Ամփոփել են ԼՂՀ հացի արտադրամասերի ստուգումների արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2010 10:52

ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում  տեղի  է ունեցել ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության և առողջապահության նախարարության համատեղ նիստ հոկտեմբեր ամսվա ընթացքում հացի արտադրությամբ զբաղվող օբյեկտներում կատարված ստուգումների արդյունքներն ամփոփելու նպատակով:

ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ նիստին ներկա են եղել  ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, նախարարի տեղակալ Սուրեն Թամրազյանը, ԼՂՀ առողջւապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը և համապատասխան ոլորտի աշխատակիցները:

Բացման խոսքով ելույթ է  ունեցել  ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը: Նա նշել է, որ անցյալ տարի էականորեն խորացվել էին հացի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պահանջները և որոշվել է նրանց տալ մեկ տարի ժամանակ թերությունները վերացնելու համար:

Սակայն այն, որ թերությունները վերացված չեն և հացի վերահսկողությունը լիարժեք չէ, կարելի է համոզվել մայրաքաղաքում ընդամենը փոքրիկ շրջայց կատարելով:

Եվ այս իրավիճակից դուրս գալու նպատակով տնտեսական զարգացման նախարարի և առողջապահության նախարարի հրամանով տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի պետական ու առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչություններին հանձնարարվեց կատարել համատեղ ուսումնասիրություններ ու ստուգումներ հացի արտադրության և իրացման ոլորտներում:

Ստուգումների ընթացիկ փուլի արդյունքները տնտեսական զարգացման նախարարությունից ներկայացրել է  նախարարության աշխատակազմի պետական տեսչության պետ Էրիկ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ ստուգումներից պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների մոտ չկան տեխնիկական հրահանգներ, մշակված ստանդարտներ, բաղադրագիր, ստուգաչափման միջոցներ: Համարյա բոլոր վաճառակետերում կան չփաթեթավորված, առանց գնապիտակների և համապատասխան մակնշումի հաց:

«Ներկա պահի դրությամբ,- նշեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը,-գործում են հացի արտադրությամբ զբաղվող 47 օբյեկտներ, որոնցից 30-ը ստուգվել են: Օբյեկտներից 4-ը փակված են, 6-ը թոնրի հացի արտադրությամբ են զբաղվում, որտեղ սանիտարա-հիգիենիտիկ պայմանները չեն պահպանվում:

Ստուգումների արդյունքում պարզվեց, որ բոլոր աշխատողների մոտ կատարված են բուժստուգումներ, մեծամասնությունն ունի համապատասխան հանդերձանք:

Ինչ վերաբերվում է հացամթերքի տեղափոխման հակասանիտարական պայմաններին, ապա տեսչության կողմից այս ուղղությամբ տարվում է աշխատանք, չնայած այստեղ էլ քիչ չեն լուրջ իրավական բացթողումները»:

Օֆելյա Հարությունյանը նաև նշել է, որ անցած տարվա համեմատությանմ  հաջողվել է շոշափելի արդյունքների հասնել:

Տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը ընդգծել է, որ ներկա փուլում կարևորագույն խնդիրը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված, նորմալ զարգացման միտում ունեցող մասնագիտացված արտադրություն ունենալն է: Իհարկե, դրան հասնելու և թերությունները վերացնելու համար ժամանակ է պետք, սակայն նախ և առաջ պետք է փորձենք պահպանել մի քանի սկզբունքներ`  որակը, քաշը և արժեքը: Պետք է ապահովենք հացի նորմալ տեսականի,հացը պետք է փաթեթավորված լինի, ունենա համապատասխան մակնշում,խանութներ առաքվի դրա համար նախատեսված հատուկ ավտոմեքենաներով:

Նշվել է, որ հացի ոլորտում ունենք օրենսդրական դաշտի թերացում`չկա հացի տեխնիկական կանոնակարգ: Առաջարկվեց ստեղծել մի այնպիսի տեխնիկական կանոնակարգ,որն իր մեջ ընդգրկի վերահսկողություն` հացի արտադրությունից մինչև իրացում, և որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին:

Վարչական ոլորտում ևս կան թերացումներ: Եվ որպեսզի օրենսդրական դաշտում հնարավոր լինի լիարժեք աշխատել,սա ևս պետք է շտկվի:

«Իհարկե,- նշել է Կարեն Եսայանը,- մեր խնդիրը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ տույժ ու տուգանքի կիրառումը չէ, այլ նորմալ հիմքեր ձևավորելը և ոլորտում շտկումներ ու կարգավորումների իրականացումը»:

Առաջարկվել է  ստուգումների արդյունքներն ու լուսանկարները մատչելի դարձնել հասարակությանը:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply