ՀՀ զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կապակցությամբ հանրային դժգոհությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի տեսակետը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2010 11:14

Նոյեմբերի 8-ին Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած դժբախտ դեպքերին, նշել է. «Չեմ ուզում ասել, որ աշխարհի բոլոր բանակներն էլ տանում են նմանատիպ պահեր, այլ ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ այդ կորուստների ժամանակ առաջին հերթին հենց մենք ենք ցավ ապրում, առաջինը մենք ենք մտահոգված: Եվ մենք ենք այդ զինծառայողների ծնողների հետ շփվում, փորձում նրանց ցավակից լինել, փորձում ինչ-որ ձեւով սփոփել, եւ կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք կատարելու: Հասարակության մտահոգությունը մենք կիսում ենք. եթե դա կառուցողական է, եթե դա ուղղված չէ բանակի վարկաբեկմանը կամ այս կամ այն հարցի քաղաքականացմանը:

Մենք այսօր լուրջ աշխատում ենք, որպեսզի այդ բացթողումներն հասցնենք նվազագույնի: Ցավոք սրտի, հնարավոր են նման դեպքեր, բայց բանակի հրամանատարությունն այսօր առավելագույնն անելու է, որպեսզի մենք կորուստներ չունենանք: Հասարակության ահազանգումն այս դեպքերի շուրջ վերջին ժամանակներում ավելի զգայուն է դարձել նաև այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունն ավելի թափանցիկ պաշտպանական քաղաքականություն է վարում եւ իրազեկում է հանրությանը` փորձելով հաշվետու լինել հասարակության առջեւ, հետեւել ժողովրդավարական հասարակության կայացման սկզբուքներին: Մենք հասարակությանն իրազեկում ենք բանակի ե’ւ հաջողությունների, ե’ւ արձանագրված թերությունների  վերաբերյալ»:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply