Ադրբեջանում խոսում են արտասահմանցի դիտորդներին կաշառելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2010 10:42

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրախորհրդարանը հայտարարել են Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրենց նախնական կարծիքները: Միջազգային առաքելությունների արած համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանում ընտրություններն անցկացվել են հանգիստ պայմաններում, ընտրություններին մասնակցել են բոլոր ընդդիմադիր կուսակցությունները:

Սակայն, ընդհանուր առմամբ, այդ գործընթացը բավարար չէ երկրում ժողովրդավարության զարգացման գործում անհրաժեշտ առաջընթաց շեշտելու համար: ԿԸՀ-ը համապատասխան կերպով կյանքի է կոչել ընտրական գործընթացի տեխնիկական ասպեկտները: Բայց, մամուլի ազատության եւ անկախ հավաքներ անցկացնելու ազատության սահմանափակումները, թեկնածուների գրանցման գործընթացի թերի ընթացքն ավելի է թուլացրել ընդդիմությանը եւ անհնարին դարձրել քաղաքական դատողության կենսունակությունը: Այս եւ սահմանափակ մրցակցային միջավայրը ոչ հավասար տարածություն է ստեղծել թեկնածուների գործունեության համար, ինչն էլ դժվարացրել է ընտրողների տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը»: Դրա հետ միասին, եվրոպական այդ կառույցները նշել են, որ ընտրատեղամասերի 90 տոկոսում ընտրություններն արդարացի են եղել, իսկ 10 տոկոսում լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բիզիմ յոլ»-ը հայտնում է, որ մամուլի ասուլիսին մասնակից իշխանության ներկայացուցիչներն այդ հայտարարությունը ծափերով են ողջունել: Իսկ թիվ 9 Բինագադիի ընտրական շրջանից թեկնածու, քաղաքագետ Իլգար Մեմմեդովը միջազգային առաքելությանն ուղղված խոսքում ասել է. «Չեք ամաչու՞մ: Ադրբեջանում անցկացված կեղծ ընտրությունները ներկայացնում եք դեմոկրատական» եւ լքել է դահլիճը:

Դահլիճում գտնվող լրագրողները ծափերով են ողջունել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Թափթըգ Ֆարհադօղլուի՝ ԵԽԽՎ առաքելության ղեկավար Վոլֆգանգ Գրոսրուկին ուղղված՝ «խոսում են իշխանությունից ձեր կաշառք ստանալու մասին, ի՞նչ կասեք այս մասին» հարցը, ինչին նա հակադարձել է, որ չի կարելի խոսքի ազատությունը վերածել վիրավորանքի: ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Օդրի Գլովերն էլ ասել է, որ անձամբ իրեն նման առաջարկ չի եղել եւ ինքը նույնպես հանդես չի եկել նման առաջարկությամբ:

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply