Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի վերանորոգման մրցույթում հաղթող չի եղել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2010 11:41

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում  այսօր  ամփոփվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:

Մրցույթին փաստաթղթեր ներկայացրած 3 կազմակերպությունները վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար առաջարկել էին հետեւյալ գները.  ավստրիական “STRABAG International” ընկերությունը` 51,141 մլն ԱՄՆ դոլար, Ամերիկյան` “Fele Technologies” ընկերությունը` 18,944 մլն ԱՄՆ դոլար եւ իսպանական “MJGRUAS”-ը` 22,618 դոլար:

Նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ աշխատանքային խումբը իրականացրել է հայտերի գնահատում, որին մասնակցել են Ասիական զարգացման բանկի գնահատման փորձագետ: Գնահատումը ներառել է հայտերի լիարժեքության ստոգում, հայտերի` առաջադրված պայմաններին եւ ժամկետներին լիովին համապատասխանության գնահատում, թվաբանական սխալների ուղղումներ, հայտատուների իրավասության, փորձի եւ ֆինանսական կարգավիճակի գնահատում:

Հայտերի գնահատումից հետո հանձնաժողովը կայացրել է հետեւյալ որոշումները.  “STRABAG International” հայտատուն համապատասխանում է  բոլոր առաջադրված պայամններին, ունի փորձին վերաբերող որակավորում եւ ֆինանսական ռեսուրսներ` առաջարկվող պայմանագիրն իրականացնելու համար, սակայն հայտատուի առաջարկած գինը մոտ երկու անգամ գերազանցում է նախահաշվային գինը:

Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը` գնի անընդունելի բարձր լինելու պատճառով:
“Fele Technologies” հայտատուն ներկայացրել է նվազագույն գինը, սակայն չի նշել հայտի գինը հայտի նամակում: Հայտերի բացման ընթացքում գինն ընթերցվել է ծալաթերթիկից: Հայտատուն չի ներկայացրել պահանջվող փորձի վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ, շինարարական աշխատանքների իրականացման համար առաջարկել է 22 ամիս` նախատեսված 17,5 ամիսների դիմաց: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը պահանջվող փորձի ապացույցների բացակայության, շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի խախտման եւ հայտի նամակում հայտի գնի բացակայության պատճառով:

“MJGRUAS” հայտատուի մոտ չի բավարարում մրցութային փաստաթղթերով պահանջվող ասֆալտի վերամշակման, հողային աշխատանքների, ցեմենտ-բետոնե ծածկով ճանապարհների իրականացման մասով փորձը: Հանձնաժողովոը որոշել է մերժել հայտը` պահանջվող փորձի բացակայության պատճառով:

Ելնելով վերը նշվածից, Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ,  հանձնաժողովը որոշել է հայտատուներից ոչ մեկին հաղթող չճանաճել:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply