Երեւանում բացվեց հակակոռուպցիոն կենտրոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 15:02
«Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի Արթենյանի օրհնությամբ այսօր Երեւանում պաշտոնապես բացվեց Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն (ՇՊԱԿ): Այն հիմնվել է երեք ամիս առաջ եւ պայքարում է Հայաստանում կոռուպցիայի առաջացման ու զարգացման դեմ, պաշտպանում է քաղաքացիների իրավունքներն ու շահերը:
«Այս երեք ամիսների ընթացքում երեւանյան գրասենյակ 500-ից ավելի քաղաքացիներ են դիմել ամենատարբեր հարցերով, որոնց մենք ամեն կերպ աջակցում ենք: Սակայն հնարավոր չէ միայնակ պայքարել կոռուպցիայի դեմ, եւ զբաղվել մարդկանց իրավունքների, շահերի պաշտպանությամբ` առանց համագործակցելու պետական եւ իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ու լրատվամիջոցների հետ»,-ասաց ՇՊԱԿ-ի ղեկավար, ավագ իրավաբան Մարատ Ատովմյանը:
Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, փոխանցելով գլխավոր դատախազի շնորհավորական խոսքը, կարեւորեց սոցիալական գործընկերությունը եւ հույս հայտնեց, որ կենտրոնն իր գործունեությամբ կխթանի Հայաստանում դրա կայացմանը: Ստեղծվելով եւ ֆինանսավորվելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) կողմից` Երեւանի ՇՊԱԿ-ը ծառայում է որպես քաղաքացիների բողոքների ընդունման գրասենյակ, որտեղ կոռուպցիայից տուժած անձինք ստանում են անվճար իրավաբանական աջակցություն:
Կենտրոնն այսուհետ կանցկացնի նաեւ հասարակական իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներ եւ կխթանի կանխարգելիչ հակակոռուպցիոն բարեփոխումներին` միաժամանակ համագործակցելով Հայաստանի կառավարության հետ: ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն դոկտոր Չիմա Յատինդերը եւս կարեւորեց երեւանյան կենտրոնի բացումը` ընդգծելով, որ կոռուպցիան այն խնդիրն է, որն առնչվում է բոլոր բնագավառներին եւ «պետք է հուզի բոլորին»:
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված «Կասալս ենդ Ասոշիեյթս» ընկերության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում տրամադրված միջոցների հաշվին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ-ի կողմից իրականացվող Երեւան, Վանաձոր, Կապան, Հրազդան եւ Աշտարակ քաղաքներում Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնների, իսկ Արարատ, Թալին, Ապարան, Գյումրի, Իջեւան եւ Եղեգնաձոր քաղաքներում Շահերի պաշտպանության եւ աջակցության ընդունարանների ստեղծում եւ գործարկում ծրագրի շրջանակներում այս տարվա օգոստոսի 1-ից գործարկվել են վերը նշված կենտրոնները եւ ընդունարանները:
Նշենք, որ ՇՊԱԿ-ի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի, գլխավոր դատախազության, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
