Վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25% մնաց անփոփոխ

Օրվա լուր | | November 9, 2010 17:18

2010 թ. հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.1%: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել առաջարկի շոկերով, մասնավորապես` հացամթերքի, մրգի և բանջարեղենի գների աճերով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.4 տոկոսային կետ:
Խորհուրդը, հիմք ընդունելով հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին երկու ամիսներին դրսևորված գների միտումները, միակարծիք է ՀՀ տնտեսությունում գնաճային ռիսկերի դրսևորման հավանականության աճի վերաբերյալ: Մյուս կողմից, ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում:
Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում կշարունակվի արտաքին հատվածի գերակա ազդեցությունը գնաճային միջավայրի ձևավորման առումով: Այդուհանդերձ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը բավարար է կանխատեսվող հորիզոնում առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի` երկրորդային ազդեցությունների և սպասումների չեզոքացման համար: Այս համատեքստում, խորհուրդը գտնում է, որ առաջարկի շոկերի մարմանը զուգընթաց, 2011 թ. երկրորդ կեսից սկսած, 12-ամսյա գնաճը կձևավորվի նպատակային միջակայքի սահմաններում: Միաժամանակ, կախված վերը նշված ռիսկերի դրսևորման չափից, չի բացառվում քաղաքականության տոկոսադրույքի ճշգրտման անհրաժեշտությունը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply