Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք սկսեց Աբովյանի մարզաբազայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 20, 2009 17:40Հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանի մարզաբազայում: Այդ մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն «Անկախ»-ին տեղեկացրեց, որ մեր ընտրանին նախապատրաստվում է նոյեմբերին Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Օգոստոսի 9-ին մեկնարկելու են ծանրամարտի ՀՀ գավաթի խաղարկությունը և մինչև 23 տարեկանների առաջնությունը: Դրանց արդյունքով էլ կհստակեցվեն Հայաստանի մեծահասակների և երիտասարդների հավաքականների կազմերը:
Մեր երիտասարդ ծանրորդներն էլ հոկտեմբերին Լեհաստանում մասնակցելու են մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այդ ստուգատեսն առաջին անգամ է կազմակերպվելու: Նախկինում երիտասարդ ծանրորդները մրցել են միայն մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Մխիթարյանը հայտնեց նաև , որ մեր թիմն աշխարհի առաջնությանը մրցահարթակ է դուրս բերելու լրիվ կազմ` 8 մարզիկ, քանի որ առաջիկա 3 տարիների աշխարհի առաջնության ընդհանուր թիմային արդյունքներով է որոշվելու, թե ամեն երկիր քանի ծանրորդով է ներկայանալու 2012 թ• Անգլիայում կայանալիք օլիմպիական խաղերին:
«Պեկին 2008»-ի օլիմպիական խաղերում Հայաստանից մասնակցել էր 5 ծանրորդ:






Facebook
Tweet This
Email This Post
