Գովազդի առաջին փառատոնը Հայաստանում. ոմանք մի լավ վայելեցին, ոմանց համար էլ «պոպոքը» փուչ դուրս եկավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 4, 2010 15:25

Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Popok» գովազդի միջազգային փառատոնը, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել գովազդի ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ: Նրանք ընդգրկված էին ոչ միայն ժյուրիի կազմում, այլև վարպետության դասեր ացկացրեցին ոլորտի հայ մասնագետների համար:

Սակայն փառատոնի ամենակարևոր մասը մրցույթն էր. «Բոքսում մինչև մարտը բոլորն ասում են` ես եմ ուժեղը, ես եմ ուժեղը: Ուժեղը նա է, ով ուժեղ է նաև մարտից հետո: Այս մարտը ցույց կտա, թե ով ով է գովազդի դաշտում: Եվ արդեն ավելի թույլերը կձգտեն հավասարվել ուժեղներին»,- փառատոնի բացման ժամանակ նշել է փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Իսկ թե ովքեր էին ուժեղները, պարզ դարձավ հոկտեմբերի 30-ին` փառատոնի փակման ժամանակ. կոմերցիոն գովազդի գլխավոր մրցանակը ստացավ Ուկրաինայի, սոցիալական գովազդինը` Լատվիայի ներկայացուցիչը, իսկ Հայաստանն ընդհանուր առմամբ աչքի չընկավ հաղթանակներով. առաջատար դիրքերում էր միայն հայկական ռադիոգովազդ ներկայացրած միակ ռադիոկայանը` «Ռադիո Վանը»:

«Ռադիո Վանի» հաղորդավար Եգոր Գլումովը, որ նաև ժյուրիի անդամ էր, կարծում է, որ նման փառատոների անցկացումից հետո գովազդի որակը զգալիորեն բարձրանում է. «Բոլոր նորմալ երկրներում գովազդի փառատոներ անցկացվում են: Վրաստանում, օրինակ, երկու նման փառատոն է անցկացվել: Եվ եթե մենք համեմատենք վրացական գովազդն ու մերը, ցավոք սրտի, վրացականն ավելի բարձր է»,-նշում է նա:

Գլումովը, սակայն, կարծում է, որ խնդիրը գովազդի դպրոցի բացակայությունը չէ. «Ինչպես լրագրողի համար պարտադիր պայման չէ լրագրողական մասնագիտություն ստանալը, այնպես էլ գովազդի դեպքում ընդամենը պրակտիկա է պետք,- կարծում է նա,-  պետք է ունենալ գովազդի լավ դպրոց, բայց ոչ դպրոց, որտեղ հատուկ գովազդ են սովորեցնում: Պետք է նաև կրեատիվ լինել: Իսկ եթե լինեն լավ օրինակներ, կլինեն նաև լավ հետևորդներ»:

Ժյուրիի մեկ այլ հայազգի անդամ, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի կարծիքով` գովազդի դպրոց չունենալը Հայաստանի ցավոտ կողմերից է. «Գովազդը մեզ համար նոր բան է, մենք նոր ենք մտնում այդ ոլորտ,- ասում է նա,- այս փառատոնում ամենակարևոր խնդիրն էր ներկայացնել մարդկանց, ցույց տալ, թե ինչպես պետք է աշխատել, որովհետև գովազդը միայն սիրուն աղջիկ նկարելը չէ, գովազդը փիլիսոփայություն է, մի մեծ կոլեկտիվի գործ: 25-րդ կադրն էն է, որ մնում է գլխիդ մեջ. մենք հենց դա պետք է սովորենք»:

Ժյուրիի հիմնական կազմը բաղկացած էր արտասահմանցիներից, ովքեր ժամանել էին Մեծ Բրիտանիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Վրաստանից, Լատվիայից, Ռուսաստանից, իսկ վարպետության դասեր անցկացնելու համար  հրավիրվածներ կային նաև Ղազախստանից, Ուզբեկստանից ու Բելառուսից:

Մրցույթին ներկայացվել է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 400 աշխատանք, մինչդեռ տեղական ընկերությունները մոտ 170 աշխատանք են ներկայացրել: Այս ամենն իսկապես շատ ոգևորիչ է, եթե մանավանդ հաշվի առնենք, որ այս փառատոնը հայկական գովազդի պատմության մեջ առաջինն է, սակայն ինչպես փակման արարողության ժամանակ նշեց Գլումովը, քննադատությունը հետո կհնչի:

Փառատոնի կազմակերպչական աշխատանքներից դժգոհ էր, օրինակ, «Պերսոնա գրատա» գովազդային ընկերության նախագահ Տիգրան Համբարձումյանը (ընկերությունը փառատոնին ներկայացրել էր մի գովազդային հոլովակ և մրցանակ շահել): Նրա խոսքով` «Մոսկվա» կինոթատրոնում մրցույթին ներկայացված հոլովակների ցուցադրության ժամանակ հնարավորություն չէին տալիս հանդիսատեսին մինչև վերջ դիտելու հոլովակները. «Կադրերն առաջ էին տալիս,- ասում է նա,- դա խայտառակություն էր, էդպիսի բան աշխարհում չես տեսնի: Դահլիճից բղավում էին: Եվ ամենավատն այն էր, որ այդ ամենին  ականատես էին լինում օտարերկրացիները»,-ասում է Համբարձումյանը:

Երբ նա փորձել է պարզաբանել այդ արարքը, պատասխանել են, թե հոլովակներն առաջ են տվել, որովհետև կինոդահլիճը զբաղեցնելու ժամանակը սուղ է եղել: «Այ քեզ պատճառաբանություն, էդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի ընդհանրապես չցուցադրել»,-զարմանում է նա:

Սակայն դա դժգոհելու միակ պատճառը չէր: Համբարձումյանը նաև պատմում է, որ փառատոնի կազմակերպիչներն իրենց հայտնել են, թե բացման արարողությանը մասնակցելու հրավիրատոմսը կարող են ստանալ «Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղից, սակայն այնտեղ ոչ մի հրավիրատոմս չի եղել. «Գալիս ենք հրավիրատոմսը վերցնելու, տոմսավաճառն ասում է` մեզ մոտ նման բան չկա ու ավելացնում, թե այդ հարցով իրենց արդեն շատերն են դիմել»,-պատմում է նա:

Ի դեպ, փառատոնի ավարտին ներկաներին փոքրիկ թղթի կտորներ հանձնվեցին` մի երկու տողով գրելու փառատոնից ստացած տպավորությունների մասին: Քանի որ այդ թուղթն ընդամենը խորհրդանշական բնույթ  ուներ,  դրա վրա հնարավոր չէր ամբողջությամբ ներկայացնել տպավորությունները, հոդվածում ներկայացնում ենք մեր նկատած թերությունները  ԶԼՄ-ների հետ աշխատանքների առումով` բնավ նպատակ չունենալով քարկոծել փառատոնը, այլ այն նկատառումով, որ հաջորդ անգամ այդ հարցերին ավելի լուրջ վերաբերվեն:

Նախ` մինչև փառատոնի ամփոփումն այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե ինչ աշխատանքներ են ներկայացվել մրցույթին և ովքեր են դրանց հեղինակները, մինչդեռ այդ աշխատանքները պետք է հասանելի լինեին ոչ միայն ժյուրիի անդամներին, այլև հանրությանը: Ճիշտ կլիներ, եթե դրանք, օրինակ, հնարավոր լիներ դիտել փառատոնի կայքում:

Իսկ երբ փորձեցի փառատոնի կայքից տեղեկություններ քաղել նաև մրցույթի արդյունքների մասին, պարզվեց, որ հայերեն ոչինչ չկա. ողջ տեղեկատվությունը հրապարակված էր միայն անգլերեն:

Լավ չէր կազմակերպվել նաև փառատոնի փակման արարողությունը. կես ժամ ուշ սկսված միջոցառման ժամանակ Գլումովը, որ վարում էր միջոցառումը, ստիպված էր ստանձնել նաև կոորդինատորի գործառույթներ, քանի որ ոչ մի կերպ չէր ստացվում մրցանակների հանձնման արարողությունը:

Բացի այդ, միջոցառումը հիմնականում անցկացվում էր ռուսերեն, և հաղորդավարները հայերեն թարգմանում էին` ըստ հայեցողության:

Մի նկատառում ևս.  այնպիսի տպավորություն էր, որ փառատոնի երիտասարդ ներկայացուցիչներն այնքան էլ լավ չեն տիրապետում փառատոնի ողջ տեղեկատվությանը. երբ փառատոնի բացման ժամանակ փորձեցի մանրամասներ ճշտել հաջորդ օրը տեղի ունենալիք մամլո ասուլիսի վերաբերյալ, աշխատակիցներից մեկն ասաց, որ ասուլիս չի լինելու, մյուսը հակադարձեց, թե լինելու է, բայց  չգիտի, թե որ ժամին, երրորդն էլ ավելացրեց, թե կիմանա, կասի ու մինչև հիմա ասում է:

Ի՞նչ կտա այս փառատոնը մեր գովազդին, ցույց կտա ապագան, և եթե ոլորտի մասնագետներն այդքան վստահ են, որ նման փառատոները բարձրացնում են գովազդի որակը, ապա պետք է մտածեն նաև այդ փառատոները պատշաճ մակարդակով կազմակերպելու մասին, որպեսզի հաջորդ անգամ նույն օտարերկրյա մասնագետներին հրավեր ուղարկելիս մերժում չստանան:

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply