Մարդկային զարգացման համաշխարհային վարկանիշի առաջատարը Նորվեգիան է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 5, 2010 11:12

Նորվեգիան գլխավորել է մարդկային զարգացման համաշխարհային վարկանիշը, որը հաշվարկվում է համալիր այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսին են կյանքի տեւողությունը, առողջապահության մակարդակը, կրթություն, գիտելիքներ եւ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 20-րդ տարեկան զեկույցում, որը հինգշաբթի հրապարակվել է Նյու Յորքում:

Առաջին եռյակում են նաեւ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան: Համաշխարհային վարկանիշը եզրափակում են աֆրիկյան երեք երկրներ` Նիգերը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը եւ Զիմբաբվեն: Ռուսաստանը 65-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշում: Զեկույցի տվյալներով` վերջին հինգ տարում ՌԴ-ին հաջողվել է երեք դիրքով վեր բարձրանալ: Չնայած դրան` երկիրը մնացել է երկրորդ խմբում, որի մեջ մտնում են մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրները:

Ընդամենը այդպիսի խմբերը չորսն են` զարգացման շատ բարձր մակարդակ (վարկանիշի 1-42 տեղեր), բարձր մակարդակ (43-85 տեղեր), միջին մակարդակ (86-127 տեղեր) եւ ցածր մակարդակ (128-169 տեղեր) ունեցող երկրներ: Ըստ որում 25 երկիր առանձին են դիտարկվել, քանի որ ՄԱԿ-ի փորձագետներին չի հաջողվել տեղեկատվություն ստանալ բոլոր չափանիշների վերաբերյալ: Այդ պետությունների թվում են` Կուբան, Իրաքը, ԿԺԴՀ-ն, Լիբանանը, մի շարք փոքր կղզի-պետություններ, Պաղեստինյան տարածքները եւ միանգամայն բարեկեցիկ եվրոպական թզուկ-պետություններ` Մոնակոն եւ Սան Մարինոն:

Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից միայն Էստոնիան է կարողացել մտնել մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ ունեցող պետությունների խմբի մեջ: Նա զբաղեցնում է 34-րդ տեղը: Մարդկային զարգացման բարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում Ռուսաստանի հետ միասին նախկին խորհրդային հանրապետություններից տեղ են գրավել Լիտվան (44-րդ տեղ), Լատվիան (48-րդ տեղ), Բելառուսը (61-րդ տեղ), Ղազախստանը (66-րդ տեղ), Ադրբեջանը (67-րդ տեղ), Ուկրաինան (67-րդ տեղ), Վրաստանը (74-րդ տեղ): Մարդկային զարգացման միջին մակարդակ ունեցող պետությունների թվում են Թուրքմենստանը (87-րդ տեղ), Մոլդովան (99-րդ տեղ), Ուզբեկստանը (102-րդ տեղ), Ղրղզստանը (109-րդ տեղ), Տաջիկստանը (112-րդ տեղ):

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply