Վերանայվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման սկզբունքները
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | November 4, 2010 15:22
Ազգային ժողովը նախորդ շաբաթ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով վերանայվում են ժամանակավոր անաշխատունակության` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, հղիության ու ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտների հաշվարկման և վճարման կարգն ու սկզբունքները:
Մասնավորապես, ըստ փաթեթում ներառված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծի, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի, վարձու աշխատողի նպաuտը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, և այդ գումարը գործատուին չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ներկայումս գործատուն, վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա, սոցիալական վճարների հաշվին վճարում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ և հետագայում հաշվանցում կատարում պետական բյուջե փոխանցվող սոցիալական վճարներից:
ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս հարակից զեկուցողը` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, պարզաբանել է. «Պետությունը հայտարարում է` գործատու, ես տեսնում եմ, որ մարդիկ շատ են օգտվում ժամանակավոր անաշխատունակության իրավունքից 2-3 օրով, դրա համար հստակ կարգավորվում է հետևյալ խնդիրը. առաջին պայմանը, որ մարդը հիվանդանալու դեպքում չի կորցնում իր եկամուտը, այն փոխհատուցվում է»: Երկրորդ պայմանը, ըստ նրա, կարգավորվում են գործատու և վարձու աշխատող հարաբերությունները. 3 օրը գործատուն վճարում է իր միջոցների հաշվից: «Սա նրա համար է, որպեսզի անպատասխանատու մարդկանց նկատմամբ գործատուն կարողանա իր վերաբերմունքը դրսևորել»:
Հիմնական զեկուցողը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության կարծիքով` օրենքի նախագիծը «կարող է ավելի լավ պայմաններ ստեղծել մասնավոր գործատու-պետություն, նաև մասնավոր գործատու-վարձու աշխատողներ հարաբերությունների համար»: Նշվել է նաև, որ «վերջին տարիներին ժամանակավոր անաշխատունակության նպաստների հետ կապված դինամիկան անընդհատ աճում է», և շատ դեպքերում հարաբերությունները կարգավորվում են ի հաշիվ պետության: Փոխնախարարը նաև պարզաբանել է ընտրված նոր սկզբունքը. «Քննարկումների արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացության, որ խնդիրը պետք է լուծվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»: Ըստ նրա` 2009 թ. տվյալների հիման վրա իրականացված հաշվարկով առաջին օրվա համար անաշխատունակության նպաստի ընդհանուր չափը, որը չի վճարվելու, շուրջ 187 մլն դրամ է, 3 օրը, որ վճարվելու է գործատուի հաշվին, շուրջ 540 մլն դրամ է: Այսինքն` մոտավոր հաշվարկներով կառավարությունը, ի հաշիվ վարձու աշխատողի և գործատուի, կտնտեսի 730 մլն դրամի կարգի գումար:
Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է հղիության և ծննդաբերության նպաստին: Այս դեպքում պետությունը, թեև վարձու աշխատողի նպաuտը վճարում է ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվանից սկսած, սակայն օրենքում ամրագրում է, որ եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» oրենքով uահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամuական աշխատավարձի հնգապատիկից: Հաշվի առնելով, որ 2010 թ. նվազագույն ամuական աշխատավարձի չափը սահմանված է 30 հազար դրամ, կնշանակի 150 հազար դրամը գերազանցող միջին ամuական աշխատավարձի կամ եկամտի դեպքում հղիության և ծննդաբերության նպաստառուի` պետությունից ստացվելիք գումարը, համեմատած ներկայումս գործող հաշվարկման կարգի, նվազելու է: Բացի այդ, վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստը տրվելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար: Գործող օրենքով նպաստը տրվում է արձակուրդի ժամանակաշրջանի օրացուցային օրերի համար:
Փաթեթում ներառված «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ կառավարությունը հստակեցնում է, որ ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հարկվում են եկամտահարկով:
Որպես հիմնավորում նշվում է, որ, ըստ այդմ, բացառվում է ավելի բարձր չափի նպաստ ստանալու հնարավորությունը, «քան այն աշխատավարձի չափը, որն անձը կստանար աշխատելու դեպքում»:
Ընդունված օրենսդրական փաթեթը, ՀՀ նախագահի կողմից ստորագրվելու դեպքում, ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից և կտարածվի այդ օրվանից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:
Նշենք, որ օրենսդրական փաթեթի ընդունմանը դեմ քվեարկեցին ընդդիմադիր` ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները: Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության անունից հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել հասարակության մեջ` «կապված հղիության և ծննդաբերության նպաստի մեծությունն անիրավաչափորեն սահմանափակելու հետ»: Բացի այդ, ըստ նրա, այս փոփոխություններով կառավարությունը հրաժարվում է որդեգրած քաղաքականությունից, որն ամրագրված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային փաստաթղթերով: Նա տեղեկացրեց, որ շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են ԱԺ հանձնաժողովներին և հանրապետության նախագահին` «կասեցնելու այս արատավոր օրենսդրական նախաձեռնության ընթացքը»: «Ելնելով այս ամենից և կարևորելով մայրության պաշտպանության անհրաժեշտությունը մեր երկրում և ժողովրդագրական քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը, ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այս փաթեթին»,-հայտարարել է դաշնակցական պատգամավորը:
«Եթե նախագահը հետևողական լինի իր և իշխող կոալիցիայի նախընտրական խոստումների հարցում, ես կարծում եմ` դրական կարձագանքի ՀԿ-ների առաջարկին»,- քվեարկությունից հետո, ի պատասխան մեր հարցին, ասաց Ա. Մինասյանը: Դաշնակցական պատգամավորն ընդգծեց, որ այս փոփոխություններով կասեցվում է մայրության պաշտպանության հարցում նախկինում արձանագրված առաջընթացը: Ըստ նրա` կառավարության հիմնավորումը, թե իբր շատ են այն դեպքերը, երբ հղի կինն արձակուրդից մեկ ամիս առաջ գրանցվում է որևէ գործատուի մոտ բարձր աշխատավարձով և բյուջեից մեծ գումար ստանում, ինչը հնարավոր չի լինում վերահսկել, առնվազն աբսուրդ է: «Եթե նույնիսկ այդպես է, մայրությունը պետք է պաշտպանվի, և պետք է խրախուսվի նոր անձանց ծնունդը ժողովրդագրական վիճակի բարելավման տեսանկյունից: Վերջապես, վարչարարությունը բարելավելն ավելի նպատակահարմար է, քան ժողովրդագրության զարգացմանը հարվածելը»,- ասաց Ա. Մինասյանը:
Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
