ՎՊ-ն առաջարկել է կառավարությանը քննարկել ՙԳեոՊրոՄայնինգ Գոլդ՚ ՍՊԸ-ի հանքային իրավունքների դադարեցման հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 5, 2010 20:52

Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզի Սոթք և Կոտայքի մարզի Մեղրաձոր համայքներում ընդերքի օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների հիման վրա առաջարկել է կառավարությանը քննարկել ոսկու տվյալ հանքավայրերը շահագործող ՙԳեոՊրոՄայնինգ Գոլդ՚ ՍՊԸ-ի հանքային իրավունքների դադարեցման հարցը: Այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Ըստ ՎՊ նախագահի, կառավարությանն առաջարկվել է նաև քննարկել շարունակական բնույթ կրող, օրենսդրական և պայմանագրային խախտումների չարձանագրման և դրանց կանխման, վերացման նպատակով չիրականացված գործառույթների համար պատասխանատու պաշտոնատար անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ի.Զաքարյանի մատուցմամբ, 2007թ.-ից 2010թ.-ի մարտի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում հիշյալ երկու հանքավայրերի օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքում ՎՊ-ն եկել է եզրակացության, որ ՙԳեոՊրոՄայնինգ Գոլդ՚ ՍՊԸ-ի (նախկին ՙԱրարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն՚ ՍՊԸ) 100% բաժնեմասի սեփականատեր է հանդիսանում Կայմանյան կղզիներում գրանցված ՙՖրսթ Դայնսթի Մայնս Արմենիա՚ լիմիթեդ ընկերությունը, որն իր ամբողջ բաժնեմասը գրավադրել է ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի բանկում ի շահ Կառլոու ԲիՎի ընկերության: Դրա դիմաց բանկի կողմից 2010թ.-ի հունիսի 22-ին տրամադրվել է 250 մլն ԱՄՆ դոլար վարկ, որից որպես ներդրում հայաստանյան ընկերությանը միջոցներ չեն հատկացվել, մինչդեռ վերջինս ստանձնել է մի շարք ներդրումային պարտավորություններ, որոնք դեռևս իրականացված չեն:

Ըստ ՎՊ-ի եզրակացության, հանքային իրավունք կրող ընկերությունն աշխատում է խոշոր վնասներով, ինչի մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտե ներկայացված շահութահարկի հաշվարկ-հաշվետվությունները: Համաձայն դրանց, ընկերության վնասները 2007թ.-ին կազմել են շուրջ 16 մլրդ դրամ, 2008թ.-ին` 17,3 մլրդ դրամ, 2009թ.-ին` 11,6 մլրդ դրամ:

Բացի այդ, լիցենզային պայմանագրերը կնքվել են ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների խախտմամբ: Պարզվել է նաեւ, որ ընկերության կողմից, 2004թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2008թ.-ի փետրվարի 29-ը, Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործումը և հանքարդյունահանումը կատարվել է առանց ուժի մեջ մտած լիցենզիաների, ինչը, ըստ էության, ապօրինի գործունեություն է:

Ընկերությունը չի իրականացրել լիցենզիոն պայմանագրով ստանձնած մի շարք պարտավորություններ և գործառնություններ, մասնավորապես, տարեկան նվազագույնը արդյունահանել 600 հազար տոննա հանքաքար Սոթքի հանքավայրից և 120 հազար տոննա` Մեղրաձորի հանքավայրից: Սոթքի հանքավայրից 2007թ.-ին արդյունահանվել է 16 655 տ, 2008թ.-ին` 29 236 տ, 2009թ.-ին` 320 554 տ, Մեղրաձորի հանքավայրից 2007թ.-ին` 1 600 տ, 2008թ.-ին` 0 տ, 2009թ.-ին` 0 տ:

Ընկերությունը պարտավոր էր տրամադրված տարածքի համար ՀՀ պետական բյուջե վճարել տարեկան Սոթքի հանքավայրի համար 3,83 մլն դրամի, իսկ Մեղրաձորի հանքավայրի համար` 2,21 մլն դրամի չափով կոնցեսիոն վճար, սակայն մինչև ստուգման ավարտը գումարը վճարված չէր: Կոնցեսիոն վճարի գծով ընդհանուր պարտքը կազմում է 24,16 մլն դրամ, որն ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 973 անգամ:

Leave a Reply