Ադրբեջանցիներից վրեժը լուծելու առիթ չեղավ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 10, 2010 1:00

Մարզասերները տեղյակ են, որ  Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Երևանի «Միկայի» կանանց և տղամարդկանց թիմերը զբաղեցրել են 3-րդ և 11-րդ տեղերը: Մրցավայրից վերադարձից հետո կատարվածի մասին խնդրեցինք տպավորությունները պատմել «Միկա» շախմատի ակումբի գործադիր տնօրեն, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:

– Առաջին անգամ չէր, որ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքը հյուրընկալում էր շախմատի խոշորամասշտաբ ստուգատեսի մասնակիցների: Մասնավորապես, մեր երկրի մարզասերները հիշում են, որ 2005-ին այստեղ է անցկացվել Եվրոպայի թիմային առաջնությունը, և Հայաստանի հավաքականի շախմատիստուհիները գրավել են առաջին տեղը: Բայց չպետք է անտեսել, որ այն ժամանակ ամեն հավաքականի կազմում երկու խաղացող կար, մինչդեռ ներկայումս օլիմպիադաներում և մյուս ստուգատեսներում կանանց թիմերի կազմերում խաղում է 4 մարզուհի: Ինչևէ, Հայաստանի շախմատիստուհիներն ուրախացան, երբ կազմակերպիչները չկարողացան մասնակիցներին տեղավորել հինգաստղանի «Նով օթել» հյուրանոցում, որտեղ էլ պետք է անցկացվեին խաղերը. այդ օրերին հյուրանոցում իջևանել էին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Նրանք Բուլղարիայում զորավարժանքներ էին անցկացնում, և հյուրանոցում բնակվում էր 300 զինվորական: Ի դեպ, շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը  ստուգատեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ կատակեց, որ շախմատիստներն ապահով են, քանի որ ամբողջ ՆԱՏՕ-ն պաշտպանում է նրանց: Եվ նա հյուրանոցում մնացող բոլոր զինվորականներին մեկական շախմատ նվիրեց: Դա խորհրդանշական էր: Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ի նշանաբանն է՝ «Բոլորս մեկ ընտանիք ենք»: Եվ ցանկալի է,  որ բոլորը համերաշխ շախմատ խաղան,  ոչ թե զբաղվեն պատերազմելով: Եվ քանի որ «Նով օթելը» զբաղված էր, ապա առաջարկվեց մասնակիցներին տեղավորվել մի քանի այլ հյուրանոցներում:  2005-ի Եվրոպայի առաջնությունում  մեր շախմատիստուհիները մնացել էին «Մարիցա» հյուրանոցում, բացի այդ, այն շատ մոտ էր մրցավայրին, և Հայաստանի ներկայացուցիչները սիրով ցանկություն հայտնեցին իջևանել «Մարիցայում»: Թերևս դա էլ հոգեբանորեն նպաստեց, որ մարզուհիները լավ խաղան և արդյունքի հասնեն: Մրցաշարը լավ էր կազմակերպված, և ոչ մի խնդիր չառաջացավ:

Իրո՞ք, մեր պատվիրակությանը խանգարող ոչ մի հանգամանք չի՞ եղել:

– Հայաստանի ներկայացուցիչները հիմնախնդիրներ ունեին Բուլղարիա հասնելու հենց առաջին օրվանից: Բանն այն է, որ երբ տեղ հասանք, մրցավայրում չէր Հարիկա Դրոնավալին,  նա Հնդկաստանից ավելի շուտ պետք է գար Պլովդիվ և մեզ դիմավորեր: Նա ժամանելու էր Հայդարաբադ-Բոմբեյ-Լոնդոն-Սոֆիա-Պլովդիվ երթուղով: Բայց Հարիկան Լոնդոն էր հասել մի փոքր ուշացումով և Սոֆիա մեկնող ինքնաթիռը բաց էր թողել: Ծանր վիճակում էինք այն առումով, որ եթե նա չկարողանար ժամանակին տեղ հասնել, ապա Հայաստանի հավաքականին պարտություն կգրանցվեր, քանի որ պահեստային խաղացող չունեինք: Բարեբախտաբար, մեր միջնորդությամբ Հարիկան Բուխարեստ մեկնեց, այնտեղից էլ խաղից մի քանի ժամ առաջ` գիշերվա ժամը 2-ին, հասավ մրցավայր: Այս առումով նաև բարդ իրավիճակում էր հայտնվել Լևոն Արոնյանը: Մեր թիմի առաջատարին սխալմամբ հայտնել էին, որ նա մուտքի վիզայի կարիք չունի: Բայց վերջին պահին պարզվել էր, որ դա անհրաժեշտ է: Խնդիրը ծագել էր շաբաթ օրը, երբ Բուլղարիայի դեսպանատունը փակ է: Այնպիսի իրավիճակ էր, որ մինչև բոլոր հարցերը լուծվեին, ապա Արոնյանն իր թիմակիցներին կարող էր միանալ միայն 4-րդ տուրում: Փաստորեն, թյուրիմացության պատճառով նա ուշացումով էր գալու: Բայց դարձյալ ջանքեր գործադրվեցին, բացառության կարգով շաբաթ օրը դեսպանատան դռները բացվեցին, և նրա վիզայի հարցը կարգավորվեց: Ինչ խոսք, որոշ չափով նյարդային մթնոլորտ, լարվածություն առաջացավ: Բայց կարելի է ասել, որ այդ ամենը էական ազդեցություն չունեցավ, չխանգարեց մեր թիմերի մրցելույթներին: Թեև Արոնյանը չմասնակցեց առաջին տուրին, սակայն մեր թիմը 5,5:0,5 հաշվով հաղթեց Լուգանսկի համանուն ակումբին: Երկրորդ տուրում Արոնյանը մասնակցեց մրցամարտին: Մեր թիմը հաղթեց Իսրայելի «Բեր Շևային», Արոնյանն էլ առավելության հասավ Գելֆանդի մարզիչ Հուզմանի նկատմամբ: Այդ խաղը վճռորոշ էր, քանի որ Արոնյանը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների պայքարում ուժերը չափելու է Գելֆանդի հետ: Ընդհանրացնելով Հայաստանի ներկայացուցիչների  մրցելույթները` հայտնեմ, որ մեր երկու թիմերից էլ գոհ եմ:

Նախ, անդրադառնանք մարզուհիներին:

– Խոսք լինել չի կարող, որ մեր մարզուհիները գերազանց անցան փորձությունը, քանի որ ծանր մրցաշար էր, ուժեղ թիմեր կային և դրանց թիվը շատ էր: Եվ առաջին անգամ մեր թիմը հանդես էր գալիս համեմատաբար ավելի հայկական կազմով: Նախկինում, երբ «Միկան» դարձել էր Եվրոպայի չեմպիոն, մեծ դեր էին ունեցել թիմի կազմում ընդգրկված վրացուհիներ Մայա Չիբուրդանիձեն և Նինո Խուրցիձեն: Սակայն այս անգամ խաղում էր միայն Դրոնավալին: Բացի այդ, երեք խաղատախտակների վրա մերոնք բարձր տեղեր գրավեցին: Լիլիթ Գալոյանն առաջինն էր 4-րդ խաղատախտակների առջև հանդես եկողների պայքարում: Դրոնավալին  և Լիլիթ Մկրտչյան էլ իրենց խաղատախտակների վրա երկրորդն էին: Այս մարզուհիները խաղում էին համապատասխանաբար 2-րդ, 3-րդ խաղատախտակների առջև: Մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանն առանց պարգևի մնաց միայն այն պատճառով, որ նա խաղում էր թիմի շահերից ելնելով, և երբ մրցամարտերի ընթացքում տեսնում էր, որ այն վատ վիճակում է, համարձակ քայլերի էր դիմում և այրում բոլոր կամուրջները:

Սակայն, հակասական գնահատականներ են տրվում մեր շախմատիստների արդյունքին: Այն բավարար համարելը դժվար է:

– Ի դեպ, եթե վերջին տուրում մեր շախմատիստները հաջողության հասնեին, հնարավոր է, որ նույնիսկ նրանք 2-րդ տեղում հայտնվեին: Սակայն դժգոհելու առիթ չկա,   քանի որ թիմը շատ միասնական էր: Ընդ որում, գրեթե բոլոր տուրերում Հայաստանի ներկայացուցիչները վերջինն էին ավարտում մրցամարտը: Այսինքն` բոլոր խաղացողները պայքարում էին մինչև վերջին հնարավորությունը: Խաղացողներից ոչ ոք չէր ընտրում կարճ ճանապարհը և պարտիան արագ ոչ-ոքի ավարտում: Պայքարելու, բարձր տեղ գրավելու ցանկությունը մեծ էր: Եվ եթե ինչ-որ բան չստացվեց, պետք է բացատրել այն հանգամանքով, որ սպորտում ամեն բան հնարավոր է: Ուժեղ թիմերի պայքարում բարձր տեղեր գրավելը դժվար է:  Ըստ երևույթին մեր շախմատիստները վատ են սովորեցրել մարզասերներին: Մանավանդ շախմատի  երկու օլիմպիադաներում տարած հաղթանակներից հետո մեր մարզիկներից ակնկալում են շատ բարձր արդյունքներ: Մերոնք պայքարում են առաջին տեղի համար, սակայն միշտ չէ, որ հնարավոր է նպատակին հասնել: Ի դեպ, Ադրբեջանը ներկայացրել էր մի թիմ («Սոկար»), որի վարկանիշը 2737 էր: Դա ֆանտաստիկ ցուցանիշ է: Ընդ որում, աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովն այդ թիմում հանդես էր գալիս որպես 6-րդ  շախմատիստ: Այդ թիմի կազմը դրսից համալրել էին  նաև Ալեքսեյ Շիրովը, որը վերջերս հաղթել էր Չինաստանում կազմակերպված գերմրցաշարում, Ալեքսանդր Գրիշչուկը, որը հիանալի մարզավիճակում է: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի հավաքականի առաջատարներ Մամեդիարովը և Ռաջաբովը ներկայումս շատ բարձր խաղամակարդակ ունեն, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի հզոր թիմ էր ներկայացել մրցավայր: Եվ  50 տոկոսով հրավիրված խաղացողներ ունենալով` այդ թիմը գրավեց միայն 4-րդ տեղը: «Միկան» ուժեղագույնների մեջ միակ թիմն էր, որ խաղում էր առանց արտասահմանից հրավիրված լեգեոնականների: Եվ, այդուհանդերձ, մեր թիմի հետ խաղալն անցանկալի էր բոլոր հակառակորդների համար: Եթե վիճակահանությունը որևէ թիմի դուրս էր բերում «Միկայի» դեմ, ապա մրցակիցներն անկեղծորեն խոստովանում էին, որ բախտները չի բերել: Սակայն իրոք ինչ-որ բան չստացվեց: Եվրոպայի թիմային առաջնությունից առաջ Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադան բացահայտեց, որ մեր թիմի խաղացողներից Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը լավ մարզավիճակում չեն: Պլովդիվում նրանք կայուն խաղ ցուցադրեցին, սակայն չկարողացան թիմին շատ միավորներ բերել: Արման Փաշիկյանը, որ լավ շախմատ է խաղում, չկարողացավ սայթաքումներից խուսափել: Նրան  անհրաժեշտ է բարելավել ֆիզիկական պատրաստականության մակարդակը: Ի դեպ, մեր 7 շախմատիստներից 5-ը բարելավեցին իրենց վարկանիշը: Փայլուն խաղաց առաջատարը` Արոնյանը, ոչ միայն արդյունքի (6 հնարավորից` 4,5 միավոր), այլևս ստեղծագործական առումով: Նա տպավորիչ հաղթանակներ տարավ: Ցավալի էր միայն, որ Լազնիչկայի հետ խաղում («Նովի Բոր», Չեխիա) նա ձեռքից բաց թողեց հաղթանակը և բավարարվեց խաղաղ արդյունքով: Դա 5-րդ տուրում էր, որից հետո էլ սկսվեց մեր թիմի անհաջողությունների շարքը: Այդուհանդերձ, առաջին խաղատախտակի առջև հանդես եկողների պայքարում Արոնյանը գրավեց առաջին տեղը, և հայկական շախմատի  ու իր մարզական տարեգրությունում առաջին անգամ վարկանիշով անցավ 2800-ի սահմանը: Իսկ Զավեն Անդրիասյանը 6-րդ խաղացողների պայքարում գրավեց 3-րդ տեղը:

Ֆինանսական պարգևներ կայի՞ն:

– Այո, սակայն դրանք մեծ չէին: Մրցանակակիր դարձած «Միկայի» կանանց հավաքականը որպես պարգև ստացավ 1800 եվրո: Ամենաբարձր պարգևը հանձնվեց տղամարդկանց պայքարում հաղթած ռուսական «Էկոնոմիստին»` 10 հազար Եվրո: Արոնյանը 1-ին տեղը գրվելու համար հարստացավ 800 եվրոյով: Մարզուհիների մրցաշարում առանձին խաղատախտակների վրա աչքի ընկնողների համար համեմատաբար ցածր պարգևներ էին սահմանված:

Կա՞ր մտահոգող որևէ հանգամանք:

– Որոշ թիմերի կազմում միայն լեգեոնականներ էին: Մասնավորապես, Բելգիան ներկայացնող կանանց ակումբի կազմում չէր խաղում այդ երկրի ոչ մի շախմատիստուհի: Ադրբեջանի տղամարդկանց թիմի կեսը օտարերկրացիներ էին:

Լա՞վ էր, որ վերջինիս հետ Հայաստանի ներկայացուցիչները չմրցեցին:

– Չգիտեմ, թե ում համար էր դա լավ: Սակայն վերջին օլիմպիադայում կրած պարտությունից հետո, մեր շախմատիստները ցանկանում էին անպայման մրցել ադրբեջանցիների հետ և վրեժը լուծել: Բայց երկու երկրների ակումբների ճանապարհները չհատվեցին: Ի դեպ, Շախմատի Եվրոպայի միության ներկայացուցիչները  ցանկություն հայտնեցին, որ մրցամարտ անցկացվի Անդրկովկասի և Բալկանյան երկրների հավաքականների միջև: Շարժառիթն այն է, որ երկու տարածաշրջանների երկրների միջև լարվածություն կա, և այդ ճանապարհով,  թերևս, հնարավոր դառնա մթնոլորտն ավելի բարեկամական դարձնել: Արոնյանը հայտնեց, որ պատրատ է գլխավորել Անդրկովկասի հավաքականը:

Սնունդը մրցավայրում նորմա՞լ էր:

– Այո, բայց այն  մի քիչ միօրինակ էր, քանի որ հիմնականում հավի մսով կերակուրներ էին հրամցվում: Այդ է պատճառը, որ մերոնք գերադասում էին ընթրել տարբեր ռեստորաններում, որպեսզի բազմազանություն լինի:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply