Արցախի ներդրումային հիմնադրամն այս տարվա ինն ամիսներին իրականացրել է 3.5 մլրդ դրամի ծրագրեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2010 10:14

Արցախի ներդրումային հիմնադրամը շարունակել է քայլերն` ուղղված ԼՂՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը, ԼՂՀ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման պետական աջակցության ծրագրերով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը:

Հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԼՂՀ շրջկենտրոններում հիմնադրամի կողմից կառուցվող բնակարանների եւ առանձնատների իրացման ու շրջկենտրոններում բնակվող քաղաքացիների համար առավել մատչելի պայմաններ ստեղծելու նպատակով 2010թ. մարտին մշակվել է ֆինանսական աջակցության ապահովման նոր կարգ, որը քաղաքացիներին հնրավորություն է ընձեռնում ԼՂՀ շրջկենտրոններում բնակարան ձեռք բերել` վճարելով 5 տոկոս կանխավճար, փոխառությունը կտրամադրվի 1 տոկոս տոկոսադրույքով մինչեւ 18 տարի մարման ժամկետով:»ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից 2010թ. հաստատվել է 83 հայտ` 2.6 մլրդ դրամի չափով, գործարար ծրագրերով նախատեսվում է ստեղծել 374 աշխատատեղ:

Համագործակցելով բանկերի հետ` հիմնադրամը աջակցել է 65 ՓՄՁ սուբյեկտների, նրանց տրամադրելով 1.9 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում բանկերի կողմից տրամադրված վարկային միջոցներն, ըստ գործունեության ոլորտների, ուղղվել են արդյունաբերության ոլորտին`31.7%, գյուղատնտեսության`1.0%, շինարարության` 21.1% , առեւտրին` 18.3%, ծառայությունների մատուցմանը` 27.9%»,- ասաց Ա.Միրզոյանը: Հիմնադրամն իր ծրագրերի շրջանակներում աջակցել է ԼՂՀ ՓՄՁ սուբյեկտների մասնակցությունը ԼՂՀ, ՀՀ եւ արտերկրյա մի շարք ցուցահանդեսներին, համաժողովներին ու տոնավաճառներին:Ա.Միրզոյանի խոսքերով` 2010թ. 9 ամիսների ընթացքում հիմնադրամն իր ծրագրերի համար ծախսել է 3.5 մլրդ դրամ, որից 1մլրդ 759 հազար դրամը պետբյուջեի աջակցությունն է: Հիմնադրամի ընդհանուր ներգրավված միջոցները ավելի քան 10 մլրդ դրամ են:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply