ՕՊԷՔ-ը 2010 թվականին նավթի պահանջարկի կանխատեսումը նվազեցրել է օրական մինչեւ 85,5 մլն բառել
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 11:20
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) 2010 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը վերանայել է անցած ամսվա կանխատեսման համեմատ` այն նվազեցնելով օրական մինչեւ 85,5 մլն բառել: Այդ մասին ասված է ՕՊԷՔ-ի նոյեմբերյան զեկույցում: Հոկտեմբեր ամսվա զեկույցում կազմակերպությունը կանխատեսում էր, որ ընթացիկ տարում նավթի պահանջարկը կկազմի օրական 86,59 մլն բառել:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ՕՊԷՔ-ը 2010 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքի աճ է սպասում 3,9 տոկոսով, իսկ 2011 թվականին` 3,7 տոկոսով: Նախորդ զեկույցում կազմակերպությունը 3,6 տոկոս աճ էր կանխատեսում: Միեւնույն ժամանակ, երկարաժամկետ կանխատեսման համաձայն, 2030 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կմեծանա օրական մինչեւ 105,5 մլն բառել:
Կազմակերպության զեկույցի տվյալներով` դա հնարավոր կդառնա համաշխարհային էկոնոմիկայի աստիճանական վերականգնման շնորհիվ: «Էկոնոմիկայի վերականգնումն ընթանում է ամբողջ թափով, աշխարհի երկրների մեծամասնության համար տնտեսական կանխատեսումներն ավելի ու ավելի դրական են դառնում, քան մեկ տարի առաջ»,- հայտարարել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ էլ Բադրին: Իր հերթին ԱՄՆ-ի էներգետիկական տեղեկատվության վարչությունը (EIA) հանդես է եկել կանխատեսմամբ, ըստ որի 2011 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կմեծանա օրական 1,38 մլն բառելով` մինչեւ 87,44 մլն բառել:
Սեւ ոսկու սպառման աճը պայմանավորված կլինի Չինաստանի, Բրազիլիայի եւ Մերձավոր արեւելքի կողմից պահանջարկով, ասված է ամերիկյան գործակալության զեկույցում: Միայն չինական էկոնոմիկան եկող տարի օրական կսպառի մոտավորապես 9,55 մլն բառել նավթ: EIA-ի կարծիքով` ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրներում նավթի արդյունահանումն այս տարի կավելանա օրական 900 հազար բառելով` մինչեւ 51,36 մլն բառել:
Դա օրական 200 հազար բառելով ավելի է նախորդ կանխատեսումից: Զեկույցում ասված է, որ արդյունահանման աճի առավել բարձր տեմպեր են սպասվում ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ ԱՊՀ-ի երկրներում: EIA-ն կանխատեսում է, որ ամերիկյան թեթեւ նավթի միջին գինն այս ձմռանը բառելի դիմաց կկազմի 80 դոլար, իսկ 2011 թվականի վերջին կավելանա մինչեւ 85 դոլար: Աշխարհում խոշորագույն շվեյցարական նավթաթրեյդերի` Vitol-ի ղեկավար Յան Թեյլորն Էլ կանխատեսել Է, որ 2011 թվականին նավթի գինը կհասնի բառելի դիմաց առավելագույնը 85 դոլարի, չնայած այն բանին, որ դրա աճի շուկայական սպասումները հասնում են բառելի դիմաց 100 դոլարի նշագծին:
«Բառելի դիմաց նավթի` 70-85 դոլար գնի միջանցքը, թվում է, հարմար է արտադրողների համար եւ միաժամանակ ընդունելի սպառողների համար»,- գրում է Թեյլորը Financial Times թերթում: «Մենք գտնում ենք, որ 2011 թվականին գները կհասնեն այդ միջանցքի վերին սահմանին»,- գրում է Vitol-ի ղեկավարը: Նա նախազգուշացնում է, որ նավթի արդյունահանման եւ նավթամշակման ավելցուկները եկող տարի գները կպահպանեն «հարաբերականորեն ավելի նեղ միջանցքում»:
Նրա կարծիքով` 2011 թվականին նավթի պահանջարկի աճը ներկայիս օրական 1,6 մլն բառելից կդանդաղի մինչեւ 1,3 մլն բառել: Էներգետիկայի միջազգային գործակալությունը 2011 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը բարձրացրել է օրական մինչեւ 88,2 մլն բառել: Ըստ գործակալության փորձագետների` 2010 թվականի համեմատ աշխարհում նավթի պահանջարկը 2011 թվականին կաճի 1,5 տոկոսով կամ օրական 1,2 մլն բառելով:






Facebook
Tweet This
Email This Post
