Ճիշտ Ճանապարհը ցույց տվող քարտեզ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 8, 2010 15:19

ՄԱԿ-ի 65-րդ գլխավոր համագումարը կը շարունակե իր աշխատանքները։ Պետք չէ զարմանալ, որ Ազրբեջանի կողմե ՄԱԿ-ի համագումարին ներկայացվելիք հակահայ բանաձևը իսպառ կը բացակայի ՄԱԿ-ի օրակարգեն։ Չմոռնանք, որ տասնմեկերորդ պահուն նախորդ նիստերեն հետս կոչված բանաձևի նախագծի վերադարձին մասին որևէ հստակ ժամկետ չկար։ Բացատրություններն այդ երևույթին թեև կենտրոնացան ԵԱՀԿ-ի հետ ՄԱԿ-ի պատվիրակության համատեղ իրականացնելի դիտարկումներուն որոշումին վրա, այսուհանդերձ մեկնաբանությունները ռուսական գործոնի դերակատարության մասին կը խոսեին։

Աստրախանը որոշ չափով հաստատեց այդ մեկնաբանություններուն իրատեսականությունը։ Թեկուզ մարդասիրական բնույթի որոշումով, Աստրախանը հանդիսացավ այն եզակի հանդիպումներեն, ուր շոշափելի որոշում կայացավ։ Անտես կարելի չէ ընել նաև այն փաստը, որ ռազմագերիներու և աճյուններու փոխանակման որոշումին հաջորդող օրերուն նկատառելի արագությամբ արդեն Ազրբեջանը ստանձնած է իր քաղաքացին, իսկ Հայաստանը ստանձնած է իր քաղաքացիին դիակը։
Վերլուծական կենտրոններու թե քաղաքագետներու կողմե շրջանառության մեջ դրված է Ասթանայի մեջ համաձայնելի Ղարաբաղի հարցին լուծման համար ճանապարհային քարտեզ մը։ Մինչ ուրիշներ կը շարունակեն շեշտել, որ Ասթանան բեկումնային պահ չի կրնար ապահովել հակամարտության լուծման։
Վերադառնանք Նյու Յորք, ՄԱԿ-ի ժողովասրահ, տեսնելու համար, որ այնտեղ ոչ միայն խոսակցություն չկա Ազրբեջանի տարածքային ամբողջականության կամ հակահայ բանաձևի նախագծին մասին, այլ քննարկման թեմա է ազգային ինքնորոշման իրավունքը։ Հայկական կողմը դիվանագիտական առավելներ ձեռք կը ձգե այսպիսով, հանձինս ՄԱԿ-ի մոտ իր ներկայացուցիչին, որ աշխույժ ելույթներ կ՛ունենայ ՄԱԿ-ի ամբիոններեն այդ ուղղությամբ։
ՄԱԿ-ի այս նստաշրջանը հայկական կողմին համար կը հատկանշվի, ուրեմն, միջազգային իրավունքի այս կարևոր սկզբունքի վերարծարծման, վերաքննարկման կարևոր քայլով, որ կ՛արձանագրվի անշուշտ ի հակակշիռ Ազրբեջանի նկրտումներուն՝ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջածիրին մեջ արցախյան հարցի նկատմամբ միջազգային ընտանիքը ապակողմնորոշելու։  Դիվանագիտական ճիշտ ձևակերպումով շեշտված է ՄԱԿ-ի երաշխավորության անհրաժեշտությունը միջազգային իրավունքի այս սկզբունքն իրականցնելու ուղղությամբ, որ իր կարգին հիմնական կանխարգելիչ գործոն է ջարդերու և պատերազմներու։
ՄԱԿ-ի այս նստաշրջանը կը տեղավորվի Աստրախանեն ետք և Ասթանայեն առաջ ժամանակահատվածին մեջ։ Ռուսական գործոնի գերակայության փաստը վերհիշեցման կարգով անհրաժեշտ է մտածելու համար, որ խորքին մեջ ինչո՞ւ չհետաձգվեցավ հակահայ բանաձևի նախագիծին օրակարգ գալը։ Շարունակելով տրամաբանությունը՝ թե ինչո՞ւ տարածքային ամբողջականությունն այսօր տեղի կու տա միջազգային իրավունքի հիմնարար այլ սկզբունքի մը առջև։
Միացյալ Նահանգներեն ետք Թուրքիան և ապա պաշտոնական Բաքուն ողջունեցին Աստրախանը։ Ազրբեջանը քայլ մը առաջ անցնելով` իր արտաքին գործոց նախարարին բերնով կը հայտարարե, թե Ասթանան նոր շրջադարձ պիտի արձանագրե բանակցային գործընթացին մեջ։ Բազմակողմանի այս ողջունումներուն և ժամանակեն առաջ կատարվող լավատեսական այս հայտարարություններու մթնոլորտին մեջ ճիշտ ի՞նչ կը պատահի, տակավին կանխահաս է եզրակացնելը։
Ճանապարհային քարտեզ կրնա ուրվագծվիլ միայն Արցախի ժողովուրդին կամքին վրայ հիմնված կողմնացույցներով։ ՄԱԿ-ի մեջ բարձրաձայնված ինքնորոշման իրավունքի հարգումի  ընգծումը այդ բացարձակ անհրաժեշտության հուշումն է։Առանց այդ կամքի արտահայտության նկատառման և օրինականացման բեկումնային պահ ակնկալելը, շրջադարձ տեսնելը կամ ճանապարհային քարտեզ գծելու հավակնություն ունենալը պատրանք է պարզապես։
Ճիշտ ճանապարհը ցույց տվող քարտեզը արցախահայության ինքնորոշման իրավունքի սկզբունքին հիման վրա հիմնված է, ինչպես ՄԱԿ-ի ժողովին հայտարարած է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

Ազդակիգլխավոր խմբագիր

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply