Գերեզմանագողերի, «սրբապիղծ» կովերի և այլնի մասին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 5, 2010 15:00

Չնայած Լոռու մարզի Ձորագետ համայնքը համարվում է տուրիզմի միջազգային կենտրոն (քանի որ այդտեղ մի քանի տարի առաջ բարձրակարգ հյուրանոց կառուցվեց, ուր հանգրվանում են տարբեր երկրների զբոսաշրջիկներ, հաճախ էլ ՀՀ բարձրաստիճան այրերն են սեմինարները համատեղում հաճելի հանգստի հետ), համայնքում բազմաթիվ խնդիրներ կան:

Դրանցից մեկը Ձորագետ մտնող, Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գտնվող կամրջի վիճակն է. բազրիքների մի մասը փլված է, և նեղ մայթով անցնող հետիոտնը մեքենաներից զգուշանալու դեպքում «բռնելու» տարբերակ չունի («այլընտրանքը» կամրջի տակով հոսող Դեբեդն է): «Ասենք թե հետևից մի ավտո է գալիս, ինչի՞ց բռնենք,- դժգոհում է նախկին գրադարանավարուհի, միայնակ թոշակառու Ելենա Անդրեասյանը: Կամրջի և հարակից հատվածների անբարեկարգության պատճառով տարիներ առաջ այդտեղ մեքենա է ընկել գետը, բայց հավանաբար դա դաս չի եղել:

Ձորագետավան մտնող թունելը, որ նաև Թումանյան կայարան-Ձորագետ միջհամայնքային հետիոտն ճանապարհ է, դեռ սովետի թվերից հավերժական կաթոցների մեջ է, գետինը` մշտապես աղբի մեջ կորած, լուսավորություն չկա, ինչի հետևանքով մեքենաները (որոնց թվում` ապրանք տեղափոխող ահռելի բեռնատարներ) միմյանց բախվելու մշտական վտանգի մեջ են: Երկաթուղային կառամատույցը շուրջ 3 տարի է` չի գործում: Տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարման օրոք ՀՀ կառամատույցների նորոգման մի ծրագիր էր  գովազդվում Համաշխարհային բանկի կողմից, որ անընդհատ շեփորվում էր հեռուստատեսությամբ, բայց Ձորագետավանի կառամատույցն այդպես էլ չնորոգվեց, իսկ Հայաստանի երկաթուղու նոր սեփականատերերը որոշեցին այն ընդհանրապես գործունեությունից հանել (այնպես, ինչպես որոշ այլ կառամատույցներ ՀՀ տարբեր շրջաններում, ինչը պատճառաբանվեց սեփականատերերին ձեռնտու չլինելու հանգամանքով):

«Այրում-Վանաձոր-Գյումրի  գնացքը էստեղ կանգնում է միայն այն ժամանակ, երբ իմաց են տալիս, որ նստող կա»,- պարզաբանում է բնակիչներից մեկը: Ի պատասխան` մյուսը դժգոհում է. «Հա, բայց կարգը ըտենց չի, գնացքը պետք ա օրինական կարգով, շնորհքով կանգնի, մարդիկ իմանան կա, որ նոր գնան»: «Ո՞րտեղ կանգնի, որ պերոն չկա, էլածն էլ փուլ ա էկել, ինչ էլ մնացել էր, գողացել-տարել են»,- հավաստիացնում է զրուցակիցը: Մեկ ուրիշն էլ նկատում է. «Ասում են` նստող չի ըլնում, դրա համար էլ չի կանգնում, բայց եթե մարդիկ իմանան, որ գնացք կա, կնստեն, էլեկտրիչկեն մարշրուտնուց էժան ա, երևի մարշրուտկեքի գործին չխփելու համար էլեկտրիչկեն հանեցին: Համ էլ մենակ ձորագեսցիք չեն, ուրիշ գյուղերից էլ էին առաջներում գալիս, որ գնացքով գնային, հիմի ստիպված շոշում կանգնում են, մինչև մի ավտո գա»: Հարկ է նշել, որ անգամ ցրտի ու մթի տարիներին կառամատույցը գործում էր, անգամ դիսպետչերական կետ կար` հատուկ տոմսավաճառով:

Բարձիթողի վիճակում է ավանի գերեզմանատունը: Պահակային հաստիքի բացակայության պայմաններում մետաղե դուռը գողացել են, ինչպես նաև` որոշ գերեզմանների մետաղե ճաղերը, և գերեզմանատունը սկսել է ասպատակությունների ենթարկվել: «Լավ, էդ խեղճ ննջեցյալներն իրավունք չունե՞ն հանգստանալու, ինչի համար ասես ծառայում է էս գերեզմանատունը, մութ ու ցրտի տարիներին սղոցարան էր դառել, անտառից ծառերը կտրում, բերում էին էստեղ սղոցում, հիմա էլ հա՛մ ռազբորկեքի տեղ է, հա՛մ ժամադրավայր, հա՛մ արոտավայր»,- դժգոհում է բնակիչներից մեկը` տեղեկացնելով, որ պահակ չլինելու հետևանքով ոչ միայն ծաղիկների ու թփերի առևանգում է տեղի ունենում գերեզմանագողերի կողմից, այլև հարևան Թումանյան կայարանից կովերի նախիր է ժամանում, որ ավերում է գերեզմանատան ծառերն ու թփերը: Որպես հարցի լուծման տարբերակ` ննջեցյալների հարազատները որոշել են իրենց միջոցներով պարսպապատել գերեզմանատունը, բայց ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում էլ հարձակումներ չեն լինի, քանի որ պահակ չկա (այնպես, ինչպես ՀՀ այլ գերեզմանատներում):

Մի կարևոր հիմնախնդիր էլ ավանի ներքին ճանապարհների անբարեկարգ վիճակն է. մի 20 տարի բնակիչներն այստեղ ասֆալտ չեն տեսել, էլի բարեբախտություն է, որ վերջերս նորոգվում էր Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու Ձորագեսի մոտ գտնվող հատվածը, որի անբարեկարգության պատճառով ամիսներ առաջ երթուղային տաքսի էր գլորվել գետը:

Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply