Հայաստանի դատախազությունը բողոքարկել է Արարատի զորամասի բարձրաստիճան սպաներին գրավով ազատելու որոշումը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2010 21:07

Հայաստանի գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին եւ զորամասի հրամանատրի տեղակալ Արթուր Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Վերջինս հրաժարվել է մեկնաբանել «Ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձամբ է հանդիպել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել բողոքարկել Ռոժին եւ նրա ընկերոջը գրավի դիմաց ազատելու որոշումը:

«Մամուլի ամեն մի հերյուրանք մեկնաբանել չենք պատրաստվում»,- նշել է Տռուզյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորյալներ Վարդան Մարտիրոսյանն ու գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը ձերբակալվել էին զինվորականներից գումարներ շորթելու եւ նրանց նվաստացնելու մեղադրանքով: Հոկտեմբերի 29-ին դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել սպաներին: Ի դեպ, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանը ազատվել է 1 մլն դրամ, իսկ Արթուր Կարապետյանը` 820 հազար դրամ գրավի դիմաց:

Դիտվել է 1479 անգամ:
Print Friendly

Leave a Reply