Ադրբեջանի կրթական համակարգն ամենահետամնացն է տարածաշրջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 10:07

«Ադրբեջանի ազատ տնտեսությանը օգնության հասարակական միության» փորձագետ Ռովշան Աղաեւը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել պարզելու, թե վերջին տարիներին միջնակարգ կրթության համակարգի գործունեության ապահովման համար Ադրբեջանի կառավարության որոշած իրավական մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ կատարված քայլերն ինչքանով են արդյունավետ եղել:

«Բիզիմ յոլ»-ը հայտնում է, որ այդ հետազոտության համաձայն, թեեւ ադրբեջանական կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում կրթության ոլորտում բարեփոխումների համար Համաշխարհային բանկից 35 մլն դոլարի վարկ է ստացել, սակայն, տարածաշրջանում իրեն «ամենազարգացած երկիրը» համարող Ադրբեջանի դպրոցներում յուրաքանչյուր 29 աշակերտին ընդամենը մեկ համակարգիչ է ընկնում: Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գծով Ադրբեջանի 4 546 դպրոցների համար վերապատրաստվել են ընդամենը 12 232 ուսուցիչներ, որը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 7 տոկոսը:

Փորձագետը պարզել է, որ Ադրբեջանի Հանրապետության 2 128 դպրոցներում տարբեր մասնագետ մանկավարժների պահանջ կա: Կադրերի անբավարարության պատճառով, 469 դպրոցներում օտար լեզու չի դասավանդվում, իսկ 1748 դպրոցներում 14 առարկաներ դասավանդող 4 956 ուսուցիչներ մանկավարժական կրթություն չունեն:

Ռ.Աղաեւի կարծիքով, Ադրբեջանում դպրոցները մինչ այժմ կառավարվում են խորհրդային մեխանիզմներով, ինչի պատճառով, կրթության զարգացման աստիճանով Ադրբեջանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է: Փորձագետի խոսքերով, միջին վիճակագրական շրջանավարտը դպրոցական ծրագրի ընդամենը 49-75 տոկոսն է յուրացնում: Ադրբեջանի ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողովի տվյալներով, 2009-2010 թթ-ի ուսումնական տարում ԲՈւՀ դիմած 62,5 հազար շրջանավարտներից 33,8 հազարը (54 տոկոս) անցողիկ միավորներից ցածր գնահատականներ են ստացել:

Աշակերտների միայն 0,7 տոկոսն է տիրապետում բարձր գիտելիքների: «Այն պատճառով, որ ԲՈւՀ ընդունող հանձնաժողովը ստիպված անցողիկ միավորները միջազգային նորմերից խիստ ցածր է սահմանում բնակչության 1000 հոգուն ընկնող ուսանողների թվով զարգացած երկրներից Ադրբեջանը հետ է 4-5 անգամ, զարգացող երկրներից՝ 2-3 անգամ եւ գտնվում է Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հետ նույն շարքում», -ասել է ադրբեջանցի փորձագետը:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply