Չնայած Կոնգրեսում տեղի ունեցած էական տեղաշարժերին, հայերը հասան որոշ հաջողության, իսկ թուրքերը` ոչ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | November 10, 2010 11:24
Նոյեմբերի 2-ի ընտրությունները մի հանրաքվե էին նախագահ Օբամայի վերաբերյալ: Ամերիկացիների մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել` Հայոց ցեղասպանության մասին իր խոստման դրժմամբ:
Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարելի իրենց աջակիցներին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողական կլինի Թուրքիայի հանդեպ` Իրանի հետ նրա սիրաբանությունների և Իսրայելի հետ գզվռտոցների պատճառով:
Իրոք, ամերիկահայ ընտրողները մեծ դեր խաղացին մի շարք առանցքային մրցարշավներում: Ներկայացուցիչների պալատի 152 անդամների (զույգ կուսակցություններից) ավելի քան 95 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, վերընտրվեց, այդ թվում Կոնգրեսի երկու ամերիկահայ անդամներ` Կալիֆորնիայից դեմոկրատներ Աննա Էշուն և Ջեկի Սփիերը: Ընդ որում, Հայոց ցեղասպանության բանաձևի մի քանի հիմնական ընդդիմադիրներ պարտվեցին, որոնց թվում էր դեմոկրատ կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը` Թուրքիայի աննկուն ջատագովը: Նա պարտվեց հանրապետական Մայքլ Գրիմին` Նյու Յորքի հայկական և հունական համայնքների համատեղ ջանքերի շնորհիվ:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող` Սենատի վեց թեկնածուներից հինգը հաղթեցին, որոնց թվում էին դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Չակ Շումերը և Բարբարա Միկուլսկին, ինչպես նաև հանրապետական կոնգրեսական Մարկ Քիրկը` Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, որը հաջողությամբ առաջադրվեց Սենատում: Մյուս կարևոր հաղթանակները տարան Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի նահանգապետեր Ջերի Բրաունն ու Դեվալ Պատրիկը` Ամերիկայի հայկական համայնքի աջակցությամբ:
Չնայած շատ պաշտոնյաներ կորցրին իրենց տեղերը, սակայն Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամների 95 տոկոսը և Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի աջակիցների 90 տոկոսը վերընտրվեցին:
Ընդհանուր առմամբ, ամերիկահայերն այս ընտրություններում հաջողության հասան, հիմնականում այն պատճառով, որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի համար քվեարկեցին ըստ նրա դիրքորոշումների, և ոչ թե` նրա կուսակցական պատկանելության: Հակառակ դեպքում, նրանց կողմնակիցերից շատերը կպարտվեին, իսկ հակառակորդներից շատերը` կհաղթեին:
Ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրությունները հայկական հարցերի վրա: Պետք է հիշենք, որ Կոնգրեսի ներկայիս անդամների գործունեության ժամկետն ավարտվում է 2011 թվականի հունվարին, և միայն այդ ժամանակ` նոյեմբերի 2-ի ընտրվածները կզբաղեցնեն իրենց տեղերը: Ընտրություններից առաջ Կոնգրեսի կիսատ գործերը մնում են օրակարգում մինչև հունվար, որից հետո բոլոր նշանակումները, բանաձևերը և օրինագծերը պետք է կրկին ներկայացվեն:
Մեզ համար, ներկայիս Կոնգրեսի երկու պալատների առաջին խնդիրը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն է: Սենատում այս օրինագիծը դեռ պետք է քննարկվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Իսկ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը պետք է հաստատի` այս տարվա մարտին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևը: Քանի որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը, ապա սա խոսնակ Նենսի Փելոսիի վերջին հնարավորությունն է` մինչև հունվարին խոսնակի պաշտոնի լիազորությունները վայր դնելը կատարելու բանաձևի անցկացման իր խոստումը: Եթե մինչ այդ որևէ գործողություն չկատարվի, ապա Ցեղասպանության բանաձևը նորից կներկայացվի Ներկայացուցիչների պալատ: Եթե անգամ հաջորդ խոսնակը` կոնգրեսական Ջոն Բոհները նախկինում դեմ էր արտահայտվում Ցեղասպանության բանաձևին, ապա շատ հնարավոր է փոխի իր հայացքները` հաշվի առնելով Թուրքիայի հակաարևմտյան քաղաքականության հանդեպ հանրապետականների խիստ դժգոհությունը:
Միաժամանակ, Ամերիկայի հայ համայնքի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, որը թափուր է մնացել 2009 թվականի սեպտեմբերից, և Ֆրենսիս Ռիկիարդոնեի` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, որը ևս թափուր է 2010 թվականի հուլիսից:
Բրայզայի նշանակումը խափանվեց սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի կողմից կրկնակի «կասեցում» (hold) դնելու շնորհիվ: Խիստ անհավանական է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների «անցման» նստաշրջանում նրանք հետ վերցնեն իրենց կասեցումները: Այս պահին նախագահ Օբամայի ամենախելամիտ ընտրությունը` Սենատին մի նոր թեկնածու առաջադրելն է, դրանով իսկ արագացնելով ԱՄՆ դեսպանի նշանակումը Ադրբեջանում: Սակայն, եթե Օբաման հունվարին նորից պնդի Բրայզայի վերաառաջադրման վրա, ապա ԱՄՆ դեսպանի նշանակումն Ադրբեջանում կհետաձգվի ևս մի քանի ամսով:
Մյուս կողմից, Ռիկիարդոնեի շանսերն ավելի մեծ են Թուրքիայի դեսպան դառնալու համար, քանի որ սենատոր Սեմ Բրաունբակը, որը կասեցում էր դրել նրա նշանակման վրա, նոյեմբերի 2-ին Կանզասի նահանգապետ է ընտրվել: Եթե սենատոր Բրաունբակը մինչև հունվար հրաժարվի Սենատի իր աթոռից, և որևէ այլ սենատոր կասեցում չդնի Ռիկիարդոնեի թեկնածության վրա, ապա նա կարող է մինչև նոր տարի հաստատվել դեսպանի պաշտոնում: Հակառակ դեպքում, նախագահ Օբաման կարող է` կամ նորից ներկայացնել նրա թեկնածությունը, կամ մի նոր թեկնածու առաջադրել հունվարին, երբ նորընտիր Կոնգրեսը կգումարի իր առաջին նստաշրջանը: Սակայն, եթե մեկ այլ սենատոր կասեցում դնի Ռիկիարդոնեի թեկնածության վրա, ապա Թուրքիան ևս մի քանի ամսով կզրկվի ԱՄՆ դեսպանից:
Անկախ Ռիկիարդոնեի ճակատագրից, հավանաբար, Թուրքիան լուրջ դժվարություններ կունենա նոր Կոնգրեսի հետ, որովհետև նորընտիր հանրապետականների մեծ մասը դժգոհ է Անկարայի իսլամական վարչակարգից և նրա իրանամետ ու հակաիսրայելական քաղաքականությունից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
