Երեւանում կալանավորված իտալացի մաֆիոզին էքստրադիցիայի չեն ենթարկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 21:42
Հայաստանում ձերբակալված, Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսը կալանավորված է, նրա հանդեպ գործ է հարուցվել ՀՀ «Քրեական օրենագրքի» 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ինչը ենթադրում է ներգրավվածություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության մեջ։ Այս մասին հայտեց   ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Նրա խոսքով, այս հոդվածը նախատեսում է 7-15 տարի ժամկետով  ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Հարցին, թե օրակարգո՞ւմ է, արդյոք, հանցագործին էքստրադիցիայի ենթարկելու հարցը, Մալխսայանը պատասխանեց. «Էքստրադիացիայի հարց չկա։ Սանչեսն այստեղ է կատարել հանցագործությունը։ Քրեական գործը հարուցվում է հանցագործության կատարման վայրում։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Նոյեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մարզահամերգային համալիրի մոտից բերման էին ենթարկել Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իտալիայի ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն` Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երեւան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական գլխավոր վարչություն:
NEWS.am
Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply