Դատարանային ոդիսական. հողից զրկել են, այժմ էլ պահանջում են վերանորոգել անօրինական և փլուզված պատը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 10, 2010 9:04

Տան կողքին գտնվող ավտոտնակը հակասանիտարական վիճակ է ստեղծել

Երևանի Արաբկիր  վարչական շրջանի  Այգեկցու 30 հասցեի բնակիչներն օրերս դատարանից ծանուցագիր են ստացել, որ իրենց դեմ դատական գործ է հարուցված:  Հարևանությամբ գտնվող Ա. Խաչատրյան փողոցի թիվ 13 շենքի  բնակիչներից  Անմար Գասպարյանը Բաբայաններին մեղադրում է իր ունեցվածքը միտումնավոր վնասելու մեջ: Ըստ Գասպարյանի` Բաբայանները  դիտավորյալ քանդել են իր ավտոտնակի պատը:

Բաբայանների հարս Անուշ Դեմիրճյանը, սակայն, պնդում է, որ իրենք ավտոտնակի պատը չեն քանդել. «Դա մեր ավտոտնակի պատն էր, վթարային ավտոտնակի երեք պատերը քանդել ենք,  չորրորդը թողել ենք, քանի որ իր ավտոտնակն առանձին պատ չուներ: Բայց վթարային է, և ինքնիրեն փլուզվել է»:

Վեճի բուն էությունը հասկանալու համար պետք է հետ գնալ մինչև 2009-ի մայիս, երբ Բաբայանները դիմեցին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի ստորաբաժանում` իրենց ծնողներից ժառանգություն ստացած անշարժ գույքի պետական գրանցում կատարելու համար:

Անուշ Դեմիրճյանը պատմում է, որ խորհրդային տարիներին իրենք ունեցել են 900 քմ հողատարածք: Սակայն, երբ հարևանությամբ սկսել են բազմաբնակարան շենքեր կառուցել, իրենց հողատարածքը կրճատվել է մինչև 756 քմ: «Դե, տարածքը գտնվել է իրացման գոտում, ամուսնուս տատն ու պապը մտածել են, որ էսօր-վաղը իրենք էլ պիտի տեղափոխվեն, ուստի թույլ են տվել, որ հարևան շենքի բնակիչները մասամբ կամ ամբողջությամբ իրենց հողի վրա ավտոտնակներ կառուցեն, պայմանով, որ երբ պահանջեն, ավտոտնակները կազատեն»:

Վեճի առարկա պատը. Բաբայանները պնդում են որ այն ինքնիրեն է փլուզվել, Գասպարյանը չի հավատում այս վարկածին

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրաժարվել է Բաբայանների գույքի պետական գրանցումից` պահանջելով նախ վերացնել իրենց հողատարածքի վրա գտնվող երկու անօրինական և ինքնաշեն կառույցները: «Դե մի ավտոտնակի տերն իր տունը վաճառել գնացել էր, իր վթարային ավտոտնակն էլ այդպես թողել էր, մյուսն էլ Անմար Գասպարյանինն  էր: Մենք էլ Անմարից պահանջեցինք, որ ավտոտնակն ազատի»,- ասում է Անուշը:

Բաբայանների` ավտոտնակն ազատելու մասին պահանջին հաջորդել է դատարանի  ծանուցագիրը. Անմար Գասպարյանը դատարան է դիմել` պահանջելով օգտագործման վաղեմության հիմքով ճանաչել իր  սեփականության իրավունքը ավտոտնակի զբաղեցրած հողատարածքի նկատմամբ:

«Մենք մեր վթարային ավտոտնակի երեք պատը քանդեցինք, 4-րդը նաև Անմարի գարաժի պատն էր, թողեցինք, որ դատավարությունից հետո քանդենք»,- ասում է Անուշը` հավելելով, որ ավտոտնակը վտանգավոր էր նաև իր թոռների համար, ովքեր, չհասկանալով վթարային շենքի վտանգը, այդ տարածքում խաղում էին: Անուշը պատմում է, որ իրենց բակում կառուցված ավտոտնակը վաղուց էր խանգարում, բայց հարևանի «խաթրից ելնելով»` բան չէին ասում: «Թոռներս խաղալու տեղ չունեն, ակտիվ երեխաներ են, բայց բակում շարժվելու տեղ չկա: Բազմանդամ ընտանիք ենք, բակում լվացք փռելու տեղ էլ չունենք,  էնքան նեղվածք է,- ասում է Անուշը:- Բացի այդ, գարաժում միջատներ, կռիսներ կան, ու այդ ամենը մեր տուն է լցվում: Արդեն քանի տարի է` գիշերը հանգիստ քուն չունեմ, հսկում եմ, որ հանկարծ կռիսները երեխեքին չվնասեն: Կադաստրի պահանջը առիթ դարձավ, որ մենք էդ հարցը բարձրացնենք»:

Ամիսներ տևած դատական քաշքշուկի արդյունքում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանը վճռեց. «Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Անմար Գասպարյանի սեփականության իրավունքը  … Վ. Այգեկցու փողոցի թիվ 30 հասցեում նրա կողմից օգտագործվող ավտոտնակով ծանրաբեռնված 28,3 քմ հողամասի նկատմամբ:

Դեպի 28,3 քմ հողատարածք տանող 55,8 քմ մուտքի ճանապարհի նկատմամբ սահմանել հարկադիր սերվիտուտ»:

Բաբայանները դեմ են դատարանի վճռին և այն բողոքարկել են վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ դատարաններում: Վճիռը, սակայն, անփոփոխ է մնացել:

ՀՀ քաղ. օրենսգրքի  172-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով»:

Անուշ Դեմիրճյանը նշում է, որ իրենք ավտոտնակի զբաղեցրած հողամասից երբեք էլ չեն հրաժարվել, ընդհակառակը` իրենցը համարելով  հողամասի համար  տարիներ շարունակ հողի հարկ են վճարել: Չնայած սրան, Գասպարյանը դատարան է ներկայացրել տեղեկանք  համատիրությունից, ըստ որի` 2006-ից սկսած` վճարումներ է կատարել թիվ 13 շենքի բակում գտնվող 318 համարի ավտոտնակի համար` 18 քմ հաշվարկով: Դեմիրճյանը, սակայն, նշում է, որ իրենց բակը և հողամասը առանձին է  թիվ 13 շենքի բակից, 318 համարի ավտոտնակը և իրենց բակինը նույնը չեն. «Մեր բակի ավտոտնակի համար վճարումները համատիրությունն ընդունելու իրավունք չուներ, վարչական շրջանի կենտրոնում պիտի վճարվեր, ինչը մենք ենք արել»:

Դատարանը հողակտորը Գասպարյանին հատկացնելիս հիմք է ընդունել այն, որ Բաբայանների հայր Սիմոն Բաբայանը ժամանակին գրավոր համաձայնություն է տվել Անմար Գասպարյանին իր բակում ավտոտնակ կառուցելու համար (Սիմոն Բաբայանի ստորագրությամբ որևէ  գրություն, սակայն, դատարան չի ներկայացվել): Դատարանը եզրակացրել է, որ Սիմոն Բաբայանը ավտոտնակ կառուցելու համաձայնություն տալով` հրաժարվել է հողի նկատմամբ իր իրավունքներից:  «Մեզանից պահանջեցին ապացուցել, որ սկեսրայրս գրավոր համաձայնություն չի տվել: Է, որ չի տվել, ո՞նց ապացուցենք»,- ասում է Անուշը: Դատարանը հողից հրաժարվելու հիմք է համարել նաև այն, որ Բաբայաններն Անմար Գասպարյանից 1973-ից մինչ օրս հողն օգտագործելու համար վարձավճար չեն պահանջել, չի եղել նաև տարածքն ազատելու պահանջ:

Գործի իրավաբանական եզրակացությունում փաստաբան Արամ Կարախանյանը նշել է. «Սիմոն Բաբայանի համաձայնությունը վերաբերել է հողատարածքի ժամանակավոր օգտագործմանը, որը չի ենթադրում հողատարածքի այդ հատվածի նկատմամբ իրավունքներից հրաժարում»:

Բաբայանները, սակայն, պնդում են, որ իրենց հայրը երբևէ գրավոր համաձայնություն չի տվել, այլապես իրենք` Սիմոն Բաբայանի զավակները, այդ մասին տեղյակ կլինեին: Ուսումնասիրությունների շնորհիվ նրանք դատարան ներկայացված  Սիմոն Բաբայանի համաձայնության  մասին պնդող արխիվային փաստաթղթում և բնօրինակի միջև էական տարբերություններ են բացահայտել, ինչի մասին դիմում-բողոք են ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնից, սակայն, մերժվել է քրեական գործի հարուցումը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Արխիվային փաստաթղթերն ուսումնասիրած ոստիկանները պարզել են, որ 1985-ին մահացած Սիմոն Բաբայանը 1990-ին գրավոր համաձայնություն է տվել, որ Անմար Գասպարյանը իր բակում` իր տնից 15-20 մետր հեռավորության վրա,  ավտոտնակ կառուցի (ավտոտնակը կառուցվել է 1973-ին և Բաբայանների պնդմամբ` տնից 3-5 մետր է հեռու):

Չնայած դատարանի որոշմանը` Բաբայանները թույլ չեն տալիս Գասպարյանին իրենց բակով ավտոտնակ մտնել. «Մեր բակը փակել ենք, թույլ չենք տալիս, որ մեր բակով անցնի դառնա իր  մեքենայով: Միշտ  գիշերվա կեսին էր գալիս, բակում աղմուկ գցում, բոլորի քունը խանգարում էր: Ինչքա՞ն թոռներիս  պատի տակ քաշեմ, որ հանկարծ մեքենայի տակ չընկնեն: Ինքը մեր հողը մեր ձեռքից խլի, մեզ էդքան  վատություն անի, էլի թողնենք մեր բակով անցնի՞»:

Երբ Բաբայանները հրաժարվել են դատարանի վճիռը կատարելուց, Անմար Գասպարյանը նորից դատարան է դիմել, սակայն այս անգամ Գասպարյաններին մեղադրում է իր ավտոտնակի պատը քանդելու մեջ: «Մեկ տարի է` չեն թողնում իմ սեփականությունից օգտվել: Չեմ էլ ուզում օգտվել, իրենց հետ շփվել, սեփականություն է, թող մնա»,- ասում է Գասպարյանը: Նրա պնդմամբ` իր ավտոտնակի պատը Բաբայաններն են քանդել հուլիսի սկզբներին, և կա վկա. «Իրենց բակի մյուս ավտոտնակի և իմ ավտոտնակի միջև միջնապատ է եղել, անհիմն են իրենց պնդումները, թե սա իրենց պատն է, կամ որ վթարային էր և ինքնափլուզվել է»: Գասպարյանն ասում է, որ ինքը դատարանով փոխհատուցում չի էլ ուզում. «Եկել են ու իմ վնասը 27 հազար դրամ են գնահատել, դա հեքիաթային թիվ է: Թող իմ պատը վերանորոգեն, ինձ փոխհատուցում պետք չէ»:

Ի հակադրություն Անմար Գասպարյանի` Անուշ Դեմիրճյանը պնդում է, որ այդ պատը ինքնափլուզվել է, և այդ վիճակում է եղել դեռևս հունիսին:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply