Բացվել է www.impoqrik.am կայքը` հայ ծնողների և երեխաների նոր ուղեցույցը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2010 14:26

«Իմ փոքրիկ». այսպես է կոչվում մի խումբ երիտասարդ նախաձեռնողների կողմից ստեղծված  հայալեզու կայքը, որը կոչված է հայ մայրերին, մայրանալ պատրաստվողներին կամ պարզապես երեխաների խնամակալներին, դայակներին, ինչու ոչ` հայրերին  իրենց փոքրիկին մեծացնելու դժվարին ճանապարհին ուղղորդող տեղեկատվություն մատուցել:

Նորաստեղծ կայքում  կարող եք գտնել հղիության մանրամասներից մինչև  երեխայի  առողջությանը, հայրենասիրությանը, հավատքին, ժամանցին ու նորաձևությանն առնչվող հետաքրքիր նյութեր, խաղեր, երգեր ու բանաստեղծություններ:

«Իմ փոքրիկի» թղթակիցները հայ ծնողներին կհասցնեն հայտնի մանկաբույժների խորհուրդները, թե ինչպես առողջ և բարեկիրթ մանկիկ մեծացնել: Ընթերցողների հետ իրենց փորձը կկիսեն նաև փորձառու և վաստակաշատ մայրիկներն ու հայրիկները:

Կայքում ինֆորմացիան մատուցված է ութ բաժիններով`«Հղիություն», «Փոքրիկիս առողջությունը», «Փոքրիկիս ժամանցը», «Փոքրիկիս դաստիարակությունը», «Փոքրիկիս հավատքը», «Փոքրիկիս կրթությունը», «Փոքրիկիս նորաձևությունը», «Փոքրիկիս հայրենիքը», «Փոքրիկիս լուրերը»:

«Իմ փոքրիկի» նախաձեռնողները նշում են, որ իրենց հիմնական նպատակներից է նորելուկ սերնդի ժամանցն ապահովել հայկական ժողովրդական հեքիաթներով, հայկական արտադրության մուլտֆիլմերով,  հայրենաճանաչողությունը և քրիստոնյայի ոգին զարգացնող  նյութերով:

Երեխայի հայրենաճանաչողությունը կապահովի «Փոքրիկիս հայրենիքը» բաժինը, որտեղ կարող եք գտնել Հայկական դրոշի, զինանշանի, օրհներգի պատմությունից մինչև հայոց մայրաքաղաքների, թագավորների մասին պատմող մանկահասու տեղեկատվություն: Հոգևոր դաստիարակությունն էլ  կապահովի «Փոքրիկիս հավատքը» բաժինը, որը հնարավորություն կտա մայրիկներին երեխաներին մատչելի լեզվով ներկայացնել Աստվածաշունչը, դաստիարակել  Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայ քաղաքացի:

Կայքի ընթերցողները կարող են հղել նաև իրենց հետաքրքրող հարցերը, որոնց համար սպառիչ պատասխաններ  կգտնեն  «Իմ փոքրիկի» աշխատակիցները:

«Իմ փոքրիկ»-ն ունի նաև «Ֆոտոալբոմ» բաժինը, որտեղ մայրիկները կարող են տեղադրել  իրենց   բալիկների  լուսանկարները, միմյանց հետ քննարկել երեխայի դաստիարակության և խնամքի առավել գործուն  մեթոդները: Պարբերաբար կհայտարարվի նաև լավագույն լուսանկարների մրցույթ` ամենատարբեր խորագրերով:

Կայքի նախաձեռնողները նշում են, որ առաջիկայում կայքի այցելուները հնարավորություն կունենան նաև  էլեկտրոնային աղյուսակի միջոցով հետևել իրենց երեխայի հասակի և քաշի նորմային, օն-լայն ռեժիմով ոլորտի առաջատար  մասնագետներից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Պատրաստման փուլում է նաև «Խաղեր» բաժինը, որտեղ ծնողները կգտնեն իրենց երեխայի ազատ ժամանակը լրացնելու կամ պարզապես կամակորությունը կանխելու արդյունավետ միջոցներ: Այս բաժնում կներկայացվեն խաղեր, որոնք կոչված են զարգացնելու երեխայի մտածողությունը, տրամաբանությունը, օգնելու ավելի հեշտ ճանաչել և յուրացնել շրջակա աշխարհը, ինչպես նաև մանուկ հասակից ճանաչել հայրենիքը` իր ողջ գրավչությամբ:

Սպասե’ք ամենաանսպասելին «Իմ փոքրիկ»-ից` հաճելիորեն զարմացնելով ձեր փոքրիկներին:

Դիտվել է 2160 անգամ:
Print Friendly

Leave a Reply