Հետընտրական Ադրբեջան. ո՞ւմ հետ է բանակցելու հայկական կողմն առաջիկայում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 9, 2010 16:54

Ադրբեջանում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, ջախջախիչ հաղթանակ է տարել իշխող «Նոր Ադրբեջան» (Ենի Ազերբայջան) կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևի կուսակցությունը խորհրդարանի 125 պատգամավորական մանդատներից ստացել է 70-ը: Ադրբեջանի արմատական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները 4-րդ գումարման խորհրդարանում մանդատ չեն ստացել:

Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունները կեղծված են և ընթացել են զանգվածային խախտումներով: Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբիրը և «Ազգային ճակատ» կուսակցության առջնորդ Ալի Քերիմլին հայտարարել են, որ ընդդիմությունն արդարությունը վերականգնելու համար կհասնի միչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ընտրություններին հետևած միջազգային դիտորդական առաքելությունները, սակայն, հիմնականում դրական են գնահատել ադրբեջանական ընտրությունները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ԵԽԽՎ  դիտորդական առաքելության ղեկավար Պոլ Վիլլեն ընտրությունները գնահատել է որպես «միջազգային և ԵԽԽՎ  չափորոշիչներին գրեթե համապատասխանող»:

Ադրբեջանի նախագահ Ալիևը և պատգամավոր Ալիևան

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևն էլ, գնահատելով ընտրությունները, նշել է, թե «արժեր, որ  որոշ արևմտյան երկրներ Ադրբեջանից օրինակ վերցնեին, թե ինչպես պետք է ընտրություններ անցկացնել»:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը   նույնպես  ընտրությունները «դրական է գնահատել»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ  Ռիչարդ Կիրակոսյանը Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները կարևորում է երեք առումներով: Ըստ նրա` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար այդ ընտրությունները կարևոր էին այնքանով, որ դրանցից է կախված`  առաջիկայում ինչ հարևան ենք ունենալու և ինչ երկրի հետ ենք բանակցելու. «Ընտրություններն Ադրբեջանում ցույց տվեցին, որ հայկական կողմն առաջիկայում բանակցելու է ոչ ժողովրդավարական և ոչ վստահելի երկրի հետ»:

Երկրորդ նշանակությունը, ըստ Կիրակոսյանի, ընտրությունների բնույթն է. «Տարածաշրջանում տեղի ունեցավ ևս մեկ անհաջող, ոչ ժողովրդավարական ընտրություն, ինչը վատթարացնում է ժողովրդավարության վիճակը ողջ տարածաշրջանում»:

Երրորդ կարևոր գործոնը միջազգային արձագանքն է: Կիրակոսյանն ասում է, որ միջազգային հանրությունը Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթաց չէր էլ ակնկալում:  Արևմուտքին պետք է ոչ թե ժողովրդավարական, այլ պատերազմ չսանձազերծող Ադրբեջան, ինչը, ըստ Կիրակոսյանի, առանց ժողովրդավարության հնարավոր չէ: Կիրակոսյանը նշում է, որ միջազգային մեղմ արձագանքը պայմանավորված է մի շարք գործոններով. նախ` Արևմուտքը Բաքվին նրբանկատորեն է վերաբերվում` հաշվի առնելով նրա նավթային կապիտալը, ինչպես նաև այն համարելով ճանապարհ դեպի Աֆղանստան:

Ռ. Կիրակոսյան. «Երկիրը դարձել է շեքսպիրյան Ադրբեջան, որտեղ քաղաքական լեգիտիմությունը որոշվում է գենետիկական և ամուսնական կապերով»

Ըստ  ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանի`  ընտրոթյունների գնահատման գործում  դեր խաղաց նաև Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Երբ ռուսական դիտորդական առաքելությունը ժողովրդավարական  գնահատեց ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները, այդ  համատեքստում արևմտյան դիտորդական առաքելությունը չէր կարող իրական գնահատական տալ, քանի որ այդպիսով Ադրբեջանը, որպես ազդեցության գոտի,  կհանձներ  Ռուսաստանին:

Մինչև ընտրությունները Ադրբեջանը միջազգային հանրությանը հաղորդագրություն էր ուղարկում, որ քարոզարշավի ողջ ընթացքում ագրեսիվ է լինելու Հայաստանի նկատմամբ, տեղալու է պատերազմի սպառնալիքներ: Կիրակոսյանը նշում է, որ ընտրություններն ավարտված են, և Ադրբեջանը կանգնած է փորձության առջև, երբ, ըստ իր «խոստման»,  պետք է հրաժարվի ագրեսիվությունից ու  ռազմատենչ սպառնալիքներից կամ էլ շարունակի նույն ոգով: «Կարծում եմ` Ադրբեջանն այս թեստը չի հանձնի և կշարունակի հակահայկական հայտարարությունները և պատերազմի սպառնալիքները»:

Կիրակոսյանը նշում է, որ այս ադրբեջանական ընտրությունները նախորդներից տարբերվում են. «Նախ` այս ընտրություններում ադրբեջանական ընդդիմությունը հաղթելու որևէ հնարավորություն չուներ, անգամ ընդդիմության 2/3-ին մերժել են գրանցել որպես թեկնածուներ»:

Որպես տարբերություն` Կիրակոսյանը մատնանշում է քարոզարշավին հատկացված ժամանակահատվածը: Այս անգամ քարոզարշավի պաշտոնական ժամանակահատվածը կրճատվել է միչև 23 օր, որպեսզի ընդդիմությունը գործունեություն ծավալելու, քարոզարշավ իրականացնելու իրական հնարավորություն չունենա:

Կիրրակոսյանը նշում է, որ 1993-ից հետո սրանք  առաջին ընտրություններն էին, որոնց ընթացքում արգելվեցին նաև ամեն տեսակի հանրահավաքները, ինչի պատճառով  ընդդիմությունը չկարողացավ որևէ լուրջ հանրահավաք իրականացնել:

Կիրակոսյանը մատնանշում է նաև ընդդիմության  նկատմամբ իշխանությունների ագրեսիվ վերաբերմունքը: Ընդդիմադիր գործիչների նկատմամբ  կոմպրոմատների կիրառումը բնորոշ է կովկասյան երեք հանրապետություններին էլ, սակայն այս անգամ Ադրբեջանում դա աննախադեպ դրսևորում է ստացել. ադրբեջանական պետական հեռուստատեսության եթերում ընդդիմության ղեկավարներից մեկի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող տեսանյութ են հեռարձակել:

Մ. Սարգսյան. «Գաղափարական վակուումից խուսափելու համար իշխանություններն այն լցնում են պատերազմական հիստերիայով, սպառնալիքներով»

Կիրակոսյանը պատմության մեջ հազվադեպ երևույթ է համարում այն, որ գործող նախագահի  տիկինը ընտրվում է խորհրդարանի ներկայացուցիչ, ինչը այս անգամ տեղի է ունեցել Ադրբեջանում: Խորհրդարանի պատգամավորներ են դարձել նաև Ալիևի հորեղբայրը, զարմիկի ամուսինը: Պատգամավորական  մանդատ է բաժին հասել նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի հորը, տրանսպորտի նախարարի եղբորը, Socar  ընկերության նախագահի զարմիկին: «Երկիրը դարձել է շեքսպիրյան Ադրբեջան, որտեղ քաղաքական լեգիտիմությունը որոշվում է գենետիկական և ամուսնական կապերով»,- ասում է Կիրակոսյանը:

Ըստ Մանվել Սարգսյանի և Ռիչարդ Կիրակոսյանի`   ընտրությունները ցույց տվեցին, թե որքան մեծ է անջրպետը հանրության և իշխանության միջև: «Իշխանության` հանրության վրա ազդելու հնարավորությունը քիչ է: Գաղափարական վակուումից խուսափելու համար իշխանություններն այն լցնում են պատերազմական հիսթերիայով, սպառնալիքներով»,- ասում է Սարգսյանը:

Ռիչարդ Կիրակոսյանը, սակայն, նշում է, որ Ադրբեջանի ռազմական սպառնալիքների հիմքը թուլացել է: Ադրբեջանի բնակիչները ժողովրդավարության և լեգիտիմ իշխանության պակաս ունեն,  տարիներ շարունակ բնակչությունը բաժին չի ունեցել նավթային հարստությունից,  և պատերազմի դեպքում քիչ հավանական է, որ ծնողներն իրենց երեխաներին ռազմաճակատ ուղարկեն:

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply