Չեմպիոնը որոշվեց դժվարությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2010 11:02

Երևանի ֆիզիկական  կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում ավարտվեց մինչև տասնվեց տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ  փուլի մրցաշարը:Չեմպիոն դարձավ Շենգավիթի հավաքականը, ապա հաջորդեցին ՀՄԴ-ի, Արցախի, Վանաձորի թիմերը: Ստուգատեսի նկատմամբ լարվածությունը պահպանվեց մինչև վերջին`Վանաձոր-ՀՄԴ խաղը: Բանն այն է, որ հանդբոլի մասնագիտացված դպրոցի ներկայացուցիչները, եթե մրցակցի նկատմամբ առավելության հասնեին գնդակների մեծ տարբերությամբ, ապա կարժանանային ուժեղագույնի կոչմանը: Սակայն այդպիսի բան չկատարվեց: ՀՄԴ-Վանաձոր խաղում գրանցվեց 28:20 հաշիվը: Այսպիսով, Շենգավիթի և ՀՄԴ թիմերը մրցաշարում տարան երկուական հաղթանակ և միմյանց հետ խաղն ավարտեցին ոչ-ոքի`16:16  հաշվով: Ի դեպ, ՀՄԴ-ի ներկայացուցիչները նախօրյակին կայացած սկզբունքային այդ խաղում հաղթում  էին,սակայն վերջին վայրկյաններին գնդակ բաց թողեցին և փչացրին իրենց գործը: Փաստորեն, նրանք մոտ էին չեմպիոն դառնալուն, բայց դրամատիկ պայքարում բաց թողեցին հաղթելու հնարավորությունը: Այդ է ատճառը, որ մրցաշարի ավարտից հետո այդ թիմի զգալի թվով խաղացողներ հուզմունքից արտասվում էին: Իսկ վերջին օրը Շենգավիթի ներկայացուցիչները 27:15 հաշվով հաղթեցին Արցախի հավաքականին և չեմպիոն դարձան լրացուցիչ ցուցանիշով, քանի որ խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերություն ունեին, քան ՀՄԴ-ի թիմի հանդբոլիստուհիները: Հայաստանի հավաքականի և Շենգավիթի թիմի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը հայտնեց, որ  մրցաշարը լարված էր, քանի որ այժմ մարզուհիները ծանրաբեռնված են պարապում և աշխատում են ընդգրկվել Հայաստանի հավաքականում: Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական ընտրանին մարտին Իսրայելում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի: «Առաջին անգամ է, որ Շենգավիթի հավաքականին արժանի մրցկցություն ցույց տվեց ՀՄԴ-ի թիմը: Վերջինիս մարզուհիների համար հոգեբանական առումով դա հաղթանակ էր: Անելիք շատ կա, պետք է համախմբել կարող բոլոր ուժերին և լավ հավաքական ստեղծել: Ուրախալի է, որ թեկնծուների թվում են ոչ միայն Երևանի, Վանաձորի, այլև Արցախի ներկայացուցիչներ: Հավելենք, որ թիմին միանալու են նաև Ֆրանսիայում բնակվող մեր 5 հայրենակցուհիներ»,- ասաց Գյուրջինյանը:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply