ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է Ադրբեջանի ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2010 10:47

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլիի անունից տեղադրված «Ընտրություններն Ադրբեջանում» կոչված հոդվածում ասվում է, որ թեեւ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, տեղական եւ արտասահմանյան դիտորդների մասնակցությամբ անցկացված ընտրությունները հանգիստ պայմաններում են անցել, սակայն, դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է, որ նախընտրական գործընթացի ժամանակ եւ ընտրությունների օրը լուրջ խնդիրներ են գրանցվել, եւ որ անցկացված ընտրությունների մակարդակը բավարար չէ ասելու, որ Ադրբեջանի դեմոկրատական զարգացման գործում նշանակալի առաջընթաց է ձեռք բերվել: Ասվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում թեկնածուների համար ոչ հավասար պայմաններ են ստեղծվել նախընտրական իրավիճակը լուսաբանելու համար, սահմանափակվել են հավաքվելու եւ արտահայտվելու ազատությունները, թերություններ եւ հակասություններ են նկատվել թեկնածուների գրանցումների ժամանակ, ինչը թեկնածուների համար ոչ հավասար մրցակցային մթնոլորտի ստեղծման պատճառ է դարձել: Ընտրությունների օրը Բաքվում ԱՄՆ դեսպանատան դիտորդները ԵԱՀԿ գործընկերների նման լուրջ գործառութային խախտումներ, այդ թվում նաեւ ընտրատուփերը կեղծ ընտրաթերթիկներով լցոնելու բազմաթիվ դեպքեր են գրանցել:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանությանը ուշադրություն դարձնել ընտրությունների հետ կապված բողոքները թափանցիկ եւ արագ կերպով հետազոտելու եւ որոշումներ ընդունելու գործին, պատասխանատվության կանչել ընտրությունների ընթացքին միջամտած կասկածելի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հարգանքով վերաբերվել հավաքներ անցկացնելու, միավորվելու եւ արտահայտման ազատություններին», -ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply