Հայ օպերատորը` վրացական փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 6, 2010 12:00

Հայաստանում նրա  «Ոսկե աչքը» քչերին է հետաքրքրում

«Ոսկե աչք» օպերատորների միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիրն այս տարի մեր հայրենակից, օպերատոր Մկրտիչ Մալխասյանն է: Փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ անցկացվում է Վրաստանում, իր շուրջն է համախմբում հեռուստատեսության և կինոյի ոլորտի առաջատար օպերատորներին աշխարհի տարբեր երկրներից:

Մրցույթի արդյունքներն ամփոփվել են հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում, և հայ օպերատորը, հաղթանակի դափնին ձեռքին, մեծ ոգևորությամբ վերադարձել է հայրենիք և այդ մասին առաջինը հայտնել լրատվամիջոցներին: սակայն վերջիններս երևի համարել են, որ դա այնքան էլ կարևոր իրադարձություն չէ լուսաբանելու համար:

«Երբ փառատոնից վերադարձա, ոգևորությամբ զանգեցի բոլոր լրատվամիջոցներին և հայտնեցի իմ հաղթանակի մասին»,-պատմում է օպերատորը: Բացի այդ, իրադարձությունը հաղորդագրության տեսքով տարածել է նաև «Կինեմատոգրաֆիստների միությունը», որի անդամ է նաև Մկրտիչը, սակայն, ցավոք, ընդամենը մի քանի ինտերնետային լրատվամիջոց և երկու թերթ է արձագանքել այդ լուրին: «Նեղանալու առիթ չունեմ, բայց փոշմանելու առիթ ունեմ,- ասում է Մկրտիչը,- քանի որ ֆիլմը չեմ ներկայացրել Ամերիկայի կողմից, ու հնարավոր է նաև, որ  ֆիլմի պրոդյուսերների հետ խնդիրներ ունենամ»:

Բանն այն է, որ գլխավոր մրցանակը ստացած «Նորան» ոչ թե հայկական, այլ ամերիկյան ֆիլմ է: Մկրտիչն ամերիկյան այդ ընկերության հետ համագործակցում է դեռևս 2006-ից, և միասին պատրաստվում են արդեն չորրորդ ֆիլմը նկարահանել: «Նորան» այդ համագործակցության շրջանակներում ստեղծված երկրորդ ֆիլմն է: «Քանի որ փառատոնում գնահատվում է միայն օպերատորական աշխատանքը, իսկ օպերատորը ես եմ, ապա ինչո՞ւ չպետք է ֆիլմը ներկայացնեմ Հայաստանի կողմից»,-մտքում ասել է Մկրտիչն ու առանց երկար-բարակ մտածելու` ֆիլմը փառատոնին ներկայացրել Հայաստանի անունից (փաստորեն խոսել է ոչ թե չոր բանականությունը, այլ փխրուն հայկականությունը):

«Պատկերացնում եմ` ինչ հաջողություններ ու ինչ առաջընթաց կունենայի, եթե այդ հաղթանակը տանեի Ամերիկա»,-ասում է Մկրտիչը` հիշելով անցյալ տարի լոսանջելեսյան մի փառատոնում ամերիկյան ֆիլմում օպերատորական լավագույն աշխատանքի համար ստացած մրցանակը, որը չուներ այն կշիռն, ինչ այս փառատոնի հաղթանակն է, սակայն ինչքա՜ն լուրջ նշանակություն է ունեցել այն իր ստեղծագործական առաջընթացի գործում:

Վրացական «Ոսկե աչք» փառատոնին այս տարի մասնակցել են 27 երկրների ներկայացուցիչներ` հարյուրից ավելի ֆիլմերով: Հայաստանից տասը ֆիլմ է ներկայացվել, որոնք, սակայն, ոչ մի մրցանակի չեն արժանացել: «Այս տարի նոմինացիաների մեծ մասը գնաց Եվրոպա` Գերմանիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա,- թվարկում է Միքայելը,- երկու անվանակարգում հաղթանակ տարավ Վրաստանը, և Հայաստանը` «Գրան պրին»: Ժյուրիի ադրբեջանցի անդամը, որ նույնպես ֆիլմին ամենաբարձր գնահատականն է տվել, չի մնացել փառատոնի փակմանը. «Ադրբեջանցին հեռացել էր, որովհետև Գրան պրին տարել էր Հայաստանը, հետաքրքիր է` մեր հայրենակից ժյուրիի անդամը նույն կերպ կվարվե՞ր»,-տարակուսանքով հարցնում է նա:

Մկրտիչը նշում է, որ նույն ադրբեջանցիները, որ անցյալ տարի այդ փառատոնից ինչ- որ անշուք մրցանակ էին տարել, այնպիսի փիար էին անում` կարծես գլխավոր մրցանակն էին շահել: «Եթե ինտերնետում որոնեք այդ ադրբեջանցու անունը, հազարավոր նյութեր կգտնեք, իսկ եթե փորձեք իմ անունը որոնել, այս փառատոնի հետ կապված ոչ մի հայկական նյութ չեք գտնի»: Ի դեպ,  Վրաստանում այդ հաղթանակի մասին տեղյակ են պահել նաև Հայաստանի դեսպանատանը, որտեղից, սակայն, ոչ ոք չի մասնակցել փառատոնին:

Վրաստանը փառատոնի շրջանակներում հյուրեր է ընդունել գրեթե ողջ աշխարհից. «Փառատոնն ուղիղ եթերով հեռարձակվում էր Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ,- պատմում է օպերատորը,- «Նորան» ցուցադրվեց դահլիճում և բուռն արձագանք ստացավ, երևի չէին էլ սպասում, որ հայի մատ կա խառը: Հարցազրույցներ տվեցի բազմաթիվ տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների, այդ թվում նաև` Բի-բի-սի-ին: Իսկ վրացական հանրային հեռուստատեսությունը օրերս ցանկություն է հայտնել ֆիլմը ցուցադրել և ֆիլմի մասին հաղորդում պատրաստել»:

Մկրտիչը նաև հիշում է, որ 2008-ին Նյու Յորքում ֆիլմի անդրանիկ ցուցադրությունից հետո (որն այնքան բուռն ու շռնդալից անցավ, որ հայ օպերատորի հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս) համոզել է ռեժիսորներին ու պրոդյուսերներին ֆիլմի երկրորդ ցուցադրությունը կազմակերպել Հայաստանում: Մի քանի օր անց նրանք Մկրտիչի ուղեկցությամբ ժամանեցին Հայաստան. «Ֆիլմի դիտմանը հրավեր ուղարկեցինք մեր կինոաշխարհի բոլոր պրոֆեսիոնալներին, մշակույթի նախարարության ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին,- պատմում է Մկրտիչը,- ցուցադրմանը ներկա էին երեք-չորս լրագրող, կինոյի ոլորտի չորս-հինգ ներկայացուցիչ»: Ահա այն ողջ հետաքրքրությունը, որ առաջացրել է ֆիլմը հայաստանյան միջավայրում:

«Նորան» «դանս ֆիլմ» է, որի գործողությունները տեղի են ունենում պարի միջոցով: Այն նկարահանվել է 2008-ին, Մոզամբիկում: Ֆիլմը երեսունից ավելի մրցանակ ունի: Ֆիլմի հերոսուհին` Նորան, մի աղջիկ է, որ ծնվել և մեծացել է Զիմբաբվեում և դաժան փորձությունների միջով անցնելով` դարձել Նյու Յորքի ամենահայտնի պարուհիներից մեկը:

Ֆիլմի հայտնի ռեժիսորներից  մեկը` Դեյվիդ Հինտոնը, այդ շրջանում ուսումնասիրելիս է եղել Փարաջանովին ու սիրահարվել փարաջանովյան կինոյին, իսկ մյուս ռեժիորը` Ալլա Կովգանը, տարված է եղել հայազգի մեկ այլ նշանավոր դեմքով`կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանով: Եվ ինչպես Մկրտիչն է ասում, ֆիլմում զգացվում է երկու մեծ հայերի ազդեցությունը: «Երբ ինձ ընտրում էին որպես ֆիլմի օպերատորի, շատ կարևոր եղավ այն հանգամանքը, որ ես եղել եմ Ալբերտ Յավուրյանի աշակերտը,- պատմում է Մկրտիչը,- իսկ Յավուրյանը եղել էր Փարաջանովի վերջին ֆիլմերի օպերատորը»:

Ի դեպ, վերջին անգամ հայկական կինոօպերատորության մեջ նման հաղթանակ գրանցվել է խորհրդային տարիներին, շնորհվել է հենց Յավուրյանին՝ «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի օպերատորական աշխատանքի համար:

Մկրտիչը կարծում է, որ այս հաղթանակը մի փոքր քայլ է Հայաստանի կինոօպերատորության  վարկը բարձացնելու համար, քանի որ հայ իրականության մեջ  օպերատորի գործի արժեքը շատ է հասարակացել, և դրան առանձնապես լուրջ չեն վերաբերվում: Նա նաև նշում է, որ Հայաստանում կինոյի ոլորտի ներկայացուցիչներին ստեղծագործելու ազդակ են հաղորդում ոչ թե նյութական, այլ հոգևոր գործոնները, որոնք, սակայն, նույնպես կոտրվում են նման դեպքերից հետո: «Բնական է, որ շատերը,  տեսնելով այդ վերաբերմունքը, այլևս շահագրգռված չեն լինի ներկայացնել իրենց աշխատանքներն այդպիսի փառատոներում,- ասում է օպերատորը,- մեր կինոն, առանց այն էլ, լավ վիճակում չէ, և յուրաքանչյուր հաղթանակ, անգամ ամենափոքրը, շատ կարևոր է մեզ համար, և ես սպասում էի, որ արձագանքը Հայաստանում ավելի ջերմ կլինի»:

Դիտվել է 2145 անգամ:
Print Friendly

Leave a Reply