Խորացող տնտեսական հարաբերություններ Ռոստովի մարզի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2010 20:08

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանների միջև ուղղակի կապերի խորացման հարցը քննարկվել և կարևորվել է 2010թ. հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում կայացած ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգի շրջանակում։
Գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Ռոստովի մարզի միջև փոխգործակցության ընթացքից և բարձր գնահատելով պատմականորեն ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններում Ռոստովի մարզի հայկական համայնքի դերակատարությունը` զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ՀՀ տնտեսությունում արձանագրված վիճակը և անդրադարձել համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հեռանկարային են համարվել արդյունաբերության տարբեր ճյուղերում, կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը։
Հումանիտար ու մշակութային կապերի ամրապնդման և զբոսաշրջության զարգացման առումով կարևորվել է Հայաստանում Ռոստովի մարզի մշակույթի օրերի անցկացումը։

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply