Հանրային խորհրդում տեղի ունեցավ ՙԱզգային Համագործակցության Ցանց՚ էլեկտրոնային պորտալի մեկնարկային շնորհանդեսը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 19:00
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ ՙԱզգային համագործակցություն՚ հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 5ին Հանրային խորհրդում հրավիրած մեկնարկային շնորհանդեսով ազդարարեցին ՙԱզգային համագործակցության Ցանց՚ եռալեզուէլեկտրոնային պորտալի ծնունդը:
Նախաձեռնողները նախատեսել են ցանցի տասը բաժին՝ գլխավոր էջ՝ լուրերով, էլեկտրոնային հանրագիտարան, ՙդեղին՚ տեղեկագրեր, մշակութային ենթացանց, ՙԴարերի միջով՚ բաժին, հանգստի կազմակերպում, հանրային կյանք՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում արտադրված հեռուստառադիոհաղորդումներ, առողջապահական աջակցման ծառայություններ, էլեկտրոնային շուկաներ, հեռավար ուսուցում:
Էկոնոմիկայի նախարարի գրասենյակի ղեկավար Անահիտ Խեչոյանը տեղեկացրեց, որ համապատասխան հիմնադրամի ստեղծման որոշման նախագիծը նախարարությունն այսօր կներկայացնի կառավարություն: Նրա բնորոշմամբ, ցանցը լուրջ գործիք կարող է դառնալ ոչ միայն տեղեկատվական հասարակության կայացման գործում, այլեւ աշխարհի հայերով համախմբվելու, հայկական հարցերն աշխարհին ներկայացնելու գործում: Իսկ գաղափարի եւ նախաձեռնությանը սկիզբ դնելու համար շնորհակալություն հայտնեց ՙԱզգային համագործակցություն՚ հասարակական կազմակերպության նախագահ, ՀԽ անդամ Արշակ Սադոյանին՝ ՙհամառ պայքարի եւ գործունեության համար՚:
Հանրային խորհրդի՝ նոյեմբերի 10ի լիագումար նիստի օրակարգում նախատեսված է Արշակ Սադոյանի զեկույցն այս հարցով:
Արշակ Սադոյանը պորտալի մեկնարկային շնորհանդեսի ժամանակ ԱՀՑն անվանեց ՙվիրտուալ ազգային տարածք, որի հնարավորությամբ կկարողանանք ինքնակազմակերպվել, միասին հաղթահարել մեր առջեւ եղած մարտահրավերները՚:
ՀԽ անդամ Կորյուն Առաքելյանը հետաքրքրվեց, թե ազգային անվտանգության տեսակետից որքանո՞վ է ապահով լինելու նման ահռելի հայկական տեղեկատվությունը ՙմեկ զամբյուղի մեջ՚ տեղավորելը: Արշակ Սադոյանը վստահեցրեց, որ խիստ անձնական տվյալները փակ են լինելու, իսկ այնպիսի տվյալներ, ինչպիսիք կան ասենք Դեղին էջերում, արդեն իսկ ցանկացածին մատչելի են: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը արձագանքեց՝ իսկ մենք ունե՞նք տեղեկատվություն, որն ուզում ենք ուրիշները չիմանան:
ՙՈ՞վ է տնօրինելու ԱՀՑի գովազդային եկամուտները՚. լրագրողների այս հարցին ի պատասխան Արշակ Սադոյանը նշեց, որ ՙԱզգային Համագործակցության Ցանցը՚ շահույթ չհետապնդող կազմակերպություն է, իսկ առնվազն մեկ տարի հետո կունենա բավական լուրջ շահույթ ունեցող 20-30 բիզնեսխմբավորումներ:
Պորտալը կսկսի գործել հավանաբար վեց ամիս հետո. նրա առանձնահատկությունների, գործունեության շուրջ տեղեկատվությունը առաջիկայում կտեղադրվի հետեւյալ կայքէջերում՝ www.national.am,
www.publiccouncil.am, www.mineconomy.am.
Ամեն ոք կարող է ներկայացնել իր առաջարկությունները՝ կապված ԱՀՑի հետ, այդ թվում, այս էլեկտրոնային պորտալին բարեհունչ անուն տալու համար:
5.11.2010թ.
ՀՀ Հանրային Խորհրդի
տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
