Մի ծաղկով գարուն չի գա

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | նոյեմբերի 8, 2010 0:42

Անսալով հայրենի իշխանությունների` հայրենիքում  ամառային հանգիստը անցկացնելու հորդորին` մտերիմներով օգոստոսյան մի գեղեցիկ օր  հայրենի բնության գրկում  անցկացնելու որոշում կայացրինք: Երևանից մինչև Իջևան հասանք,  բայց ո՛չ բնության գրկում, ո՛չ էլ ճանապարհներին սնկի պես աճած «օբյեկտներում» դադար առնելու տեղ չգտանք: Ուշ երեկոյան հոգնած, հիասթափված տուն վերադարձանք:  Բոլոր հարմարավետ  տարածքները մեր ճարպիկ մարդիկ իրենցով են արել, մի «բուտկա», տաղավար դրել, փշալարի մեջ առել ու այսպես կոչված՝ «ծառայություն» մատուցելու համար «թվեր են  կրակում»:  Բախտ է, մեկ էլ տեսար` կպավ:

Անտառ չես կարող մտնել՝ փող են ուզում: Իջևանից վերադառնալիս որոշեցինք Պարզ լիճ մտնել: Քանի որ սա էլ  Հայաստանում է, ուստի զերծ չէր նաև «փշալարային» հիվանդությունից: Լճի մի կողմում փշալարն էր, մյուսում` օբյեկտները, որի տերն էլ իր օրենքներն ուներ: Տարածք մտնել, նստել, ուտել հնարավոր էր միայն հանգստյան գոտու  ռեստորանում, իսկ  հանգրվանելու համար՝  նախապես պետք է պատվիրվեր: 12 կմ ճանապարհ պետք է անցնես, որպեսզի պարզես,  որ անկոչ հյուր ես, հետևաբար՝ տեղ չունես: Միակ մխիթարությունն այն էր, որ մենք միակ խաբված ու ձախորդ հովեկները չէինք: Ցեխի ու փոշու մեջ թաղված հարյուրավոր մեքենաների հանդիպեցինք Պարզ լճի ճանապարհին, բայց  գեթ մեկ ցուցանակ այդպես էլ չգտանք, թե ճանապարհն ուր է տանում:

Վրացական պաշտոնական աղբյուրի վերջերս արած հայտարարության համաձայն` այս տարի 400 հազար հայ է հանգստացել իրենց երկրում: Թե որքանով ենք հարստացրել այդ երկրի բյուջեն, վրաց իշխանավորներն արդեն հաշվել են և արդյունքից էլ գոհ են: Թեև  մեր իշխանավորներն էլ արդարանալու տեղ ունեն. «Է~հ,  մենք հո ծով չունենք»: Ծով չունենք, բայց Սևանա լիճ ունենք, որով սիրում ենք առիթ-անառիթ հպարտանալ: Ավաղ, այսօր Սևանա լիճն էլ  փշալարերի հետևում է: Ամեն քայլափոխի ժանգոտ փշալարեր են կամ քարե ցանկապատեր, փող ուզող «զոնա նայողներ»: Չորսբոլորը կեղտ, կեղտ: Ոչ  մի խնամք, ոչ մի ծառայություն: Մի հարցնող լինի` ով է իրավունք տվել ինչ-որ արկածախնդիրների վաճառելու մեր ազգային հարստություները: Եթե վարձակալությամբ են վերցրել, ապա որևէ պարտավորություն չունե՞ն: Գոնե հետևեն մաքրությանը, ճանապարհները բարեկարգեն կամ գոնե մի ցուցանակ դնեն: Ով հասցրել է, մի բան ճանկել է ու սոված գայլի նման քամում է թե՛ մեր բնությունը, թե՛ ժողովրդին:

Պարզվում է` Հայաստանում յուրաքանչյուր հայ ոչ միայն Սևանին մոտենալու խնդիր ունի, այլև եթե որևէ ձորում  նույնիսկ մի պղտոր առու է հոսում, էլ չեմ խոսում լճի ու ջրվեժի մասին, ապա դա, անշուշտ, որևէ մեկի գոտին է և փշալարով պատված: Դուռը կբացվի միայն «մուծվելու» դեպքում:

Հովհարային անջատում  կամ բացովի-փակովի ջրվեժ… Նման բան լսած կամ տեսած կա՞ք: Եթե ոչ, ապա համեցեք Շաքիի ջրվեժ: Սկզբում մենք էլ զարմացանք ու չհավատացինք: Այն էլ ասեմ, որ եթե ուզում եք այն տեսնել իր վեհությամբ, ապա մինչ մայրամուտ այցելեք, իսկ մայրամուտից հետո այն  մի բարակ առու է հիշեցնում:

Օրն արդեն իրիկնանում էր, երբ այնտեղ հասանք, բայց բնության այդ հրաշք գեղեցկությանը հասնելու համար նախ պետք է հաղթահարեինք փշալարե «պատնեշը», որի դարպասին ծուլորեն մոտեցավ  «զոն նայողն» ու հիշեցրեց, որ պետք է վճարենք: Սակայն մեր բախտը երկու անգամ բերեց: Այդ պահին մոտեցավ մի ջիփավոր, և  փշալարե  դարպասն իսկույն բացվեց, որից հետո պահակն  ասես բարիացավ ու մեզ էլ ներս թողեց, բայց առանց ավտոմեքենայի: Երկրորդ` քիչ անց հիշեց, որ արդեն  6-ն է մոտենում, ու էլ ավելի բարիացավ. «Լավ, մեքենայով գնացեք,  եթե ոտքով գնաք, ջրվեժը  չի  հաջողվի տեսնել, քանի որ կտրվելու ժամանակն է»:  Մինչ մեր միկրոավտոբուսը կայանատեղի կհասներ, ծանրութեթև  էի անում «զոն նայողի» խոսքը: Իսկ եթե իրոք այդպես է, գուցե այդ առումով էլ առաջինը լինենք, ինչպես Տաթևի ճոպանուղու դեպքում: Չէ՞ որ  հովհարային ջրվեժ ունենալն ամեն մարդու բան չէ:

Ինչևիցե, լեռնագնացի հմտությամբ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, մի կերպ հասանք ջրվեժին, որն արդեն մարում էր,  և այն տպավորությունը չէր թողնում, ամենևին  ցնցող չէր : Տարածքը մարդաշատ էր: Այդ ամենից հետո ինձ մնում է օբյեկտի տերերին մի բարի խորհուրդ տալ. մարդ եղեք ու գոնե մի ոտնաչափ ճամփա բացեք, նոր միայն փող պահանջեք, թե չէ գետն ընկնելու հավանականությունը մեծ է, թե չէ՝ վերցրած գումարը կոկորդներիդ կմնա:

Հիշեցնեմ, որ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս- արևմուտք: Ջրվեժի բարձրությունը 18 մ Է: Ջրի հիմնական հզորությունն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում: Թե այն երբվանից է նոր դերի մեջ մտել, ինձ չհաջողվեց պարզել:

Այնպես որ, նրանք, ովքեր իրենց ողջ կյանքում գեթ մեկ ծառ չեն տնկել, հիմա մեր ձորերի, անտառների, լճերի տերն ու տնօրենն են: Ամեն մեկի ձեռքին մի կացին կա, կուզի՝ ծառը կկտրի, կուզի…

Այս իրավիճակով ինչպե՞ս ենք  հավակնում դառնալու տուրիստական երկիր: Մի ծաղկով` Տաթևով, գարուն  չի գա:

Ամալյա  ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1510 անգամ:

Leave a Reply