Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթող չի ճանաչվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 9, 2010 21:16
«Հյուսիս -հարավ» ճանապարհային միջանցքի մաս կազմող Երեւան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման համար սեպտեմբերի 18-ին հայտարարված միջազգային բաց մրցույթում ոչ մի ընկերություն հաղթող չի ճանաչվել: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, մրցույթին մասնակցել է երեք ընկերություն` ամերիկյան «Fele technologies»-ը, իսպանական «MJ gruas»-ը եւ ավստրիական «Strabag»-ը:
Առաջին երկուսը չեն ունեցել համապատասխան փորձ ասֆալտի վերամշակման, ցեմենտ-բետոնի ծածկով ճանապարհների կառուցման գործում: Իսկ ավստրիական ընկերությունը, չնայած ունեցած հարուստ փորձին, ճանապարհի վերակառուցման համար առաջարկել է այնպիսի խոշոր գումար, որը գերազանցել է նախագծանախահաշվային գումարը մոտ 2.5 անգամ: Նշենք, որ «Strabag» եւ «Fele technologies» ընկերությունները ներկայացրել էին 400 հազար ԱՄՆ դոլարի հայտի երաշխիք, իսկ իսպանական «MJ gruas»-ը` 144 մլն 800 հազար դրամի:
Ըստ ավստրիական ընկերության առաջարկի` Երեւան-Աշտարակ ճանապարհաշինության համար նախատեսվում էր ծախսել 51մլն 141 հազար ԱՄՆ դոլար, ըստ ամերիկյան ընկերության` 18 մլն 944 հազար, իսկ համաձայն իսպանական ընկերության առաջարկի` 22 մլն 618 հազար դոլար: «Արդյունքները ամփոփելով` կարող ենք ասել, որ մրցույթն իրականացվեց, բայց հաղթող չորոշվեց:
Գնահատման գործընթացին մասնակցած Ասիական զարգացման բանկի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` առաջին փուլում նախատեսվող այս աշխատանքները կմիանան երկրորդ փուլի աշխատանքներին, որը ենթադրում է այս 11.71 կմ-ի շարունակությունը մինչեւ Թալին քաղաք: Դա էլ կմիացնենք իրար եւ կստանանք շուրջ 45 կմ երկարության ճանապարհահատված: Կարծում եմ` այդ մրցույթին ավելի շատ շինարարական կազմակերպություններ կմասնակցեն»,- հույս հայտնեց Մ. Վարդանյանը:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի հաջորդ տարվա մարտին: Հավելենք, որ համաձայն առաջին փուլի` կապալառուն պետք է վերակառուցեր Երեւան-Աշտարակ ճանապարհային հատվածի ծածկը, բարելավեր ջրահեռացման համակարգը, կողնակները եւ ապահովեր ճանապարհային անվտանգությունը, վերականգներ Երեւան-Աշտարակ ճանապարհի վրա գտնվող կառույցները: Ճանապարհային միջանցքի վերակառուցման համար նախատեսվող աշխատանքները համատեղ ֆինանսավորվելու են Ասիական զարգացման բանկի եւ Հայաստանի կառավարության կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
