Իտալացի ռեստավրատոր. Մինասի որմնանկարները լիովին համապատասխանում են իրենց նախնական տեսքին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 9, 2010 18:03

Մինաս Ավետիսյանի երկու՝ «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարների վերականգման ընթացքում շատ դժվարություններ են եղել կապված հեղինակի կիրառած տեխնիկայով, ինչն էլ զգալիորեն դժվարացրել է որմնանկարների՝ պատից պոկելու գործընթացը։ Նոյեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին:

«Ինչ վերաբերում է դրանց արտաքին տեսքին, ապա պետք է նշեմ, որ վերականգնված որմնանկարները լիովին համապատասխանում են իրենց նախնական տեսքին։ Մի փոքր միջամտություն ենք կատարել «Խաչքարի մոտ» որմնանկարի վերականգնման ժամանակ, բայց կորուստն իրականում այդքան էլ մեծ չի եղել»,- հավաստեց Յոկոբինին:

Խոսելով հայ 4 վարպետների մասին, որոնք ռեստավրացման ողջ ընթացքում օգնել են իրեն՝ իտալացի մասնագետը նշեց, որ նրանք արդեն վարպետության որոշակի աստիճան ունեն։ «Ռեստավրացման գործն Իտալիայում սովորում են 4 տարում: Որմնանկարների վերականգնումը ֆաբրիկայի աշխատանք չէ»,- լրագրողներից մեկի հարցին, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր այդ արվեստին տիրապետելու համար, պատասխանեց Յակոբինին։ Նա նաեւ ավելացրեց, որ իր կողմից ուսումնասիրված, այդ թվում՝ ոչ միայն Մինասի, Հայաստանի բոլոր որմնակարներն էլ վատ վիճակում են։

Մինաս Ավետիսյանի որդին, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն իր հերթին նկատեց, որ վերականգնման աշխատանքները փայլուն են կատարվել։ «Կորուստներ պարզապես չունենք։ Ինչ վերաբերում է որմնանկարների այս կամ այն թափված մասերին, ապա կորցված մասերը երբեք չեն ավելացվում, այլապես գործն օրիգինալ չի լինի»,- ամփոփեց Ավետիսյանը։
NEWS.am

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply