Հայտարարվել է ռադիոպիեսների մրցույթ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2010 10:57

Բրիտանական խորհուրդը եւ BBC-ի համաշխարհային ծառայությունը հայտարարում են Ռադիոպիեսների 2011 թվականի մրցույթը: Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ` հնարավորություն տալով հեղինակներին լսելի դարձնել իրենց ձայնը:

Նախորդ տարի մրցույթին մասնակցել էր ավելի քան 1100 հեղինակ: Հաղթողները Ամերիկայի Միացյալ Նահանգներից էին եւ Գանայից:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրել 60 րոպե տեւողությամբ ռադիոպիես: Այն պետք է լինի մինչ օրս չհրատարակված ստեղծագործություն եւ պետք է ներկայացված լինի միայն այս մրցույթին: Պիեսը պետք է լինի A4 ձեւաչափի 50-75 էջ: Յուրաքանչյուր էջը հաշվարկվելու է որպես մեկ րոպե: Ռադիոպիեսը պետք է ունենա առավելագույնը 6 կենտրոնական հերոս: Ձեր ստեղծագործությանը հարկավոր է կցել առավելագույնը 400 բառից բաղկացած պիեսի համառոտագիր:

Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ հեղինակներ: Մասնակիցը պետք է լինի 16-ից բարձր եւ չբնակվի Միացյալ Թագավորությունում: Պիեսը պետք է գրված լինի անգլերեն: Ընդունելի է նաեւ թարգմանությունը, սակայն պետք է հստակ նշված լինի, որ ստեղծագործությունը թարգմանված է, իսկ թարգմանիչը պետք է լինի որակավորված:

Բրիտանական խորհուրդը եւ BBC-ն սահմանել են երկու հիմնական մրցանակ:  Առաջին լեզու համարվող անգլերենով գրված ստեղծագործության եւ երկրորդ լեզու համարվող անգլերենով գրված լավագույն պիեսների հեղինակները կստանան 2500-ական ֆունտ ստեռլինգ եւ կուղեւորվեն Լոնդոն` մասնակցելու իրենց պիեսի ձայնագրմանը: Պիեսները BBC-ի համաշխարհային ծառայությամբ կհեռարձակվի 2011 թվականի նոյեմբերին:

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է 2011 թվականի մարտի 31-ը: Մասնակցության համար Ձեր ստեղծագործությունը, դիմումի ձեւը եւ պիեսի համառոտագիրը կարող եք ուղարկել radioplay@bbc.co.uk էլեկտրոնային հասցեին:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply