Մասնագետներ՝ «Մանկական կոշիկի շուկայի արտադրանքի մեծ մասը չի համապատասխանում սահմանված նորմերին»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 6, 2010 11:59

Առողջապահության նախարարի դեռ 2007 թվականի որոշմամբ սահմանվել են մանկական կոշիկներին, դրանց պատրաստման համար օգտագործվող բնական և արհեստական հումքին վերաբերող սանիտարական նորմեր ու կանոնները: Հրամանում ասվում է, որ բնական և արհեստական հումքից ու նյութերից պատրաստված կոշիկները սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված պահանջներին, իսկ դրանց օգտագործման ժամանակ պետք է բացառվեն օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի խաթարումները և առողջությանը ցանկացած բնույթի վնաս հասցնելու հնարավորությունը: Հրամանում մանրամասն թվարկված են նաև այն նյութերը, որոնք թույլատրվում է օգտագործել մանկական կոշիկ կարելիս: Ասվում է նաև հիգիենիկ փորձաքննություն անցկացնելու անհարաժեշտության մասին: Նախարարի հրամանում ամեն ինչ մանրամասն տրված է, բայց իրականում պատկերն այլ է: Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության մասնագետների ուսումնասիրությունները պարզել են , որ կոշկեղենի 95%-ը պարունակում է առողջության համար վտանգավոր տարրեր: 95%-ի մեջ մտնում են նաև մանկական կոշիկները: Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանի փոխանցմամբ, մեր քաղաքում սպառվող կոշիկները, նաև մանկականը, գրեթե ամբողջությամբ ներմուծվում են: «Բերվում են հիմնականում Չինաստանից, Թուրքիայից, արաբական երկրներից: Խսքը համենայն դեպս այն խմբաքանակների մասին է, որոնք նախատեսված են միայն մեծ հնարավորությունների տեր մարդկանց համար: Արտադրանքը Հայաստան մուտք գործելիս որևէ փուլում չի ստուգվում: Եթե դրանց արտաքին որոշ դետալների հետ կապված ծնողը կարող է ընտրություն կատարել, ապա պատրաստման նյութերի, ներկերի հետ կապված խնդիրները բացարձակ անվերահսկելի են: Տվյալ դեպքում, սպառողին ուղղված` աչալուրջ լինելու կոչերն անտեղի են»,- ասում է Աշոտ Ղազարյանը: Հասկանալի է, որ ծնողը, որքան էլ ցանկանա իր երեխայի ոտքերը զերծ պահել անթույլատրելի նյութերով կարված ու անհարմար կոշիկից, չի կարող իր գնումը նախ տանել փորձաքննության, հետո միայն հագցնել երեխային: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տեխնիկական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Արթուր Գալանտերյանն ասում է, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել մինչև մեկ տարեկան և նախադպրոցական տարիքի երեխաների կոշիկներին, որովհետև այդ տարիքում երեխաների ոսկորները դեռ շատ փխրուն են և արագ ու հեշտությամբ են փոփոխությունների ենթարկվում: Բացի այդ, մեկ տարեկանից երեխաները սկսում են քայլել, և կոշիկի ճիշտ ընտրությունից է կախված նրանց հետագա քայլվածքն ու առողջ ոտքեր ունենալը: Որպեսզի կոշիկի երևանյան շուկան վերահսկելի դառնա, օրենսդրական կարգավորում է հարկավոր: Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանն ասում է, որ սկզբում մտադիր էին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարել, բայց հետո եզրակացրել են, որ առանձին օրենք է հարկավոր: Այժմ աշխատում են նոր օրենքի նախագծման ուղղությամբ:

www.panorama.am

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply