Հայ մեծ վարպետներն օտար ափերում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 9, 2010 15:26

Զարդարվեստի պատմության  մեջ  անուրանալի  է  հայ վարպետների  դերն  ու  ավանդը: Հայերն  այս  հինավուրց  արվեստի  ակունքներում  են   կանգնած:  Այդ  են  վկայում հայանուն   վարպետների գլուխգործոցները, որոնք տեղ են գտել աշխարհի  նշանավոր  հավաքածուներում  ու  թանգարաններում:  Ցավոք,  ոչ  լիարժեք  ուսումնասիրություններն  ու  անտարբեր  վերաբերմունքը   ժամանակին  հնարավորություն  չեն տվել  ունենալու   ոսկեձեռիկ  հայ  վարպետների  աշխարհացրիվ շխատանքների  ամբողջական  պատկերն  ու   աշխարհագրությունը:

Բարեբախտաբար,  հազարամյա  այս  երթը  այսօր  էլ  չի ընդհատվել  Քոսայան  գերդաստանի  շնորհիվ,  որը  1915 թ.  ցեղասպանության  արհավիրքները  տեսած`  Արևմտյան  Հայաստանի  Մուշ  գավառից  գալիս ու  ապաստանում  է Արագածի  փեշերին  ծվարած   Շիրակ  գյուղում: Գալիս  են ամբողջ տոհմից  ու գերդաստանից  փրկված ընդամենը  երկու  վիրավոր  հոգի` Խանդութն  ու Հակոբը:

Հիմա,  երբ  2010 թ.  աշունն է,   արդեն  պատրաստ  է  զարդարվեստի  վարպետ  Կառլեն  Քոսայանի  աշխատանքները հանրագումարի բերող   պատկերագիրքը:

1986 թ. Նորքի  գեղատեսիլ  բարձունքներում շենացել  է 1915 թ.  ցեղասպանությունից  հրաշքով  փրկված  Խանդութի ու  Հակոբի  թոռան  նոր  օջախը: Կառլենն  իր  տուն  եկած  հյուրերին  առաջինը  ցույց  է տալիս գորգ-մասունքը: Նայում  ես  մահվան    ճամփեքով  անցած “Վիշապագորգին” ու  մտածում` ո՞վ գիտի, երևի սա է հենց  հեքիաթների  կախարդական  թռչող  այն  գորգը,  որն  իր  մեջքին  է առել   մեծ  գերդաստանից  հրաշքով  փրկված  մի  փոքրիկ  բեկոր ու  հասցրել  այստեղ…

Կառլենն  իր  գորգագործ  նախնիների  գունավոր  բրդյա  թելերը  չընտրեց հոգու խոսքն  ասելու  համար:  Նրանը  մազի  նրբությամբ  արծաթե  թելերն  են,  որ  թվում է,  հնարավոր  չէ  հյուսել,  ձեռքերիդ  մեջ փշուր-փշուր  կլինեն:  Բայց դրանք Կառլենի  մատների  տակ  հյուսկեն   զարդերի  են  վերածվել:

Թերևս հնարավոր չէ  թվարկել   այն բոլոր թանգարաններն  ու  մասնավոր  հավաքածուները,   ուր  տեղ  են  գտել  շնորհաշատ   վարպետի  ինքնատիպ  աշխատանքները:  Թվենք   մի  քանիսը  միայն.  Էջմիածին,  Ժողովրդական   արվեստի թանգարան, Սարդարապատի  ազգագրական  թանգարան,  Մոսկվայի  Արևելքի  թանգարան, Ռիգայի պատմության  պետական թանգարան…

Արցախյան  շարժման տարիներին աշխատանքներից  մի քանիսը  վաճառեց ու գումարը  տրամադրեց պայքարի ելած  հայրենակիցներին: Այդ տարիներին “Արցախ” անունով թռիչք  խորհրդանշող մի գործ ստեղծեց, որը  մինչև հիմա էլ նրա ցուցանմուշների  զարդն է, բայց հատուկ  մակագրությամբ`  “Չի  վաճառվում”:

Հետո,  ինչպես հեքիաթներում է պատահում, կախարդական  գորգը  իր մեջքին  առավ  Խանդութի  ու Հակոբի  Կառլեն   թոռան վերածնված  գերդաստանն  ու տարավ հեռու` Ֆրեզնո:

Շնորհաշատ հայի առաջ իր  դռները մեծահոգաբար բացեց մի հանճարեղ հայի` Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Սակավախոս, տաղանդավոր վարպետի աշխատանքները,  նախատեսված  երկու  ամսվա   փոխարեն, մեկ տարի  մնացին թանգարանի սրահներում: Ասում են` այդ մեկ  տարվա ընթացքում ով չէր  ճանաչում Կառլեն  Քոսայանին, Վիլյամ Սարոյանը ճանաչել տվեց,  ով քիչ գիտեր  Սարոյանին,  Կառլեն  Քոսայանի  օգնությամբ ավելի  լավ ճանաչեց…

Կառլենի աշխատանքները  էլ ավելի  են  հարստանում  ջնարակման  նրբին  արվեստով:  Ի  դեպ, գույների  ներդաշնակ  ընտրության  կարողությունը,  որ նույնպես ժառանգել  է գորգագործ  նախնիներից,  փոխանցվել  է որդուն`  գեղանկարիչ  Վարդան Քոսայանին:

Օտարության  մեջ էլ  Կառլենը  շարունակում  էր 1915 թ. ընդհատված  տոհմի  զրույցը` հյուսվելով նրա աշխատանքներում`Վան,  Զանգեզուր, Վասպուրական, Անի, Տիգրանակերտ, Արցախ,  Երևան… Անվանումները  պատահական  ընտրություն չեն զարդերի համար, դրանք կրում են  նշված  վայրերի  ազգագրական  առանձնահատուկ  կնիքը:  Այս  ամենը,  սակայն,  հավաքական  մեկ անուն ունի` Հայաստան:

Ֆրեզնոյի տան անկյունում  Խանդութին  ու  Հակոբին  փրկած հեքիաթ- գորգը   դեռ  կա… Վերջերս մեջքին  առած`  Խանդութի  ու  Հակոբի  վերընձյուղված  տաղանդավոր  տոհմը  տուն  բերեց,  ու  հեքիաթը  շարունակվում  է հենց  այստեղ` Հայաստանում:

Մարի Խաչատրյան

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply