliyet. Ուրանի սեւ բորսան Թուրքիայու՞մ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 10, 2010 14:04Հարստացված ուրանի մաքսանենգության համար Վրաստանում ձերբակալված երկու հայերը բազմաթիվ անգամ Թուրքիա են այցելել, քանի որ խոսակցություններ կան, թե ուրանի սեւ բորսան Թուրքիայում է։ Այս մասին, թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի միջուկային զենքի տարածման դեմ պայքարի բաժնի պետ Արշիլ Պավենիշվիլին։
Թուրքական Sabah-ը եւս վկայակոչելով Պավենիշվիլիին՝ նշել է, թե հայ մաքսանենգները ցանկացել են ուրանը տեղափոխել Թուրքիա՝ վաճառելու նպատակով։
Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել են մարտ ամսին վաճառել բարձր հարստացված ուրանը մարդկանց, որոնց ահաբեկիչներ են համարել: Հանցագործության փաստը հայտնի է դարձել միայն նոյեմբերի 8-ին:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլին հայտարարել էր, թե վրացական հատուկ ծառայությունները բացահայտել են եւ խափանել գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը: Պարզվել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ գործարար Սմբատ Տոնոյանն ու ֆիզիկոս Հրանտ Օհանյանը մեղսակից են մաքսանենգությանը: Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել:Ննրանք մաքսանենգ ճանապարհով 18 գրամ բարձր հարստացված ուրան են տեղափոխել Երեւանից Թբիլիսի` սիգարետի տուփի մեջ: Մաքսանենգները մտածել են, որ գործ ունեն իսլամական ծայրահեղականների հետ, սակայն դրանք իրականում եղել են վրացական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Առգրավված ուրանը հարստացված է եղել մինչեւ 89,4 տոկոս եւ, հետեւաբար, կարող էր օգտագործվել ատոմային մարտագլխիկի մեջ։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
