Նոր համալրում, նոր սպասելիքներ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 18, 2010 5:40

2011-ի մարտին կանցկացվեն մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերը: Իսրայելում կայանալիք 6-րդ խմբի մրցաշարին, տանտիրուհիների հավաքականից բացի, կմասնակցեն նաև Հոլանդիայի, Ռումինիայի, Հայաստանի ներկայացուցիչները: Մերոնք լրջորեն են նախապատրաստվում այդ փորձությանը: Սեպտեմբերից Հայաստանի հավաքականը, մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի գլխավորությամբ,  եռանդուն մարզումներ է անցկացնում: Թիմի անդամները շաբաթական  5 օր պարապում են: Մարզումները կազմակերպվում են մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի, Շենգավիթի և Արաբկիրի համայնքների մարզադպրոցների դահլիճներում:

Նախապատրաստվողներից 11-ը 16 տարեկան  են, 8-ը` 15 տարեկան: Կան շնորհալի, հեռանկարային խաղացողներ: Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի հավաքականի կազմը կարող են ուժեղացնել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիները: Ինչպես հայտնի է, 2010-ի սկզբին Ֆրանսիայում հիմնվել է «Աջակցություն հայկական հանդբոլին» կազմակերպությունը, որի նշանաբանն է՝ «Մեկ ազգ, մեկ հավաքական»: Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հանդբոլի հավաքական թիմերը, փաստորեն, համալրում են  արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները: Այդ ամենն արվում է անշահախնդիր  և մեծ խանդավառությամբ: Անգամ հայերեն երկու բառ չիմացող մեր հայրենակիցները սիրով են պաշտպանում եռագույնի պատիվը, խաղահրապարակում կռիվ տալիս հեղինակավոր մրցակիցների հետ:

Իսկ արդյունքներն ակնառու են: Ֆրանսիայում բնակվող հանդբոլիստուհիներով համալրված Հայաստանի հավաքականը Իսրայելում հաջող մասնակցեց «Չելենջ տրոֆի» միջազգային խոշորամասշտաբ մրցաշարին: Սեպտեմբերին Վանաձորում կազմակերպված Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարում  Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներով ուժեղացված Հայաստանի տղամարդկանց հավաքականը, հաղթելով Իրանի, Վրաստանի  բարձրակարգ խաղացողներ ունեցող ընտրանիներին, և զիջելով միայն Բելառուսի ուժեղ հավաքականին, խմբում գրավեց 2-րդ տեղը:

Եվ ահա, նոր սպասելիքներ, քանի որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կրկին ուժեղացնելու են Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիները: Ընդ որում, սելեկցիոն լուրջ աշխատանք է կատարվել, մեկ տասնյակ թեկնածուներից ընտրվել են առայժմ միայն հինգը:  Դա բարդ գործընթաց  է, քանի որ աղջիկները սովորում են, դժվար է նրանց դասերից կտրելը, մրցումների տանելը: Բացի այդ, ծնողներն այնքան էլ հեշտությամբ չեն համաձայնվում, որ երեխաներն իրենցից հեռու խաղերի մեկնեն: Եվ դա բնական է: Դժվարություն հարուցող հանգամանք է նաև այն, որ  ընտրյալները Ֆրանսիայի տարբեր քաղաքներից են: Մասնավորապես, դարպասապահ Մարգո Թերզյանը (հասակը` 175 սմ), Նորմանդիայից Է: Մյուսները խաղահրապարակի տարբեր գծերի հանդբոլիստուհիներ են: Մարի-Ասթրիդ Միրաքյանը (175 սմ), որը շատ բարձրակարգ մարզուհի է, ներկայացնում է Վուարոն քաղաքը: Լիոնից, Փարիզից, Մարսելից են Նոյեմի Մուրադյանը (174 սմ), Ֆամի Աբրահամյանը (171 սմ), Սաշա Բոյաջյանը (174 սմ):

Ի դեպ,նոյեմբերի 5-ին Ֆրանսիայից Երևան է ժամանելու Պատրիկ Օթամյանը: Նա Հայաստանի հավաքականի մարզիչներից է: Հստակեցվելու են, թե ինչպես են առաջիկայում համակարգվելու նախապատրաստական աշխատանքները: Հնարավոր է, որ Հայաստանի հավաքականը համալրվի  դրսից հրավիրված նոր խաղացողներով: Իսկ նպատակն այն է, որ մեր հանդբոլիստուհիներն արժանավայել ներկայացնեն մեր երկիրը Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում, որտեղ վիճակահանությամբ շատ ուժեղ հակառակորդներ են բաժին հասել:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply