ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գոհ են Մոսկովյան եռակողմ հանդիպումից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2009 15:05

mar_2861Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հուլիսի 17-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը գնահատել են որպես աննախադեպ: Այդ օրը մեկնարկած բանակցային նոր փուլը ճիշտ գնահատելու համար կողմերը ժամանակ կունենան մինչև աշուն:
Մոսկովյան Բանակցությունները տևել են գրեթե 4 ժամ` 2 ժամ նախագահները բանակցել են դեմ առ դեմ, առանց միջնորդների, հետո արդեն նրանց մասնակցությամբ:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի բնորոշմամբ`առաջին անգամ կողմերը քննարկել են բանակցային փաթեթի նոր, վերջին մասը:

Մերզլյակովի խոսքով` սկսվել է այն հարցերի քննարկումը, որոնք նախկինում չեն քննարկվել: «Հենց այդ հարցերի քննարկումն էլ որոշակի տպավորություն ստեղծեց, որ չկա փոխըմբռնում»,-ասել է նա:

Ըստ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` 2 առաջնորդների զրույցը խորն էր, կոնկրետ և լուրջ: «Առաջին անգամ նախագահները մեր ներկայությամբ այդքան բաց քննարկում էին այդ հարցերը, և կարծիք էր փոխանակվում: Մյուս կողմից` չեմ ցանկանում ասել, թե ամեն ինչ շատ լավ է, և համաձայնության են հասել: Իհարկե, ոչ»,-ասել է նա: Համանախագահի հավաստմամբ` թեև նոր որոշումներ չեն ընդունվել, սակայն, մյուս կողմից, բանակցության օրակարգը հասել է այն փուլին, որ սեղանին են մնացել բարդ, մնացորդային հարցերը, որոնց շուրջ միշտ էլ դժվար է լինում համաձայնության գալ:

Բեռնար Ֆասիեի խոսքով` որքան բանակցությունները մոտենում են ավարտին, այնքան ավելի բարդ են դառնում որոշ խնդիրներ. «Հիմա մենք այդ փուլում ենք, և այդ մասին չենք կարող խոսել:

Համանախագահների տեղեկացմամբ` բանակցությանը չի քննարկվել ԼՂՀ մասնակցության հարցը. օրակարգում այդ հարցը չի եղել: Ըստ Մերզլյակովի` ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին նպատակահարմար է այն փուլում, երբ կարգավորման հիմնարար սկզբունքները հավանության կարժանանան:

«Գուցեև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքները բեկումնային չդարձան, սակայն մենք ուրախ ենք բանակցային գործընթացի ակտիվացման, հատկապես ռուսաստանյան կողմի ակտիվության համար»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` այսօր Եվրամիության «եռյակի» այցին նվիրված մամուլի ասուլիսում:

Նախարարն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների ընթացքում վստահություն է ստեղծվում բանակցային գործընթացի հաջող ավարտի հարցում:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply