ԻՏՁՄ-ն միավորում է 50 անդամ կազմակերպություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2010 11:06

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2010թ. հոկտեմբերի դրությամբ միավորում է ոլորտի 50 կազմակերպություն: ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Ռուզան Ապրեսյանը նշում է, որ  մեկ տարվա ընթացքում միության անդամ կազմակերպությունների թիվը 27-ից հասել է 50-ի:

Դրանք հիմնականում ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման ու զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի մասնագիտացումներում: Միության մի շարք անդամներ առաջատար դիրքեր են գրավում համաշխարհային շուկայում: Ըստ Ռ. Ապրեսյանի` ԻՏՁՄ-ն ունի երկու տեսակի անդամակցություն` լիիրավ եւ ասոցացված:

Միության լիիրավ անդամ կարող են լինել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլրտում գործող իրավաբանական անձինք, որոնք ընդունում են ԻՏՁՄ կանոնադրությունը եւ կատարում են անդամի համար նախատեսված պարտավորությունները, հակառակ դեպքում կզրկվեն անդամակցությունից: Իսկ ասոցացված անդամ են դառնում բարձր տեխնոլոգիական կամ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հարակից ոլորտներում, ինչպես նաեւ ՏՀՏ ոլորտում գործող այն իրավաբանական անձինք, որոնց աշխատակազմի թիվը չի գերազանցում 15-ը եւ որոնց գործունեության երկու տարին դեռ չի լրացել:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունների շահույթ չհետապնդող, ոչ պետական կառույց: Միության հիմնադիրներն են «Միգմա», «Ալգորիթմ», «Լինկ», «Հայկական ծրագրեր», «Արմինկո» եւ «Սեդիթ» ընկերությունները: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսը, որը նվիրված է տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին ու գործնական առօրյայում դրանց կիրառմանը:

Միությունն անցկացնում է նաեւ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են` «ԴիջիԹեք» գործարար համաժողովը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը, ՏՀՏ առաջնորդների արտագնա հանդիպում-համաժողովներ:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply