Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը լկտիանում է և՛ երկրի ներսում, և՛ դրսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 5, 2010 9:15

Վերջին շրջանում Ադրբեջանի հանցագործ գործողությունները` Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից առաջ (հոկտեմբերի 26-ին) ադրբեջանական կողմի հրաձգությունը, որը հանգեցրեց ԼՂՀ պաշտպանության բանակի (ՊԲ) զինծառայողի մահվան, հոկտեմբերի 14-ին ՊԲ զինծառայողի սպանությունը ադրբեջանական դիպուկահարի ձեռքով, հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի կողմից առևանգված հայ երիտասարդի սպանությունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարներին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծից հետ քաշելու առաջարկների մերժումը Բաքվի կողմից, նպատակ ունեն ամրացնել Իլհամ Ալիևի «անզիջում» ու ազգայնական կերպարը` ադրբեջանական հանրության աչքում:

Այդ ագրեսիվ վարքագծով Բաքվի իշխանությունները տեղեկատվական անհրաժեշտ բազա են ապահովում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցության բացարձակ հաղթանակի համար:

Գալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր են Ալիևի համար, քանի որ հունիսի 18-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունների օրինագիծ ընդունեց, որը նախատեսում է ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ երկարաձգել խորհրդարանի և նախագահի գործունեության ժամկետը` ընդհուպ մինչև դրանց ավարտը: Այսինքն` հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության օրըստօրե զարգացող հնարավորությունը` կարելի է պնդել, որ Ալիևին պետք է ազգայնական ու ռազմատենչ խորհրդարան, և դա հավանական է:

Ադրբեջանի խորհրդարանը` Միլլի մեջլիսը, 125 անդամ ունի: Մինչև 2005 թ. 100 անդամն ընտրվում էր մեծամասնական ընտրակարգով, 25-ը` համամասնական, բայց 2005-ից սկսած` բոլոր պատգամավորներն էլ ընտրվում են մեծամասնական ընտրակարգով:

Ադրբեջանը “միակուսակցական” քաղաքական համակարգ ունի. իշխող կուսակցությունը «Նոր Ադրբեջանն» է, որը ներկա խորհրդարանում 61 տեղ ունի: Կուսակցությունը Ալիևը ժառանգել է հորից` Հեյդար Ալիևից, որը այդ քաղաքական ուժի հիմնադիրն էր (1992 թ. դեկտեմբերի 18-ին, երբ նա Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավարն էր): Կուսակցության գաղափարախոսությունն ազգայնական է` ադրբեջանականությունը:

Ալիևի նպատակն է` պահպանել ու մեծացնել սեփական քաղաքական հենարանը խորհրդարանում: Հանրության մեջ ժողովրդականություն վայելելու նպատակով շուրջ մեկ տասնյակ օլիգարխ հանվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության այս տարվա պատգամավորական թեկնածուների ցուցակից, բայց նրանց փոխարինած «նոր մտավորականների» նկարագիրն այնքան էլ չի տարբերվում նախորդներից:

Իհարկե, ընդդիմադիր կուսակցությունները նույնպես ներկայացված են խորհրդարանում (5 տեղով), բայց որևէ ազդեցություն չեն կարող ունենալ օրենսդրական որոշումների ընդունման վրա: Ադրբեջանի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները` «Ժողովրդական ճակատը» և Մուսավաթը, միասնական դաշինք են կազմել, բայց դրանք արդեն և՛ կազմակերպչական, և՛ հավաքագրման տեսանկյունից չափազանց թուլացել են:

Սեպտեմբերի 4-ից արդեն սկսվել է ընտրարշավը (հոկտեմբերի 15-ին թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է), բայց իրական ընտրապայքարի տրամադրություն չի զգացվում: Այնպիսի տպավորություն է, որ Մուսավաթն ու «Ժողովրդական ճակատն» ընդամենը նպատակ ունեն մտնել խորհրդարան և ներկայացուցիչ ունենալ այնտեղ:

Այնուամենայնիվ, Ադրբեջանում անցկացված հարցախույզներն ուսումնասիրելով, կարող ենք պնդել, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ սպասվում է ակտիվ ընտրական մասնակցություն: Տվյալներն, ընդհանուր առմամբ, հետևյալ պատկերն ունեն. մոտ 70 տոկոսը մասնակցելու է ընտրություններին,  մոտ 20 տոկոսը չի մասնակցելու, իսկ մնացած 10 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել, բայց մասնակցության միտում ունի:

Ամեն դեպքում, Ադրբեջանի կառավարությունն ընտրական մասնակցության բարձր տոկոսներ ցույց կտա, քանի որ դա է համարվում ժողովրդավարության առաջնային պայմաններից մեկը: Բայց թե՛ միջազգային դիտորդները, թե՛ ադրբեջանական ընդդիմությունը որևէ սպասելիք չունեն, որ իրենց ազդեցությունն ու ձայնը կարող է որոշիչ լինել ընտրություններում:

1992-ից ի վեր Ադրբեջանում կայացած ոչ մի ընտրություն ժողովրդավարական պահանջներին չի համապատասխանել. բացառություն չեն կազմի նաև գալիք խորհրդարանական ընտրությունները:

Ադրբեջանական կառավարությունն ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմության գործունեությունը, էապես սահմանափակված են նրանց եթեր դուրս գալու հնարավորությունները, դժվարություններ են ստեղծվել նաև արտասահմանցիների համար: Օրինակ` Իլհամ Ալիևի հրամանով, հոկտեմբերի 15-ից Բաքվի Հեյդար Ալիևի անվան  միջազգային օդանավակայանում օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց տրանզիտային ու կարճաժամկետ առանձին վիզաները չեն գործի: Ադրբեջան ուղևորվողները պետք է Ադրբեջանի դեսպանատանը կամ հյուպատոսարաններում նոր վիզաներ ստանան: Միայն դիվանագիտական ու պաշտոնական, նաև մի շարք այլ հատուկ դեպքերի համար նախատեսված վիզաները կարող են ընդունելի լինել, որոնց համար պահանջվում են դիվանագիտական նշումներ կամ հատուկ հրավերի նամակներ:

Նոր փոփոխությունները չեն կարող տարածվել միայն Թուրքիայի քաղաքացիների վրա, քանի որ Ալիևի` վիզայի ձևակերպման նոր կարգերում փոփոխությունների մասին հրամանի 2.1 կետի համաձայն` Ադրբեջանի ստորագրած միջպետական կամ միջկառավարական համաձայնագրերով նախատեսված դեպքերում օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն վիզա ստանալու Ադրբեջան մուտք գործելիս։ Նման միջկառավարական համաձայնագիր գործում է միայն Թուրքիայի հետ:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական կառավարությունն այս իրավական  միջոցով խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտասահմանցիների մուտքն Ադրբեջան  կրճատում է:

Ադրբեջանի կառավարությունն իրավական խոչընդոտներ է ստեղծել նաև ԶԼՄ-ների ոլորտում: Այս տարվա փետրվարին Միլլի մեջլիսն էապես վերափոխեց երկրի ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը. լրացումներ ու փոփոխություններ են կատարվել այդ ոլորտին առնչվող  հինգ օրենքում: Ուշագրավ նորությունն այն է, որ լրագրողներին արգելվում է առանց հատուկ թույլտվության նկարահանել, ձայնագրել կամ լուսանկարել:

Ադրբեջանական կառավարության ԶԼՄ-ների դեմ քաղաքականությունը նաև դրսևորվում է իրավական սահմաններից դուրս. ակտիվորեն հետապնդվում են մամուլի այն ներկայացուցիչները, ովքեր քիչ թե շատ ազատ կարծիք են հայտնում քաղաքական այս կամ այն երևույթի վերաբերյալ: Ուշագրավ է, օրինակ, հուլիսի 21-ին Մամուլի իրավունքների ինստիտուտի (MRI) ծրագրի կոորդինատոր Խալիդ Աղալիևի բերման ենթարկելը Բաքվի ոստիկանություն այն բանի համար, որ MRI-ն նախորդ օրը զեկույց էր հրապարակել` «ԶԼՄ-ների իրավական վիճակը Ադրբեջանում 2010 թ.», որում խոսվում էր Ադրբեջանի կառավարության ապօրինի գործողությունների մասին:

Աղալիևի հետապնդումը վախի մթնոլորտ ստեղծեց լրագրողների շրջանում, ինչի հետևանքները  ակներև են ընտրությունների նախօրեին: Բացի այդ, մի շարք թերթերի խմբագիրներ ամենատարբեր մեղադրանքներով դեռևս բանտերում են. օրինակ` «Ռեալնի Ազերբայջան», «Գյունդալիք Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը ձերբակալվել էր իր այն հոդվածից հետո, որում ասվում էր, թե Ադրբեջանը կարող է աջակցել ԱՄՆ-ին` Իրանի դեմ հարձակման գործում:

Կարելի է եզրակացնել, որ միջազգային հանրությունն իր դեկլարատիվ պահվածքով    շփացրել ու շփացնում է Բաքվին, իսկ վերջինս էլ ավելի է լկտիանում:

Ադրբեջանում շարունակում է իշխել մաքուր ավտորիտարիզմի սկզբունքով գործող կառավարությունը, որի գլխավոր նպատակը ավտորիտար-միակուսակցական քաղաքական համակարգի պահպանումն է Ադրբեջանում: Ալիևի «Նոր Ադրբեջանը» հենց դա է:

Դիտվել է 2032 անգամ:
Print Friendly

Leave a Reply