Արցախի անկախության ճանաչման ողջ խոսակցությունները քաղաքական հաղթաթղթերի ներկայացում է

Հարցազրույց | | November 5, 2010 12:10

Ըստ քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի` Արցախի անկախության ճանաչման ողջ խոսակցությունները քաղաքական հաղթաթղթերի ներկայացում է:

Վերջին օրերին մեր քաղաքական հարափոփոխ կյանքում բուռն քննարկման կիզակետում էր “Ժառանգություն” կուսակցության առաջադրածՀՀի կողմից ԼՂՀի անկախության ճանաչման մասին” նախագիծն ԱԺում քննարկման և քվեարկության դնելը: Ինչպես հայտնի է, անցած շաբաթավերջին ԱԺ կոալիցիոն կուսակցությունները հրապարակեցին հայտարարություն, որում իրազեկեցին “Ժառանգության” առաջարկած նախագծի քվեարկության հետաձգումը մինչև դեկտեմբեր: Այս ամենին ընդառաջ, երբ իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը, իսկ “Ժառանգություն” կուսակցությունն իրեն պարտված չի համարում, “Անկախի” թղթակիցը փորձեց քաղաքական վերլուծաբան Ա. Սեդրակյանից պարզաբանումներ ստանալ, թե արդյոք օրինաչա՞փ են այդ ուղղությամբ տարվող գործընթացները և ընդունված որոշումները: Անկախ վերլուծաբանը, ինչպես տիկին Սեդրակյանն իրեն բնորոշեց, ասաց. “Եթե անկախության ճանաչումը լիներ հաստատագրված գործոն Արցախի ընդհանուր վիճակի բարելավման հարցում, ապա այդ ճանաչումը վաղուց իրականացած կլիներ: Սա հզոր հոգեբանական խաղաքարտ է, և որոշակի մտավախություն ունեմ”: Հիշատակելով Աժ խոսնակ Հ. Աբրահամյանի` անցած շաբաթ լրագրողներին ասածը, մեջբերում ենք բառացի. “Եթե նախագահը հանդիպումից հետո մեզ առաջարկի, որ մենք ընդունենք, ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, մեծ սիրով: Եթե երկրի նախագահի գլխավորությամբ որոշենք, որ պետք է դե յուրե ճանաչենք ԼՂ անկախությունը, անպայման մենք շատ արագ կնախաձեռնենք ու արտահերթ նիստով կարող ենք դա անել”: Գնահատելով դրա իրագործումից բխող հետևանքները` Ա. Սեդրակյանը նկատեց.”Ինչպես պարոն Աբրահամյանն էր արտահայտվել, Աստրախանից նախագահը գա, հրահանգիԱյս ամենից մեծ մտահոգություն ունեի, հնարավո՞ր է, որ նախագահը գար ու հրահանգեր, որ պիտի տեղի ունենա Արցախի անկախության ճանաչումը: Դա կլիներ նշան, որ շատ վատ է Արցախի հարցով բանակցային գործընթացը, և դա մնացել է մեր միակ խաղաթուղթը, որը կարելի է խաղացնել: Այնուամենայնիվ, դրանով կգնայինք տոտալ հակամարտության: Սա, իրո°ք, տոտալ հակամարտություն է, եթե մենք ենք ճանաչում այդ անկախությունը: Ղարաբաղի անկախության ճանաչման այդ ողջ խոսակցությունները քաղաքական խաղային գործընթաց են, քաղաքական հաղթաթղթերի ներկայացում, ինչպես լինում է խաղաթղթի ժամանակ, երբ ուզում ես ցույց տալ, որ դու ունես ինչինչ հաղթաթղթեր: Ես չէի ուզենա, որ նախագահը գար Աստրախանից և ասեր, որ մենք ճանաչում ենք Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, որ մեր վիճակը շատ վատ է, իսկ հիմա նշանակում է, որ բանակցային վիճակը օպտիմալ ընթացք ունի”:

Այդուհանդերձ, օրինագծի քննարկումը, ընդունումը, ի վերջո, Արցախի անկախության ճանաչումը ինչի՞ կհանգեցնի, արդյոք պատերազմի՞: Ըստ Ա. Սեդրակյանի` այդ ուղղությամբ բացակայում է դիվանագիտական քարոզչությունը. “Մի քանի, անգամ աֆրիկյան հետամնաց երկրներ պետք է այդ անկախությունը ճանաչեն, նոր մենք լինենք այդ շարքում: Գոնե մի նախադեպ պետք է ունենանք մեզնից առաջ, լոբբինգ պետք է անենք: Ոչ մի իմպերիա պետք չէ, երկրներ կան, որ այդ ճանաչումը կարող են վաճառել քսան հազար եվրոյով: Եթե դու առաջինն ես, դա շատ վտանգավոր է: Չեմ կարծում, որ դրանից պատերազմ կբխի, կբերի Արցախի իրավիճակի լավացում, որովհետև կորցնում ենք հնարավորությունը մանիպուլյացիա անել Արցախի կարգավիճակի տարբերակների հետ: Ես ուրախ կլինեի, եթե մենք լինեինք այնքան հզոր և անբիծ երկիր, որ բոլոր խոսակցություններին կարողանայինք դիմակայել: Դա կլինի քաղաքական ագրեսիա, Արցախի անկախության ճանաչմամբ հակառակ ենք գնում ողջ միջազգային հանրության կարծիքին: Եթե այդ տարբերակը հնարավոր լիներ, գոնե մի ճակատում մեզ դա կհուշեին և կիրականացնեին: Դա կարելի էր իրականացնել այն ժամանակ, երբ Հայաստանն անկախանում էր, երբ ողջ աշխարհում շիլափլավ էր, և ոչ ոք չէր հասկանում, թե ով ով է, երբ այդ հարցը վերահսկողությունից դուրս էր: Այդ ժամանակ նույնիսկ չարվեց, հիմա, ի՞նչ եք կարծում, այդպիսի հստակ վերահսկողության պայմաններում կարվի՞, երբ յուրաքանչյուր գիծ բալանսի խախտման տարբերակ կարող է լինել”:

Մեր հիշեցումը.Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը “համազգային անհրաժեշտություն, բանակցությունները ճիշտ հուն տեղափոխելու ելք է, դրանցում հայոց շահը ապահովելու և Արցախի ինքնիշխանությունը փրկելու ամենակարճ ուղին է, ինչպես նաև ՀայաստանԱրցախ միջպետական հարաբերություններն օրինականացնելու միակ ճանապարհն է”: Ի հակադրություն` խորհրդարանական կոալիցիան փաստարկում է, որ “ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլն այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից”: Հետևաբար, այս զուգահեռ հիմնավորումները օրինաչա՞փ են: Խնդրո հարցում, ըստ էության, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին համակարծիք Ա. Սեդրակյանը պատասխանեց. “Չպետք է ունենանք հայտարարությունների մակարդակով կարգավորում, որովհետև կարող ենք լավագույն մտադրություններով ամեն ինչ հայտարարել: Գիտենք, որ “Ժառանգության” բոլոր գործողությունները թելադրված են, իրո°ք, ազգային շահի գիտակցմամբ: Ուրիշ բան է, որ դուք կարող եք շատշատ ազգային շահի գիտակցումով գործել, բայց լավագույն մտադրություններից հանկարծ բխեն դժվար հետևանքներ: Որպես վերլուծաբան` չգիտեմ, թե այդ ճանաչումից հետո ինչ է լինելու: Քաղաքական ագրեսիան բացահայտ է: Հայտնի չէ` մեր ճանաչումը կարող է դիտվել համար մեկ քաղաքական ագրեսիայի քայլ, կարող ենք ուրիշների բերանը լեզու դնել, խնդիրներ առաջացնել և այլն”:

Ըստ վերլուծաբանի` Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրավիճակը դե ֆակտո մեր օգտին է, թեև կան խայտառակ բացթողումներ, ինչպիսիք են` չբնակեցված Ղարաբաղը` շրջակա գոտիներով հանդերձ, երկրի անվտանգությունը չպահելը: “Այդ հինգ հազար կիլոմետրը պետք է լիներ համաժողովրդական սեփականության և ժողովրդավարության գոտի: Այդ տարածքը հայտնի չէ, թե ինչ ենք անում, ինչքան հայություն ենք պահպանում այնտեղ: Գոնե Արցախի համար կարելի էր ստեղծել հարկային, տնտեսական և մաքսային իդեալական պայմաններ, որ մարդիկ իրենց կամքով գնային այնտեղ ապրելու: Այս հարցում թերացել ենք բոլորս` և° ներկա իշխանությունները, և° նախկին իշխանությունները, և° Արցախի իշխանությունները, որոնք չեն մտածել այդ ուղղությամբ ինքնուրույն քայլեր ձեռնարկել: Արցախով մենք ստեղծեցինք Հայաստանի վատ կրկնօրինակը: Իդեալական տարբերակն այն պետք է լիներ, որ Հայաստանի ժողովուրդը, այստեղից զզված, գնար պայմաններով ավելի լավ Արցախ, ոչ թե եվրոպական երկրներ”,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Հ.Գ.

Հավելենք, որ քաղաքական կոալիցիայի կողմից առաջարկվել է “ՀՀի կողմից ԼՂՀի անկախության ճանաչման մասին” նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև դեկտեմբերի 9-ը` մինչև Ղարաբաղի անկախության 19-ամյակի նախօրյակը: Այս որոշմանը չի ընդդիմացել օրինագծի հեղինակ “Ժառանգությունը”: Ի դեպ, այդ ժամանակ Աստանայում տեղի կունենա գագաթնաժողով, որի ընթացքում որոշակի հստակություն կմտնի ԼՂ կարգավորման հարցում:

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply