Ինչո՞ւ է էժանացել հայկական ադամանդը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 6, 2010 12:15
Թեեւ ադամանդի համաշխարհային շուկայում այս տարի գների անկում տեղի չի ունեցել՝ Հայաստանից արտահանվող ադամանդն էժանացել է համարյա 3,3 անգամ։ Նախորդ տարի ադամանդը արտահանել ենք 1 կարատը 640 դոլարով, այս տարի՝ 191-ով։ Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ադամանդի գնի նման կտրուկ անկումը։
Ավանդաբար ադամանդի գները հաշվարկվում են ամերիկյան դոլարով։ Նույնիսկ Ռուսաստանում, որտեղ ըստ օրենքի, հաշվարկային միավորը ռուբլին է, ադամանդի բոլոր գործարքներն իրականացվում են դոլարով։ Ադամանդի գինը չափազանց տարբեր է եւ կախված է 4 հիմնական գործոններից՝ զանգված, գույն, մաքրություն եւ մշակման որակ։ Այս գործոնները հայտնի են նաեւ 4С անվամբ (colour, clarity, cut եւ carat): Այս գործոնների ազդեցությամբ՝ ադամանդի գինը կարող է տատանվել 1 կարատի համար 100-ից մինչեւ մի քանի տասնյակ հազար դոլարի սահմաններում։ Եթե 2 նույնատիպ ադամանդներ ունեն տարբեր քաշեր, ապա ավելի ծանր ադամանդը շատ ավելի թանկ  արժե, քան պարզապես քաշի տարբերությունն է։
Հայաստանը ավանդաբար գործել է միջին գների միջակայքում՝ 1 կարատի համար 500-1000 դոլար։ Ընդունված է համարել, որ Հայաստանում մշակվող ալմաստն ավելի որակյալ է, քան Հնդկաստանում կամ Չինաստանում, որոնք հանդիսանում են ադամանդի մշակման առաջատարներ։ Սակայն չի բացառվում, որ Հայաստանը փոխում է իր դերակատարումը ադամանդի համաշխարհային շուկայում։ Ներկայում հայկական գործարանների հումքի հիմնական մատակարարը հանդիսանում է ռուսական «Ալռոսան», իսկ նախկինում՝ Բելգիան եւ Իսրայելը։ Ըստ երեւույթին՝ «Ալռոսան» Հայաստանին մատակարարում է ոչ բարձրարժեք հումք։
Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply