Մարտունեցի 14-ամյա Սևակը հպարտանում է, որ 400 «դրուզյա» ունի «ադնակլասնիկում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 20, 2009 14:31

«Ինտերնետը շփման համար հարմար միջոց է,- ասում է Մարտունի քաղաքի հումանիտար քոլեջի ուսանող Վաղինակը,- Որ աղջկան մոտենում եմ, թողնում-փախչում ա, չեմ ու չում ա անում, իսկ ինտերնետով ում հետ ուզենամ, կարամ խոսեմ, անգամ իրական կյանքում չեմ ու չում անող աղջիկների հետ. ինտերնետը շատ եմ սիրում»:

14-ամյա Սևակը տան ինտերնետն օգտագործում է հիմնականում խաղեր բեռնելու և ծանոթությունների կայքեր մտնելու համար. «400 հատ դրուզյա ունեմ ադնակլասնիկով, բայց նաև mail.ru-ի չաթն եմ մտնում»:

Մարտունիում գործող ինտերնետ ակումբներում կարելի է տեսնել միայն երեխաների և երիտասարդների. երեխաները խաղում են, երիտասարդները ծանոթությունների կայքերում են:

«Նայի` ի~նչ սիրուն աղջիկ ա, արի սրան դրուժիտ տամ, հետը կխոսեմ», «հա, փորձի, որ պատասխանեց, կխոսցնենք».հիմնականում նման զրույց են տանում ինտերնետ-ակումբներում հավաքված դպրոցականները:

Մարտունիում վերջին 8 տարիների ընթացքում կտրուկ աճել է ինտերնետ օգտագործողների թիվը, ընդլայնվել է նաև ինտերնետի հասանելիությունը: Ինտերնետ ապահովող ընկերություններից մեկը, օրինակ, ունի 210 բաժանորդ:

Քաղաքի բնակիչներին 1-ին անգամ ինտերնետը հասանելի է դարձել 2001-ին՝ թիվ 2-րդ դպրոցում բացված համակարգչային կենտրոնում: «Սկզբնական տարիներին մարդիկ չգիտեին էլ, թե ինտերնետն ինչ է, համակարգիչը միայն որպես խաղի միջոց էր ընկալվում»,-ասում է դպրոցի համակարգչային կենտրոնի աշխատակից Էլմիրա Խաչատրյանը:

«Հիմնականում ժամանցային և ծանոթությունների կայքեր են մտնում,- ասում է Խաչատրյանը,- մի քանի տարի առաջ գերակշռող էր ICQ-ն , իսկ հիմա Odnoklassniki.ru կայքն են շատ այցելում»:

Խաչատրյանն ասում է, որ երբեմն-երբեմն նաև ուսանողներ են գալիս համակարգչային կենտրոն՝ ինտերնետից ուսումնական նյութեր,  ռեֆերատներ և կուրսայիններ գտնելու, սակայն «շատերն ինտերնետ օգտագործելիս դժվարանում են, խնդրում են օգնել, խորհուրդ տալ, թե ուսումնական նյութեր ինչ կայքերից կարելի է գտնել»:

Երիտասարդները, ըստ Խաչատրյանի, ինտերնետ քիչ են օգտագործում ֆինանսական խնդիրների պատճառով. եթե երիտասարդն ամիսը մեկ-երկու անգամ է գալիս, նստում է 15-20 րոպե ու անընդհատ ժամացույցին է նայում, հասկանալի է դառնում, որ ֆինանսական խնդիրներ ունի:

Մարտունեցի 20-ամյա Աննան, ով չի աշխատում, ասում է, որ ամսվա ընթացքում, երբ գումար է ունենում, ինտերնետ ակումբ է գնում. «Մեյլս եմ ստուգում, ընկերներիս, Ռուսաստանում ապրող հարազատներիս նամակներ գրում, դե, մեկ-մեկ էլ ծանոթությունների էջ եմ մտնում կամ իմ սիրած երգիչների ու դերասանների նկարներն եմ քաշում»:

Դիտվել է 2203 անգամ:
Print Friendly

Leave a Reply