Ավելացել Է զգային գրադարանի կույր կամ թույլ տեսողություն ունեցող ընթերցողների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 10:58
Հայաստանի ազգային գրադարանի` կույր եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված «Արեւ» ընթերցասրահի ընթերցողների թիվը այս ուսումնական տարում ավելացել է եւս երկուսով` հասնելով տասի: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց ընթերցասրահի գրադարանավարուհի Կարինե Հովակիմյանը: Նա նաեւ ավելացրեց, որ «Արեւի» ընթերցողները տարբեր տարիքի են. կան ուսանողներ, նաեւ` դասախոս:
Ընթերցասրահը գործում է 2007 թվականից եւ Բրայլի գրատիպով (հատուկ գրատիպ` նախատեսված կույրերի համար) գրքեր տրամադրելուց բացի, ընթերցողներին օգնում է աշխատել «Արեւ» համակարգչային ծրագրով: Գրադարանավարուհին նախ ընթերցողին սովորեցնում է օգտվել «խոսող» ստեղնաշարից, հետո վերջինս նրա օգնությամբ հավաքում է տեքստեր, որոնք համակարգիչը վերափոխում է հնչող խոսքի:
Կ. Հովակիմյանի խոսքով` ընթերցողների թիվը քիչ է, քանի որ ծրագիրը յուրացնելը սկզբում համբերություն ու ջանքեր է պահանջում, սակայն սովորելուց հետո «Արեւի» ընթերցողները հաճույքով են գալիս ընթերցասրահ: Ընթերցասրահը վերջերս սկսել է աշխատել «Արեւ-4» համակարգով, որը նախորդի նորացված տարբերակն է, ավելացել է նաեւ գրքերի թիվը: Ընթերցասրահը աշխատանքները սկսել է Բրայլի գրատիպով գրված 48 գրքով, իսկ այսօր ունի արդեն 144-ը: Գրքերը հրատարակում է Հայաստանի կույրերի միավորումը:
«Վերջերս ստացանք Սերվանտեսի «Խրատական նովելները»: Պետք է տեսնել, թե ամեն նոր գիրք ստանալիս մեր ընթերցողները ինչպես են ոգեւորվում: Ամենից շատ կարդում են Թումանյանի գործերը»,- նշեց «Արեւ» ընթերցասրահի գրադարանավարուհին:






Facebook
Tweet This
Email This Post
