ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Վրաստանում կհանդիպի իշխանության և ընդդիմության հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2009 16:16

jozef-baydan2webՎաղը երեկոյան մեկօրյա այցով Թբիլիսի է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան ասել է, որ այցի ընթացքում Բայդենին ուղեկցելու է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ վարչակազմի անդամներ, անվտանգության և առևտրի ոլորտների ներկայացուցիչներ:

Այցի շրջանակներում փոխնախագահը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, ճառով հանդես կգա խորհրդարանում:

«Վրացական կողմը պատրաստել է հարցերի փաթեթ, որոնք քննարկվելու են Բայդենի այցի ընթացքում: Մասնավորապես, դրանք վերաբերում են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Ռազմավարական գործընկերության խարտիային», ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է Ջալագանիան:

Վրաստանի փոխարտգործնախարարը նշել է նաև, որ փոխնախագահ Բայդենի այցը ԱՄՆ վարչակազմի կողմից աջակցության դրսևորում է Վրաստանի նկատմամբ:

Այցի ընթացքում Բայդենը հանդիպումներ կունենա նաև արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նրանք հատուկ ուղերձ են փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին: Հինգշաբթի` ժամը 19:00-ին, ընդդիմությունը ծրագրում է անցկացնել բազմամարդ հանրահավաք` նվիրված Բայդենի այցին:

Իսկ «Ժողովրդավարական շարժում- միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Բայդենի այցի կապակցությամբ ընդհատել է իր այցը Միացյալ Նահանգներ և վերադառնում է Թբիլիսի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ այցի ընթացքում Բուրջանաձեն ԱՄՆ քաղաքական գործիչներին ծանոթացրել է Վրաստանի ռեալ քաղաքական իրադրությանը և երկրում ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշմանը:

Նա հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի հետ, որն իր հերթին հանդիպել է փոխնախագահ Բայդենին և նրան ծանոթացրել ստացված տեղեկատվությանը:

Բուրջանաձեն նաև հանդիպում է ունեցել կոնգրեսական Դևիդ Փրայսի հետ, ով ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանում խորհրդարանը չկարողացավ դառնալ ուժեղ ինստիտուտ:

Նինո Բուրջանաձեն հանդիպում է ունեցել նաև Հելսինկյան հանձնաժողովի համանախագահների` հանրապետական Քրիստոֆեր Սմիթի և ԵԱՀԿ նախկին նախագահ դեմոկրատ կոնգրեսական Ալիսոն Շվարցի հետ: Հանձնաժողովի երկու համանախագահներն էլ խիստ անհանգստություն են հայտնել Վրաստանում ստեղծված իրադրության կապակցությամբ և խնդրել լրացուցիչ նյութեր տրամադրել քաղաքական դրդապատճառներով կատարված ձերբակալությունների, խախտումների, հարձակումների և հեռախոսների անօրինական գաղտնալսման համար:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply