Ս. Օհանյան. “Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են”

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2010 20:14
Ցավոք, մեր բանակում կան բացթողումներ եւ մեզ համար ցավալի են լինում այն դեպքերը, երբ մենք ունենում ենք մահվան ելքով կորուստներ: Այսօր` նոյեմբերրի 8-ին «Հ1»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով վերջին շրջանում հայոց բանակում տեղի ունեցող հանցագործություններին ու անընդունելի դեպքերին, որոշ դեպքերում մահվան ելքով:
«Չեմ ուզում ասել, որ աշխարհի բոլոր բանակներն էլ տանում են նմանատիպ պահեր, այլ ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ այդ կորուստների ժամանակ առաջին հերթին հենց մենք ենք ցավ ապրում, առաջինը մենք ենք մտահոգված: Եվ մենք ենք այդ զինծառայողների ծնողների հետ շփվում, փորձում նրանց ցավակից լինել, փորձում ինչ-որ ձեւով սփոփել, եւ կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք կատարելու: Հասարակության մտահոգությունը մենք կիսում ենք. եթե դա կառուցողական է, եթե դա ուղղված չէ բանակի վարկաբեկմանը կամ այս կամ այն հարցի քաղաքականացմանը: Մենք այսօր լուրջ աշխատում ենք, որպեսզի այդ բացթողումներն իջեցնենք նվազագույնի»,- կարծիք է հայտնել նախարարն ու հավելել. «Ցավոք սրտի, հնարավոր են նման դեպքեր, բայց բանակի հրամանատարությունն այսօր առավելագույնն անելու է, որպեսզի մենք կորուստներ չունենանք: Հասարակության ահազանգումն այս դեպքերի շուրջ վերջին ժամանակներում ավելի զգայուն է դարձել, որովհետեւ ՊՆ-ն ավելի թափանցիկ պաշտպանական քաղաքականություն է վարում եւ իրազեկում է հանրությանը` փորձելով հաշվետու լինել հասարակության առջեւ, հետեւել ժողովրդավարական հասարակության կայացման սկզբուքներին, մենք հասարակությանը իրազեկում ենք ե՜ւ բանակի հաջողությունների, ե՜ւ բանակում տիրող թերությունների շուրջ, որպեսզի հասարակության հետ մեկտեղ մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք պաշտպանական բարեփոխումների, եւ ընդհանուր առմամբ` անձի ձեւավորմանը միջանձնային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:
Այնուհետեւ անդրադառնալով բանակ-հասարակություն կապին, Ս. Օհանյանն ասել է. «Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Գտնում եմ, որ բանակը հասարակության մի մասն է կազմում, եւ այդ կապն իհարկե օրգանական է եւ պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության, տեղեկատվության հիման վրա: Հաշվի առնելով այն, որ պաշտպանական կառույցն ինքնին այնպիսի կառույց է, որտեղ գոյություն ունի նաեւ գաղտնիություն, եւ պաշտպանական ոլորտի այդ գաղտնի տվյալները պարունակում են նաեւ հասարակության համար անվտանգության  խնդիրներ` մենք վերջին ժամանակներս ձեւավորել ենք, եւ արդեն գործում է հանրային իրազեկման հայեցակարգը: Պաշտպանության նախարարությունը պաշտպանական քաղաքականության հարցում մեր հասարակության առջեւ բավականին բաց է եւ թափանցիկ, ընդհանուր առմամբ, ինձ համար` որպես պաշտպանության նախարարի եւ որպես անհատի, աշխատաոճում հրապարակայնությունը, ժողովրդի առջեւ  բաց լինելը սկզբունք են»:
Նրա խոսքով, բանակ-հասարակություն հարաբերությունների ճիշտ կազմակերպման արդյունքում, հնարավոր կլինի գրեթե բացառել այն որոշ բացասական երեւույթները, որոնք գալիս են հասարակությունից բանակ:
Դիտվել է 1646 անգամ:
Print Friendly

Leave a Reply