Ադրբեջանում դպրոցների 24,2 հազար շրջանավարտներ ատեստատ չեն ստացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 6, 2010 12:21

Ադրբեջանի «Տնտեսական նախաձեռնություններին օգնության հասարակական միության» փորձագետ Ռովշան Աղաեւը հայտարարել է, որ վերջին 11 տարիներին միջազգային օլիմպիադաներում 100-ից ավելի ձեռք բերված մեդալների 95 տոկոսը շահել են Ադրբեջանում գործող 5-6 դպրոցների թուրքական լիցեյների աշակերտները, իսկ 5 տոկոսը՝ Կրթության նախարարության ղեկավարության տակ եղած 3300 հանրակրթական դպրոցների աշակերտները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, փորձագետի վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ 2009 թ-ին բարձրագույն դպրոցների ընդունելության քննություններին մասնակցած 70 շրջանների եւ քաղաքների կեսից ավելի յուրաքանչյուր 100 շրջանավարտներից միայն 4-12 հոգին են հաղթահարել անցողիկ շեմը: Գյուղական դպրոցների 49 047 շրջանավարտների միայն 9,9 տոկոսն են ԲՈւՀ ընդունվել, իսկ շրջկենտրոնների 16 612 շրջանավարտների՝ 14 տոկոսը:
Ադրբեջանի ԲՈւՀ ընդունելության քննությունների հանձնաժողովի տվյալներով, 1016 դպրոցների ոչ մի շրջանավարտ բարձրագույն դպրոց չի ընդունվել: Միջին վիճակագրական հաշվարկներով, 20 աշակերտներ ունեցող դասարանի 11-ամյա կրթության վրա Ադրբեջանը 160-170 հազար մանաթ փող է ծախսում: Դա նշանակում է, որ 11 տարիների ընթացքում պետությունը յուրաքանչյուր աշակերտի վրա 8000-8500 մանաթ է ծախսում:
Այսինքն 1016 դպրոցների վրա կատարված այդ ահռելի ծախսից հասարակությունը արդյունք չի ստանում: Նույն հաստատության տվյալներով, 2009 թ-ին Ադրբեջանում ավարտական ատեստատ ստանալ չկարողացած 24,2 հազար շրջանավարտներից 16,3 հազարը (67 տոկոս) եղել են գյուղական դպրոցների շրջանավարտները: «Այս թվերը պարզորոշ խոսում են այն մասին, որ Ադրբեջանի շրջաններում կրթությունը «մեռած» է», -եզրահանգել է Ռ.Աղաեւը:
Դիտվել է 717 անգամ: