Մոսկվայի քաղաքապետի որոշումը գործազուրկ է դարձրել մի քանի հազար հայերի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2010 13:17

Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ինչպես հայտնի է, հրահանգել է կազմաքանդել մոսկովյան փողոցների երկայնքով եւ մետրոյի կայարանների մերձակայքում տեղակայված առեւտրի եւ սննդի փոքր կետերը։ Ըստ ռուսական «ՌԻԱ-Նովոստի» պարբերականի՝ խոսք է գնում մոտ 10 հազար օբյեկտների մասին, որոնցից յուրաքանչյուրում աշխատում է միջինը 2-4 մարդ։ Փաստորեն՝ մի քանի տասնյակ հազար մարդ ժամանակավորապես, իսկ հնարավոր է՝ ընդմիշտ, կդառնան գործազուրկներ:

Գաղտնիք չէ, որ այդ առեւտրի կետերում զգալի թիվ են կազմում մեր հայրենակիցները։ Ըստ նախնական տվյալների՝ արդեն իսկ հազարից ավելի հայեր զրկվել են իրենց աշխատատեղերից ու բիզնեսից։ Սակայն այն հայտարարությունները, որ Սոբյանինի քայլերն ուղղված են Մոսկվայի «եկվորների» դեմ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:

Օրինակ՝ փակվել են արագ սննդի շատ հայտնի «Կրոշկա-Կարտոշկա»-ի 70 կրպակներ։ Նույն բախտին են արժանացել նաեւ մեկ այլ հայտնի՝ «Սթարդորս» ցանցի 60 կրպակներ։ Հատկանշական է, որ արագ սննդի այս ցանցերն աշխատում են ֆրանչայզինգով եւ իրենց կրպակները բացել են միանգամայն օրինական հիմունքներով։

Առեւտրային կետերի կազմաքանդումը Մոսկվայում սկսվեց այն բանից հետո, երբ քաղաքապետ Ս. Սոբյանինը խորհրդակցության նպատակով այցելեց մետրոյի «1905 թ. փողոց» կայարան։ Քաղաքապետին զայրացրել էր, որ մետրոյի կայարանի մոտակայքում չափից ավելի փոքր կրպակներ կան, որոնք խանգարում են անցորդների եւ տրանսպորտի երթեւեկությանը, իսկ 1905 թ. ապստամբության հերոսների արձանը տաղավարների պատճառով նույնիսկ տեսանելի չէ։

NEWS.am

Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply