Քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ Լիբանանի և Կիպրոսի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2010 20:04

Լիբանանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային կառավարման և անձնակազմի դեպարտամենտի հրավերներով ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ին գտնվում էր Լիբանանում, այնուհետև նոյեմբերի 2-ից 5-ը` Կիպրոսում:

Պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է այդ երկրի Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ, այցելել մի շարք գերատեսչություններ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման տարեկան աշխատանքային ծրագրեր կազմելու, մարդկային ռեսուրսների զարգացման բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու, փորձի փոխանակման և համագործակցության իրականացման հնարավոր եղանակներին և մեխանիզմներին վերաբերող հարցեր: Համաձայնություն է ձեռք բերվել սկզբնավորել գործակցություն երկու մարմինների միջև, փորձագիտական մակարդակով ուսումնասիրել կողմերի ձեռքբերումները, իրականացնել երկու երկրների քաղաքացիական ծառայության համակարգերի կատարելագործմանն ուղղված համատեղ ծրագրեր:

Նիկոսիայում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային կառավարման և անձնակազմի դեպարտամենտի տնօրենի, Հանրային ծառայության հանձնաժողովի նախագահի, Հանրային կառավարման ակադեմիայի ղեկավարության հետ: Հանրային ծառայության հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել են փորձի փոխանակման նպատակով փոխադարձ այցելությունների և վերապատրաստումների հնարավորությունները: Իսկ ֆինանսների նախարարության հանրային կառավարման և անձնակազմի դեպարտամենտի ղեկավարության հետ նախագծվել են երկու մարմինների միջև 2009 թվականի հուլիսին Երևանում ստորագրված հուշագրի դրույթներից բխող համագործակցության կոնկրետ տարեկան ծրագրերի իրականացման ուղիները և մեխանիզմները:

ՀՀ ՔԾԽ նախագահը Լիբանանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին և Կիպրոսի ֆինանսների նախարարության հանրային կառավարման և անձնակազմի դեպարտամենտի տնօրենին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Երևանում կայանալիք ՙՄասնագիտություն հեռանկարում՚ միջազգային համաժողովի աշխատանքներին: Երկու գերատեսչությունների ղեկավարներն էլ հրավերն ընդունել են:

Գոռ Աբրահամյան

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply